Ալիևը կօգնի Փաշինյանին, որ ՀՀ-ում արտակարգ դրություն կամ պարետային ժամ մտցնի. Մենուա Սողոմոնյան

Ժամանակին՝ 2008 թվականին, Նիկոլ Փաշինյանի ոգին փառավորվում էր, երբ քաղաքացիները հարվածում էին ոստիկաններին, ժամանակին նա քաղաքացիներին կոչ էր անում քարերով «զինվել» ընդդեմ ոստիկանների, իսկ այսօր այդ նույն մարդը հայտարարում է, որ խաղաղ ցուցարարներին ջարդած, խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ օգտագործած ոստիկանները գործել են իրավաչափ, և, եթե նորից պետք լինի, նույնը կկրկնեն։ Դա ասում է այն դեպքում, երբ ոստիկանները խախտել և խախտում են մարդու հիմնարար իրավունքը՝ հավաքներ անցկացնելու մասին։ Դա ասում է այն դեպքում, որ բացահայտորեն խախտվել են մի շարք միջազգային իրավանորմեր, որոնց, ի դեպ, չկա միջազգային արձագանք։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողություններին՝ բիրտ ուժի, հատուկ միջոցների կիրառմանն ու դրան՝ Նիկոլ Փաշինյանի արձագանքին, նման տեսակետ հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: Ինչ վերաբերում է միջազգային հանրության լռությանը, մեր զրուցակիցը դա պայմանավորեց մի մի շարք գործոններով։

«Փաշինյանի կառավարումը բխում է բոլորի շահերից. նա բոլորի կարիքները բավարարում է. օրինակ՝ պետք է Ռուսաստանի համար անել մի բան, որ գլխացավանք չառաջացնի այդ երկրի համար, դա անում է, Արևմուտքին պետք է կոնֆլիկտ չլինի՝ Հայաստանի զիջումների հաշվին՝ դա անում է, Թուրքիային և Ադրբեջանին ինչ պետք է, անում է։ Այո՛, կարճաժամկետում Փաշինյանն այս կողմերի համար ձեռնտու գործիչ է, բայց երկարաժամկետում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններն էլ հասկանում են՝ Փաշինյանը պետք եղած դեպքում իրենց «գցելու» է»,- ասաց Սողոմոնյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Փաշինյանն առավելապես աջակցություն է ստանում Ադրբեջանից, և պատահական չէր այսօր ադրբեջաական կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը, թե, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Հաճախ ներքաղաքական լարված իրավիճակներում սահմաններին լարվածության վերաբերյալ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն է դաշտ նետվում՝ անհրաժեշտության դեպքում էսկալացիա հրահրելու համար, որպեսզի դրանով հիմքեր տան Փաշինյանին՝ ռազմական դրություն կամ արտակարգ դրություն, պարետային ժամ երկրում մտցնելու համար։ Պարզից էլ պարզ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ աջակցում են Փաշինյանին»,- ասաց Սողոմոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս