
Բաքուն չի ճանաչում Հարավային Օսեթիայում անցկացված ընտրությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն այսօր՝ հունիսի 9-ին, հայտարարություն է տարածել Հարավային Օսեթիայում անցկացվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Պաշտոնական Բաքուն նշել է, որ «հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում 2024 թվականի հունիսի 9-ին Վրաստանի Ցխինվալի շրջանում տեղի ունեցած այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև դրանց արդյունքները»։
Ադրբեջանն ավանդաբար նման հայտարարություններ է անում Աբխազիայում և Հարավային Օսեթիայում՝ Ռուսաստանի և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված միջազգային հարաբերությունների երկու սուբյեկտների ընտրությունների ժամանակ։
Ինչպես հաղորդում է EADaily-ն, Հարավային Օսիայի VIII գումարման խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում այս կիրակի։ Բուն հանրապետությունում բացվել է 71 ընտրատեղամաս, մեկական՝ Վլադիկավկազում և Մոսկվայում։