
Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին

Իրանի բանակի զինծառայողները դեռ մինչև ընտրատեղամասերի բացումը ձերբակալել են ահաբեկիչների, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Իրանում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։
Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։
«Ընտրություններից առաջ երկիր են ներթափանցել ահաբեկիչներ, որոնք պատրաստել էին ահաբեկչական գործողություններ: Նրանք ձերբակալվել են զինծառայողների կողմից, և ահաբեկչական շարժումը լիակատար պարտություն է կրել», – Միրահմադիի խոսքն է մեջբերել IRIB հեռուստաալիքը։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալը պարզաբանել է, որ հանցագործները «ծրագրել էին կազմակերպել ահաբեկչական գործողություններ՝ պետությունում անկայունության մթնոլորտ ստեղծելու և մարդկանց ստիպելու վախենալ գնալ քվեարկության»։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին նշել է, որ ընտրատեղամասերում կարգուկանոնն ապահովել է իրավապահ մարմինների 180 հազար աշխատակից։