«Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, խոսելով 2018 թվականից հետո երկրում իրականացված և իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին, համոզմունք է հայտնել, որ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին են վերագրված։

Այս մասին Փաշինյանը նշել է Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթում։

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ միջոցառման անցկացումը լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և քննարկելու այն մարտահրավերները, որոնք ՀՀ-ում գոյություն ունեն ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման համար։

Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ ֆորումի արդյունքներով մասնակիցները կկարողանան ամփոփել, թե ՀՀ-ում ժողովրդավարության հետագա զարգացման համար ի՞նչ է պետք որդեգրել և ճանապարհային ի՞նչ քարտեզ պետք է ունենալ, որպեսզի ժողովրդավարական զարգացման համար բոլորի ջանքերը համադրվեն։

«Սա, իր հերթին, նշանակում է, որ այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքն՝ ամրացնել և զարգացնել ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում, բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ի՞նչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որը մենք ունեցել ենք 7 տարի առաջ։ Եվ պիտի արձանագրենք, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որ Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով, որովհետև, օրինակ, «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունները, կարծում եմ, արդեն պատմական ժանրին են վերագրված: Դա շատ կարևոր է: Այսինքն՝ հիմա, երբ Հայաստանի քաղաքացիների հետ խոսենք ընտրությունների արդյունքները կեղծելու մասին, նրանց արձագանքը կլինի, թե այդ ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ երբ որևէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է և հանկարծ հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը մեկ շաբաթ, դրանից հետո դա արդեն առօրեականություն է, դրանով ոչ մեկի այլևս չես զարմացնի կամ ուրախացնի, որովհետև արդեն ուրախացել են, հիմա նրանց նոր առիթներ են պետք ուրախանալու կամ բավարարված զգալու համար։

«7-8 տարի առաջ քննարկում էինք մարտահրավերներ՝ քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության համար հավաքների ազատության կամ որոշակի տեղերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ: Հիմա Հայաստանում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ տեղեր կային՝ ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը այնքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին էր: Էլ չեմ ասում, որ անհնար էր երբեմն դահլիճներ վարձելը՝ քաղաքական միջոցառումներ անցկացնելու համար: Խոսքի ու մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ, նույնպես թեմաներ են, որոնք, ըստ էության, անցյալում են»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ, այդուհանդերձ, ժողովրդավարության առումով դեռ աշխատանք կա կատարելու։

Նա, մասնավորապես, խոսելով ՏԻՄ մակարդակներում ընտրությունների մասին՝ նշել է, որ դրանք բավարար չափով քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքացված չեն։

Փաշինյանը հավելել է, որ ՀՀ իրավապահների կողմից ուժի կիրառումը ևս մեկ այլ մարտահրավեր է Հայաստանում։

«Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու»,- իր ելույթում նշել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին հանրային առկա պատկերացումները պետք է ընդլայնել։

«Մի բան հստակ է՝ արձանագրումը, որն արել եմ դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան․ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն է։ Եվ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը։ Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունն ավելի ու ավելի շատ է ընկալում՝ որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս, և սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որ այսօր կարող ենք անել։ Սա, թերևս, ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանում»,- նշել է  Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս