Արցախցի 2 երեխայի ողբերգական մահվան մասին «Վերա» ֆիլմը հնարավորություն է աշխարհին ցույց տալ հումանիտար աղետն Արցախում. կինոռեժիսոր

2023 թվականի հուլիսին, երբ շրջափակված Արցախի խաղաղ բնակիչները հումանիտար աղետի մեջ էին, երբ մեծ ու փոքր՝ սննդի, էլեկտրաէներգիայի, գազի բացակայության պայմաններում, իրար օգնելով՝ փորձում էին առկա խնդիրները հաղթահարել, երկու մանկահասակ երեխաների մահվան բոթը տարածվեց ու ցնցեց բոլորին՝ Արցախում և Հայաստանում: Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար աղետին դիմակայում էին 30 հազարից ավելի երեխաներ։

Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից 30-ամյա Վերա Նարիմանյանը 2023 թվականի հուլիսի 7-ին 3 և 6 տարեկան տղային ու աղջկան թողել էր տանը քնած, ու ոտքով շտապել էր Մարտակերտ՝ երեխաներին սնունդ հայթայթելու համար։ Մոր դուրս գալուց հետո երեխաներն արթնացել էին և որոշել էին ոտքով գնալ մոր հետևից, երկար քայլելուց հետո, հոգնած երեխաները ճանապարհին կայանած մեքենան էին նստել ու քնել: Որոնումներից մի քանի ժամ հետո փոքրիկներին գտել էին մահացած հենց այդ նույն մեքենայի մեջ։

Այս ողբերգական դեպքը ցնցել էր նաև «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին, և դեպքից անմիջապես հետո նա որոշել էր ֆիլմ նկարահանել երեխաների մոր՝ Վերայի անունով։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում կիոռեժիսորն ասաց, որ «Վերա» ֆիլմի նախնական նկարահանումները մեկնարկել են, նախատեսված է, որ սեպտեմբերի սկզբին նկարահանումներն ավարտված կլինեն։

«Ֆիլմն ամբողջությամբ խաղարկային է, ֆիլմում հնչելու է Մարտակերտի բարբառը։ «Վերա» ֆիլմում վերարտադրել ենք Մարտակերտն ու Աղաբեկալանջ գյուղը։ Դերասանական անձնակազմի 90 տոկոսից ավելին արցախցիներ են, նրանց մեծ մասն Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Այս իմաստով դերասանների ընտրությունը, ֆիլմի նկարահանումները շատ էմոցիոնալ են անցնում, այսինքն՝ մարդիկ կրկին վերապրում են իրենց ապրած ողբերգությունը։

Թերագնահատել այս ֆիլմի ազդեցությունն Արցախի հարցի և արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցի վրա՝ անհնար է, որովհետև ֆիլմում ներգրավված են միջազգային մասնագետներ: Նկարահանումներն իրականացնում ենք Լյուքսեմբուրգի, Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ»,- նշեց Հովհաննես Գալստյանը։

Կինոռեժիսորի վստահեցմամբ՝ ֆիլմի նպատակն է՝ իրական պատմության հիմքով արվեստի ստեղծագործությամբ աշխարհին ներկայացնել արցախյան ողբերգությունը և հումանիտար աղետի մասշտաբները։ Ցավոք, մինչև այս պահը ֆիլմի աշխատանքներին հայկական կողմից մասնակցություն չկա, ասինքն՝ չկա ֆինանսավորում ո՛չ պետական, ո՛չ մասնավոր հատվածներից, մինչդեռ հայկական արտադրության ֆիլմում պետք է 30 տոկոս ֆինանսավորում ապահովվեր։ Իհարկե, սա խնդիր է, սակայն Հովհաննես Գալստյանը համոզված պնդում է, որ այդ խնդիրը չի կարող կասեցնել կամ խոչընդոտել ֆիլմի նկարահանումները։

«Սա ինձ համար չափազանց կարևոր ու եզակի ֆիլմ է, այնպիսի թիմ է հավաքված, որ կարողանանք ստեղծել մեր ուզած արտադրությունը։ Նախատեսում ենք, որ նկարահանումները կավարտենք սեպտեմբերի սկզբին, բուն նկարահանումները կարվեն օգոստոսի երկրորդ կեսին։ Իսկ արդեն տարվա վերջին ֆիլմը միջազգային հանրությանը ներկայացնելու հնարավորություն կլինի։ Բնականաբար, ամբողջ քաղաքական էֆեկտներն օգտագործելու ենք, որպեսզի աշխարհին ներկայացնենք այն, ինչ կատարվել է արցախահայության հետ։ Աշխարհում կան օրինակներ, երբ որոշ ազգեր ինքնորոշման հետ կապված խնդիրները լուծել են կինոմատոգրաֆիայի օգնությամբ ու միջոցով։ Մենք այդ հնարավորությունն օգտագործելու ենք, որպեսզի արվեստի ամբողջ ուժով ցույց տանք հումանիտար աղետը»,- հավելեց Հովհաննես Գալստյանը։

Շատ չմանրամասնելով ֆիլմի ստեղծագործական և բովանդակային մասը, կինոռեժիսորն ասաց, որ երեխաների մայրը՝ Վերա Նարիմանյանը, իր հետ զրույցում մանրակրկիտ, առանց դետալների բացթողման ներկայացրել է ամբողջ ողբերգությունը։

«Ֆիլմում այնպիսի լուծումներ ենք օգտագործելու, որ որևէ մեկը՝ ՀՀ սահմաններից դուրս, չի կարող կասկածել պատմության իրական լինելու մեջ, բոլորը կհասկանան, որ դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 7-ին՝ ադրբեջանական շրջափակման 206-րդ օրը, երբ 120 հազարից ավելի խաղաղ բնակիչներ ապրում էին շրջափակման պայմաններում»,- շեշտեց կինոռեժիսորը։

Կինոռեժիսորը Վերայի դժբախտության՝ երեխաների մահվան մասին լուրը լսել է հուլիսի 8-ին և հենց նույն օրը հստակ որոշել՝ պետք է ֆիլմ նկարահանել։

«Ծանոթ եմ այդ ամբողջ պատմությանը, թե ինչպես է եղել, քրեական գործին ևս ծանոթ եմ։ Այս պատմությունից մենք վերցնում ենք միայն երեխաների դրվագը։ Ֆիլմում դուք կտեսնեք շրջափակման 206-րդ օրվա Մարտակերտի ամբողջ գունապնակը, դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ՝ ոստիկանապետը, վաշտի հրամանատարը և այլք, որոնք մասնակցել են երեխաների փնտրտուքին, բոլորն ունեն իրենց անձնական ողբերգությունները, քանի որ գտնվում են ծայրահեղ վիճակում։ Իրական փաստերի հիման վրա մենք ցույց ենք տալիս ընդհանուր աղետը։ Արցախում նմանատիպ շատ ողբերգական պատմություններ կան, դրա համար էլ մենք ֆիլմի սկզբում նշում ենք, որ այդ պատմություններից, հնարավոր է, սա ամենադաժան պատմություններից մեկն է»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս