Աշտարակի ոստիկանության բաժնում ահավոր պատկերի հանդիպեցինք․ Գեղամ Մանուկյան
«Երեկոյան Աշտարակի ոստիկանության բաժնում ահավոր պատկերի հանդիպեցինք»,-այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով իր այցը Աշտարակի ոստիկանության բաժին, որտեղ Երևանից տեղափոխվել են նախօրեին Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ։
Մանուկյանը տեղեկացրեց, որ Աշտարակում է իր գործընկեր պատգամավոր Արման Ղազարյանի հետ և ստիպված է ուղիղ եթեր մտել մի քանի արձանագրում անելու համար։
Մանուկյանի խոսքով՝ «նախօրեի այն ձերբակալվածներին, որոնց տեսնելն ահավոր է ստացած վնասվածքների պատճառով, Երևանի ոստիկանության բաժիններից և Քննչականից տեղափոխել են Երևանից փոքր ինչ հեռու»։
«Վիրակապերով, դեմքերն ամբողջությամբ այտուցված, կարմրած, մարդիկ կարմիր ու սև բերետավորների՝ ողնաշարին ուղղված հարվածներից դժվար են քայլում։ Այստեղ շտապօգնության մեքենա է կանգնած, մեր պնդումով ոստիկանության աշխատակիցները երկու ձերբակալվածի համար կանչել են, խոսքը Ալեքսեյ Պալմուշովի և Արմեն Աբրահամյանի մասին է»,-ասաց Մանուկյանը։
Նրա պնդմամբ, երկուսն էլ ամբողջությամբ վիրակապված են, երկուսն էլ շատ ծանր հարվածներ են ստացել։
«Նրանք այն վիճակում են, որ պետք է տեղափոխվեն հիվանդանոց ամբողջական նեղ մասնագիտական հետազոտության, որովհետև այն հարվածները, որ ստացել է Արմեն Աբրահամյանը կամ Ալեքսեյ Պալմուշովի դեմքն ամբողջությամբ կարմիր ու սև բերետավորների քացիների՝ սմբակների հետքերի մեջ է ու ամբողջ մարմինը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։