
Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը՝ ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում են Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած բազմամարդ հանրահավաքը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքը սկսվեց աղոթքով և Հայաստանի օրհներգի համատեղ կատարմամբ։ «Միջոցառումը, որին մասնակցում է մի քանի տասնյակ հազար մարդ, հեռարձակվում է տեղական լրատվական ԶԼՄ-ների կողմից։ Դրանից հետո մոնիտորը ցուցադրել է հատուկ ջոկատայինների գործողությունները քննադատող մի պատմություն։
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի ցույցերը երկրում սկսվել են այն բանից հետո, երբ լուրեր հայտնվեցին Բաքվի և Երևանի համաձայնության մասին Տավուշի մարզում սահմանների սահմանազատման շուրջ։ Փաստորեն, Երևանը համաձայնել է Բաքվին փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող չորս գյուղեր, որոնք 1990-ականներից գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան Ադրբեջանին տարածք միակողմանի փոխանցելու մեջ»։
РИА Новости-ին ևս լուսաբանում է Հանրապետության հրապարակից հնչող ամենակարևոր հայտարարությունները։
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով գլխավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի շարժումը, ռուսերեն և անգլերեն լեզուներով միջազգային հանրությանն ուղղված տեսաուղերձում ասել է, որ երկրի իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը»,- գրել է ռուսական լրատվամիջոցը, մեջբերելով սրբազանի խոսքը, որ մայիսին Կիրանց և Ոսկեպար գյուղերից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր հանրային լայն աջակցություն է վայելում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում։
«Խոշոր հանրահավաք՝ Երևանում» վերտառությամբ լուր է գրել ադրբեջանական Haqqin.аz-ը, որը կարճ լուրի հետ միասին նաև տեսանյութ է հրապարակել։