Առանց «նախապայմանների» չբացվող սահմանը

Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում ցույց տալու, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացները տեղի են ունենում առանց նախապայմանների։ Հարց է առաջանում, եթե այդպես է՝ ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանը՝ նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Չէ՞ որ դրա համար սահմանային բոլոր ենթակառուցվածքներն արդեն վաղուց պատրաստ են։

Հայաստանը հրատապ գնումների շրջանակներում դեռ անցած տարի կառուցեց ու այս տարվա հունվարին հայտարարեց, որ ամբողջությամբ պատրաստ է շահագործման Մարգարայի անցակետը, որով պիտի իրականացվեն սահմանային տեղաշարժերը։

Ակնկալվում էր, որ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը պիտի բացվեր դեռևս անցած տարվա կեսերին։ Անցել է մեկ տարի, բայց սահմանը շարունակում է փակ մնալ։ Հայտնի էլ չի, թե երբ կարող է բացվել։

Ի տարբերություն Հայաստանի իշխանության, որը բազմիցս հայտարարել է սահմանը բացելու իր անսահման նվիրվածության ու պատրաստակամության մասին՝ Թուրքիան բացարձակ չի շտապում։ Չի բացում սահմանը՝ չնայած արտաքուստ ցույց է տալիս, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չկան։

Կարդացեք նաև

Այդ մասին օրերս ընդգծվեց Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցի ընթացքում։

«Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ»,- ասվում էր զրույցի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։

Այսպիսի հայտարարությունից հետո, թվում է, թե սահմանն անմիջապես պիտի բացվեր։ Բայց, ինչպես տեսնում ենք, շարունակում է փակ մնալ։ Այն պարզ ու ակնհայտ պատճառով, որ առանց նախապայմանների սահմանը բացվելու վերաբերյալ հայտարարությունները կեղծիք են։

Մի կողմից՝ հայտարարվում է, որ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներն առանց նախապայմանների են, մյուս կողմից՝ Թուրքիայի իշխանությունները բազմիցս ասել են, որ դրանք ուղիղ կապ ունեն Ադրբեջանի հետ բոլոր տիպի հարաբերությունների կարգավորման, մինչև անգամ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ու խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։

Այդքանից հետո, ինչքան էլ կողմերը փորձեն համոզել՝ սրանից ավել, այլ ի՞նչ նախապայման կարող է լինել։

Այդ նախապայմանների պատճառով է, որ չի բացվում սահմանը՝ նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետական անձնագիր ունեցողների համար։ Տնտեսական գործունեության նպատակով սահմանի բացման վերաբերյալ անգամ խոսք չկա։ Չհաշված օդային բեռնափոխադրումները։

Օդային բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանը վաղուց բաց է։ Բայց դրա նշանակությունը զրոյական է։ Ժամանակին որքան էլ այդ քայլը մեծ ձեռքբերում էր ներկայացվում, ինչպես և սպասվում էր, այն ոչինչ չտվեց։

Օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջև ինչպես չկային, այնպես էլ չկան նաև սահմանի բացումից հետո։ Թուրքիայի իշխանությունները գնալով այդպիսի «զոհողության»՝ լավ գիտեին, որ այն ձևական բնույթ է կրելու։

Չնայած Հայաստանի իշխանությունների ջանքերին ու ցուցաբերած նվիրվածությանը, ընդհուպ՝ ստորացման ու նվաստացման գնով, որը հերթական անգամ երևաց Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, վաղուց պարզ է, որ հայ-թուրքական սահմանի բացման, առավել ևս՝ հարաբերությունների կարգավորման հեռանկարներն ուղիղ կապ ունեն ադրբեջանական գործոնի հետ։ Չնայած դա չի խանգարում, որ թուրքական ապրանքները շարունակեն մեծ քանակությամբ մտնել Հայաստան։

Վերջին տարիներին անընդհատ նոր ռեկորդներ են գրանցվում։ Այս տարվա ընդամենը չորս ամսում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել ավելի քան 104 մլն դոլարի ապրանք։

Նախորդ տարվա համեմատ աճի տեմպը թուլացել է, բայց թուրքական ապրանքների մեծ հոսքը Հայաստանի տնտեսության մեջ ու սպառողական շուկաներում պահպանվում է։

Ամսական Թուրքիայից միջինում 25-30 մլն դոլարի ապրանք է գալիս Հայաստան։ Գալիս է երրորդ երկրների միջոցով։ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայությունը բացարձակ խոչընդոտ չէ դրա համար։

Այնինչ՝ արտահանում Հայաստանից գրեթե չկա։ Այս տարի ընդհանրապես է զրոյացել։

Չորս ամսում Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը 203 հազար դոլարի ապրանք։

Սա նույնիսկ դժվար է արտահանում համարել։

Նախորդ տարի գոնե հասնում էր 3,3 միլիոնի։ Այս տարի դա էլ չկա՝ 16 անգամով կրճատվել է։

2022թ. մի պահ պաշտոնական վիճակագրությունը Հայաստանից Թուրքիա արտահանումների բավական ակտիվացում արձանագրեց, բայց հետո պարզվեց, որ դա էլ խաբկանք է։ Իրականում ոչ մի արտահանում էլ չկար։ Արտահանումն ավելացել էր գերազանցապես չմշակված ոսկու հաշվին, որը Թուրքիայի միջոցով տեղափոխվել էր այլ երկրներ։

Հայաստանից չեղած մատակարարումների դիմաց թուրքական ներմուծումները շարունակում են ավելանալ։ Վերջին տվյալներով, դրանք 51 անգամով գերազանցում են հայկական ապրանքների արտահանմանը։

Մինչ թուրքական շուկան շարունակում է փակ մնալ Հայաստանի տնտեսության համար, այդ երկրի ապրանքներն ընդլայնում են իրենց դիրքերը Հայաստանում։ Ու չնայած Հայաստանի իշխանությունները շտապում են հնարավորինս շուտ բացել հայ-թուրքական սահմանը, ոչ մի հիմք չկա ասելու, թե դրանից հետո առևտրային հարաբերությունների այս պատկերը փոխվելու է։ Ներմուծումների միջոցով Հայաստանը շարունակելու է ֆինանսավորել Թուրքիայի տնտեսությունը, մինչդեռ Հայաստանը, այսօրվա տնտեսությամբ ու տնտեսական կարողություններով շատ քիչ բան կարող է առաջարկել թուրքական շուկային, եթե ընդհանրապես կարող է։

Ոչ մի գաղտնիք չկա, որ Թուրքիայի տնտեսությունը՝ որակի ու մասշտաբի էֆեկտի հաշվին, առանձնանում է էժան ապրանքների մատակարարումներով, ինչը սահմանի բացումից ու հարաբերությունների հաստատումից հետո կարող է շատ ավելի տխուր հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության և հատկապես տնտեսական առանձին ճյուղերի համար։ Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը շատ ցածր է, առավել ևս, հնարավորությունները փոքր՝ թուրքական շուկայում դիրքեր զբաղեցնելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս