Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցել միջնորդների միջոցով. Զելենսկի
«Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցել միայն միջնորդների միջոցով»,- այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ամերիկյան The Philadelphia Inquirer-ի հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է հնարավոր, որ Ուկրաինան բանակցի Պուտինի հետ, Զելենսկին, մասնավորապես, պատասխանել է․
«Հնարավոր է գտնել մի մոդել, որտեղ կարող են գտնվել լուծումներ։ Այդ մոդելն առաջին անգամ կիրառվել է «հացահատիկային միջանցքի» շուրջ բանակցություններում, երբ Ուկրաինան բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի ու Թուրքիայի հետ։ Նրանք իրենց վրա էին վերցրել մեզ հետ բանակցելու, ապա Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագիր կնքելու պատասխանատվությունը։ Նման մոդելը կարող է կիրառվել նաև տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավագնացության հարցերի համար։ Առայժմ մենք միայն այս մոդելն ունենք»։
Ավելի վաղ Կրեմլը Կիևի հետ բանակցությունների մի քանի պայման էր նշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնբասից և «նովոռոսիայից», Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանից, Ուկրաինան պետք է ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ինչպես նաև արևմտյան բոլոր պատժամիջոցների չեղարկում։ Զելենսկին այս պայմանները «վերջնագիր» է անվանել։