«Կենդանի պատերը» ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց շուրջօրյա ներկայացնում են Արցախում առկա իրական վիճակը

Արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ արդեն 2 շաբաթ է Հայաստանում կառուցվում են «կենդանի պատեր»՝ կրկին բարձրացնելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը։

«Կենդանի պատերը» Արցախի բլոկադայի խնդիրը Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելով լուծելուն ուղղված նախաձեռնություն է։ Մասնակիցները կառուցում են «կենդանի պատեր» Երևանում տեղակայված բոլոր այն կառույցների ներկայացուցչությունների և երկրների դեսպանատների առջև, որոնք այս կամ այն ձևով կարող են ազդեցություն ունենալ Արցախի բլոկադայի վերացման վրա։

Կենդանի պատերը գործում են շուրջօրյա և սովորաբար բաղկացած են առնվազն 15 հոգուց։

Կարդացեք նաև

«Պատը կազմվում է նախաձեռնության նախաձեռնողներից՝ Արցախցի երիտասարդներից, նրանց միացած այլ մարզերի երիտասարդներից և նրանց աջակցող այլ անձանցից։ Յուրաքանչյուր մարդ օրը 2 ժամ կարող է կանգնել «պատի մեջ»։ Այսպիսով, ստացվում է մոտ 200 մարդ, հերթափոխով։ Յուրաքանչյուրը 2 ժամ կանգնելով՝ ապահովում են շուրջօրյա, լուռ, անշարժ կանգնած պատ։

Մասնակիցների ձեռքերում պաստառներ են, որոնց վրա տվյալ կառույցին ուղղված, լավ մշակված, բացառապես Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելուն վերաբերող ուղերձներ, տեքստեր, բառեր են։ Բառերը սովորաբար կարճ են և կազմվում են պատի մասնակիցներից ամեն մեկի ձեռքում մեկ տառ պահելով, օրինակ՝ «UNBLOCK» բառը»,- պատմում են միջոցառման կազմակերպիչները:

Նախաձեռնությունը սկսվել և համակարգվում է Արցախցի երիտասարդների կողմից։ Հիմնական համակարգող խումբն արդեն ձևավորված է, նրանք նախաձեռնությունը սկսած Արցախցի երիտասարդներ են՝ «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի ուսանողներ, «Ես» կրթական հիմնադրամի անդամներ, Երևանի բուհերում սովորող ուսանողներ և այլք։

«Այս նախաձեռնությունը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս արցախցիների կողքին կանգել ու ապաշրջափակման վրա ազդելու ուղղությամբ գործել ամենօրյա ռեժիմով, միավորվել կազմակերպված ու գործող, ոչ թե խոսող հայրենատեր հայերի հետ և ինքնուրույն լուծել մեր առաջ ծառացած խնդիրները, դառնալ օրեցօր մեծացող, հոգատար և համագործակցող համայնքի մաս, սովորել իրար հետ արդյունավետ համագործակցել և հասնել վերջնական արդյունքների՝ թե´ ապաշրջափակման գործում, և թե´ այլ նպատակներում, որոնք մեր առջև կդնենք ապաշրջափակումից հետո»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է միջոցառման մասնակիցներից մեկը։

Նախաձեռնությունը նախատեսվում է երեք գործնական փուլերով՝

«Կենդանի պատեր»

«Բլոկադաներ»

«Անզեն երթ դեպի Հակարի»

ՄԱԿ-ի դիմաց «Կենդանի պատ»-ի նպատակն է ՄԱԿ-ի գրասենյակին անընդհատ ներկայացնել Արցախում առկա իրական վիճակը, հստակ ներկայացնել, թե ինչ է ակնկալվում ՄԱԿ-ից Արցախի պաշարման հարցը լուծելու համար, անընդհատ նամակ-դիմումներով, ուղերձներով, պատասխաններ ու գործողություններ պահանջելով՝ ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի վերջինս ընդունի համապատասխան բանաձևը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուժով կյանքի կոչի այն:

Կենդանի պատերին կարող են միանալ բոլորը՝ նախապես գրանցվելով։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս