Նրանք ունեն հակաքաղցկեղային ազդեցություն․ Կենսաբանը՝ հայկական դեղաբույսերի ուսումնասիրության մասին
Կարո՞ղ են հայկական դեղաբույսերը կանխել քաղցկեղը, ի՞նչ են ցույց տվել ուսումնասիրությունները։ Այս մասին զրուցել ենք ԵՊՀ հիմնարար և ախտաբանական լաբորատորիայի ղեկավար Նիկոլայ Ավթանդիլյանի հետ։
– Կենսաքիմիան համարվում է համեմատաբար երիտասարդ մասնագիտություն, ընկած է կենսաբանության և քիմիայի միջև․ չէի՞ք կողմնորոշվում, դրա համա՞ր միանգամից ընտրեցիք կենսաբանությունը, թե՞ հանգամանքները ստիպեցին։
– Մասնագիտության ընտրության նախապատմություն, որպես այդպիսին, չկա։ Դպրոցական տարիներից սիրել եմ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա և փորձել եմ պարզել, հասկանալ բնության մեջ տարբեր գործընթացներ ու ընտրել եմ մասնագիտություն, որը կկարողանա կապել միմյանց մի քանի բնագավառ, ուսումնասիրել տարբեր կենսաբանական պրոցեսների քիմիական և ֆիզիկական երևույթները։ Այդ իսկ պատճառով կենսաքիմիա մասնագիտությունը, ըստ էության, ամենաճիշտն էր՝ ընտրության տեսանկյունից։ Պետք է նաև նշեմ, որ դպրոցական տարիներին երազել եմ բժիշկ դառնալու մասին, և, ինչպես գիտեք, կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից քննություն հանձնում էինք նաև Բժշկական համալսարան ընդունվելու համար, և կյանքն այնպես դասավորվեց, որ ընդունվեցի ԵՊՀ «Կենսաբանության» ֆակուլտետ։ Հետագա տարիները ցույց տվեցին, որ դա բավականին ճիշտ ընտրություն էր։
– Իսկ բժշկության մեջ ո՞ր ճյուղն էիք ուզում ընտրել։
– Հետագայում հասկացա, որ այն, ինչ ուզում էի, ավելի շատ կապված էր կենսաբանության, քան բժշկության հետ։ Ինձ հետաքրքրում էր՝ գտնել տարբեր ախտաբանությունների ժամանակ այս կամ այն գործընթացները, որոնց վրա ազդելով՝ հնարավոր է կանխել կամ բուժել։ Բժշկությունը դա չի ընձեռում։ Կենսաբանությունը գտնվում է դրա հիմքում, ինչը հնարավորություն կտա իրականացնել երազանքս։ Նպատակն էր՝ դեռ մանկուց տարբեր ախտաբանություններ ուսումնասիրել։ Մանուկ հասակում, երբ նայում էի ֆիլմերը, կարդում գրքերն ու տեսնում, թե ինչպես են աշխատում, ինչ են անում, ցանկանում էի նման գործով զբաղվել։ Եվ այն պաթոլոգիաները, որոնց հիմքում ընկած են մի շարք նյութափոխանակային պրոցեսներ, այժմ մենք ուսումնասիրում և փորձում ենք և՛ քաղցկեղի, և՛ շաքարային դիաբետի հետ կապված հարցեր լուծել։
– Նշեցիք, որ լավ եք սովորել բնագիտական առարկաները, իսկ մեր օրերում երեխաները չեն սիրում և չեն էլ սովորում․ դասավանդման սխալ մեթոդաբանությո՞ւն է ընտրված, թե՞ այլ խնդիր կա։
– Հիմա ուսուցիչները փորձում են վերցնել և ընտրել միջազգային փորձը՝ եվրոպական և ամերիկյան մոտեցումները։ Այն, որ հիմա քչերն են ընտրում այս ուղղությունները, ըստ էության, այստեղ աշակերտների մեջ խնդիր կա՝ նպատակասլացության և իրենց ապագան տեսնելու հարցում։ Փորձում են ապագան տեսնել այն մասնագիտություններում, որոնք ավելի մեծ գումարներ կբերեն, բայց ասեմ, որ ներկայում գիտությանը բավական մեծ գումար են հատկացնում։
Ամեն դեպքում, ինչպես մենք ենք այցելում դպրոցներ, այնպես էլ աշակերտները՝ համալսարան, և կարողանում ենք ապահովել կապը, իրենց ցույց տալ, որ կենսաբանություն, կենսաքիմիա ասվածը բավականին լուրջ և ապագայում իրենց համար կարևոր աշխատանք ու ֆինանսներ բերող մասնագիտություն է։
Հանդիպումներից պարզ դարձավ, որ աշակերտները շատ դեպքում չգիտեին՝ ի՞նչ են անում կենսաբանության բնագավառում, և դա իրենց ապագայում ի՞նչ կարող է տալ։ Հուսով ենք, ապագայում կտեսնենք նաև ընդունելության աճ։
– Համալսարանի 4 ծրագիր ստացավ միջազգային հավաստագրում, որի մեջ ներառված էր նաև կենսաքիմիան։ Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ հնարավորություններ են բացվում։
– Մեր շրջանավարտները դիպլոմում ունենալու են կնիք, որն իրենց համար շատ ճանապարհներ կբացի՝ արտասահմանյան համալսարաններ ընդունվելու ժամանակ։ Անցնելով տվյալ հավաստագրումը, ըստ էության, մեր ծրագրերում ներդնում ենք եվրոպական և ամերիկյան առաջատար համալսարաններում իրականացվող դասընթացների ծրագրային փաթեթը։
– Դուք թիմի հետ փորձում եք օգնել բժշկությանը՝ ուսումնասիրություններով։ Վերջին ուսումնասիրությունները, գիտեմ, որ ուղղված են քաղցկեղը կանխելուն։ Փորձերն անում եք դեղաբույսերի միջոցով։ Քաղցկեղային ո՞ր հիվանդությունները կանխելուն են ուղղված աշխատանքները։
– Մեր հետազոտական աշխատանքները կրծքագեղձի քաղցկեղի ուղղությամբ են։ 2017 թվականից Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ունենք դրամաշնորհներ, որոնք մեզ հնարավորություն են տվել՝ փորձել խորանալ, ներգրավվել տարբեր ախտաբանությունների գործընթացներում։ Ընտրել ենք կրծքագեղձի քաղցկեղի մոդելը, որովհետև որոշակի նախապատմություն կար․ 2014-2016թթ․ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց արյան նմուշառումներ էինք ունենում նաև Ուռուցքաբանության ինստիտուտից, և այն թիրախները, որոնք մեր հետազոտական աշխատանքներում կան, գտել ենք, որ նրանք ունեն որոշակի փոփոխություն այդ հիվանդությունների ժամանակ։ Հետագայում այդ մոդելը պրոյեկցվեց կենդանիների վրա, և քիմիական կանցերոգենով կրծքագեղձի քաղցկեղ առաջացնելուց հետո փորձում ենք ուսումնասիրել ընթացքը, ինչպես նաև տարբեր դեղաբույսերի և քիմիաթերապևտիկ, նոր, դեռևս չուսումնասիրված միացությունների ազդեցությամբ պարզաբանել, թե ինչպե՞ս է ընթանում, ինչպե՞ս է կարողանում այդ հակաքաղցկեղային ազդեցությունը դրսևորել։
Առնետների մոտ առաջացնում ենք կրծքագեղձի քաղցկեղ՝ քիմիական կանցերոգենով, որը մեր շրջապատում բավականին շատ է։ Կարճ ժամանակում առաջանում է քաղցկեղ, ու փորձում ենք հասկանալ բուժման մեխանիզմները և այն մոդելը, որն ընտրել ենք բուժման համար, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ քաղցկեղի զարգացման, արգելակման բուժման վրա։
– Որպես բուժման միջոց՝ ո՞ր դեղաբույսերն եք ընտրել։
– Դեղաբույսերը շատ են։ Մի քանիսը նշեմ՝ ավելուկ, լայնատերև սրոհունդ, գայլակաթ, Հեղինեի խոտ և այլն։ Մի քանի հետազոտական փուլերը, որ իրականացրել ենք, այս դեղաբույսերի միջոցով է, որովհետև լեհ գործընկերների հետ համագործակցությունների շնորհիվ ունենք նրանց կազմը, գիտենք, թե ինչ միացություններ են պարունակում։ Մեր կողմից ընտրված 10-ից ավելի բույսերից նրանք ունեն առավել բարձր, արդյունավետ հակաքաղցկեղային ազդեցություն, որը ցույց ենք տվել մարդու քաղցկեղային տարբեր բջջային կուլտուրաներում։
– Լաբորատորիայում առկա՞ են ուսումնասիրությունների համար անհրաժեշտ սարքավորումները, թե՞ որոշ դեպքերում մեկնում եք արտերկիր։
