Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ նա շարունակում էր համաձայնեցնել ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները

Երբ արդեն ակնհայտ էր Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների միջնորդական առաքելության և Ժելեզնովոդսկում ստորագրված համաձայնագրի անարդյունավետությունը տարածաշրջանում իրադրության նորմալացման համար, քանի որ ադրբեջանական կողմը գերադասում էր հակամարտությունը լուծելու ռազմական ուղին, ավելի քան հրատապ է դարձել ինքնապաշտպանության ուժերի կազմավորման տեմպերի արագացման ու պաշտպանության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման հարցը:

1991թ. հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում կայացած արտադրական ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նիստում հարց է բարձրացվել Արցախի Հանրապետության պաշտպանության խորհուրդ և զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ, ինչը թելադրված էր նաև Ադրբեջանի կողմից բանակ ստեղծելու և այն Արցախի հայկական պետության դեմ ուղղելու վերահաս վտանգին դիմագրավելու անհրաժեշտությամբ:

Բնութագրելով Սերժ Սարգսյանի այս ժամանակահատվածի գործունեությունը՝ լրագրող Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ Արցախի հանրապետության արտգործնախարար, Արցախի հանրապետության նախագահ) գրել է.

«Սերժ Սարգսյանը մեկն է նրանցից, ովքեր չնահանջեցին խորհրդաադրբեջանական վայրագության սարսափի դեմ հանդիման և ամեն օր, կյանքը վտանգելով, անում էին իրենց դժվարին գործը: Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ, նա շարունակում էր համաձայնեցնել այն ժամանակ դեռ սակավաթիվ ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները»:

Կարդացեք նաև

Ինքնապաշտպանության ուժերի ընդհատակյա հրամանատարության ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ս. Սարգսյանը, իրատեսորեն գնահատելով օպերատիվ իրադրությունը, համոզվել են, որ ադրբեջանական հրոսակախմբերի օրավուր աճող լկտիությունը զսպելու և հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծություններն ու հրթիռահարումները դադարեցնելու համար անհրաժեշտ էր դիմել համարժեք գործողությունների: Դեռևս նոր կազմավորվող ինքնապաշտպանական ուժերը, չունենալով բավարար միջոցներ, թեև առանձին տեղամասերում պատասխան գործողությունների էին դիմել, սակայն թշնամուն ցնցող ու զգաստացնող հակահարված էր պետք: Անհրաժեշտ էր, ինչքան հնարավոր է, օպերատիվորեն և արդյունավետորեն այն իրականացնել նաև ազատամարտիկների հնարավորությունները դրսևորելու համար:

Ուժերի փորձության վայր ընտրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը, որի ազատագրումը, թերևս, առաջին հաղթանակներից էր, որով կոտրվեց հակառակորդի անպատժելիության զգացումը, բացվեց Հադրութի ներշրջանային երթևեկության ճանապարհը, իսկ հայ ազատամարտիկները ոգեպնդվեցին ու ձեռք բերեցին համապատասխան մարտական փորձ:

ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմի 1991թ. նոյեմբերի 28-ի նիստում որոշում է ընդունվել 1991թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իսկական զինվորական ծառայության զորակոչել 1973-1974թթ. ծնված և ավելի բարձր տարիքի քաղաքացիներին:

Մարտական գործողությունների օրեցօր սաստկացման պայմաններում, փորձելով ազատվել սին պատրանքներից և ապավինել իր ներուժին, Արցախի տոհմիկ հայ բնակչությունը վճռական քայլեր է ձեռնարկել Արցախում հայկական պետականությունը կերտելու ուղղությամբ: Մարզգործկոմի նոյեմբերի 27-ի որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է հանրաքվե: Բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է Արցախի  Հանրապետության անկախության օգտին:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

 

Տեսանյութեր

Լրահոս