Չնայած մարտահրավերներին, ներառյալ սահմանային միջադեպերը, ԼՂ փախստականների ներհոսքը՝ ՀՀ-ն հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ուզում եմ գնահատել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում ժողովրդավարության տարածման տեսանկյունից. Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ում խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր դեր է խաղացել այս հարցում։
Դեսպանը նշեց, որ Հայաստանը, թեև մարտահրավերների է բախվել՝ ներառյալ սահմանային միջադեպերը, ԼՂ փախստականների ներհոսքը, բայց հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային։
«Ձեր հանձնառությունը ժողովրդավարկան ապագային օրինակ է աշխարհի համար, որ հնարավոր է ժողովրդավար աշխատել և դրանք իրար չեն հակասում։ ԱՄՆ-ն հպարտ է, որ այս ամենին աջակցում է էներգետիկայի, առևտրի և այլ որորտներում ևս»,-ասաց նա։
Քրիստինա Քվինը նշեց, որ գալիք տարիներին իրենք նպատակադրված են թարմացնել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։
«Այն դառնալու է ռազմավարական գործընկերություն՝ ապահովելու ավելի արդյունավետ համագործակցություն։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը։ Հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից։ Հետևաբար, ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխում իրականացնելու գործում և արդար ընտրությունների կայացման հարցում։ Նաև աշխատում ենք մեդիա ազատության ապահովման համար, որպեսզի խոսքի ազատության իրավունքները պահպանված լինեն»,-ասաց նա։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշեց, որ այնպես չի, որ ուզում են ՀՀ-ն կատարյալ լինի։
«ԱՄՆ-ն էլ կատարյալ չի մարդու իրավունքների ճանաչման գործում, սա շարունակական հանձնառություն է պահանջում և մեր երկրի, և ձեր երկրի համար, շարունակում ենք աշխատել միմյանց հետ, ստեղծենք մի աշխարհ, որտեղ ժողովրդավարությունը զարգանում է»,-ասաց դեսպանը։