– Կան ուսումնասիրություններ, որոնք անհրաժեշտ է դրսում կատարել, որովհետև չես կարող սարքավորումը ձեռք բերել, իրականում պարտադիր էլ չէ բոլոր սարքավորումները կենտրոնացնել մեկ տեղում։ Համագործակցությունների շնորհիվ դա կարող ենք իրականացնել։ Մենք այս պահին համագործակցում ենք ԱՄՆ-ի, Լեհաստանի գիտնականների հետ։ Լեհաստանում, մեր գիտաշխատողը, ով անցել է վերապատրաստում, իրականացրել է տարբեր նմուշների քիմիական կազմի պարզաբանում՝ այնտեղի առաջատար քրոմոտոգրաֆիկ սարքի միջոցով։ Այսինքն, կազմը պարզաբանել ենք այնտեղ։ Այո, ՀՀ-ում արդեն այդ սարքերից որոշները կան, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ սարքերի մրցույթի միջոցով ձեռք են բերվել, և հետագայում նման հետազոտությունները կկարողանանք իրականացնել ՀՀ-ում։
– Դեղաբույսեր բերում եք Տավուշից։ Այնտե՞ղ են աճում օգտակար դեղաբույսերը, թե՞ զուգադիպություն է։
– Իրականում տարբեր մարզերից հավաքածները կարող է և կազմով էլ տարբեր լինեն, բայց մեր գիտաշխատողը Տավուշի մարզից է ու այնտեղից է հավաքում բույսերը։
– Շաքարային դիաբետի բուժման մասով ուսումնասիրությունները սկսե՞լ եք։
– Գիտական խմբում ունենք ասպիրանտ, ով զբաղվելու է շաքարային դիաբետի հետ կապված հարցերով։ Ուսումնասիրության 6-7 տարին օգնեց, որ հասկանանք հիմնական թիրախը, որը կլինի մեր ապագա հետազոտությունների կորիզը։ Դրանք բջջային ազդանշանային համակարգերն են։ Շաքարային դիաբետն ու կրծքագեղձի քաղցկեղը ոչ միայն ընտրել ենք նրա համար, որ շատ են տարածված, այլև վերջին տարիներին բջջային ազդանշանային ուղիների խանգարումը դիտվում է և՛ քաղցկեղի, և՛ շաքարային դիաբետի ժամանակ։ 15 տոկոսի դեպքում, եթե հիվանդն ունի քաղցկեղ, նրա մոտ ախտորոշվում է նաև շաքարային դիաբետ, և՝ հակառակը։ Եվ մեր լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհն ուղղված է լինելու այդ երկու հիվանդությունների ժամանակ ամենազգայուն օղակների պարզաբանմանը, որ կարողանանք ազդել այս հիվանդությունների վրա։
Մեր կողմից իրականացվող աշխատանքներում ցույց ենք տվել, որ ունենք կենդանիների մահացության նվազում, ուռուցքի չափերի փոքրացում, ուռուցքի քանակի նվազում, իսկ, թե դրանցում ի՞նչ մեխանիզմներ են աշխատում, դա ենք սկսելու ուսումնասիրել։
– Ուռուցքաբանները հետաքրքրվո՞ւմ են ձեր ուսումնասիրություններով։
– Դեռ ոչ։ 2016-2017թթ․ սկսված հետազոտությունները ոչ վաղ անցյալում են, և մեր մեջքի հետևում պետք է ունենանք տվյալ ոլորտում լավ ինքնակենսագրություն։ Միգուցե առաջիկա տարիներին ունենանք ավելի շատ տպագրություն՝ ամսագրերում, շատ ավելի լավ արդյունքներ, փորձենք համագործակցել կլինիկաների հետ, որոնք հետաքրքրված կլինեն մեր հետազոտություններով։
– Բժիշկները դեմ են բուսաբուժությանը, որի մեջ մտնում են նաև դեղաբույսերը․ կգա՞ մի պահ, որ գիտական բժշկությունն ու բուսաբուժությունը համատեղ կաշխատեն։
– Այստեղ կա մի կարևոր հանգամանք․ նշված բուսաբուժությունը, որ կարծում են՝ այս կամ այն բույսը պետք է խմեն, մենք այս փուլում, այո, օգտագործում ենք դրանց լուծամզվածքները, բայց, որոշել ենք միացությունների կազմը ու փորձում ենք գտնել այն միացությունները, որոնք պարունակվում են բույսերի մեջ ու կարող են ունենալ հնարավոր ամենաբարձր ազդեցությունը՝ մեր կողմից ընտրված թիրախների նկատմամբ, ապա առանձին աշխատել առանձին կոմպոնենտներով․ կամ անջատել բույսերից, կամ փորձել սինթեզել մեկ այլ միացությունից։ Սա բուսաբուժությունից արդեն դուրս է գալիս, որովհետև միացություն է, որը կարող է ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն։