Սյունիքում սահմանազատումն այս տրամաբանությամբ շարունակելու դեպքում ինքնուրույն ու անկախ Հայաստան այլևս չենք ունենալու. Հենրիկ Քոչինյան

Հունիսի կեսերին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Տավուշից հետո սահմանագծման հաջորդ աշխատանքները կարող են տեղի ունենալ Սյունիքի մարզում։

Այս ամենին զուգահեռ՝ ակտիվացել են հայտարարությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, օրինակ, լավատես է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հանգել խաղաղության համաձայնագրին։

«Թվում է՝ մոտենում ենք վերջնակետին։ Կարելի է ասել նաև, որ այս ֆիլմը նախկինում էլ ենք դիտել, երբ մոտեցել ենք վերջնագծին, բայց այդպես էլ չի հաջողվել անցնել վերջնագիծը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է նախորդ շաբաթներին Տավուշում տեղի ունեցած գործողություններին, դիվանագետն ասել է.

Կարդացեք նաև

«Սահմանագծումը, թվում էր, դյուրին հարց է, քանզի կողմերը համաձայնել էին սահմանների հարցը լուծել՝ առաջնորդվելով խորհրդային քարտեզներով, բայց, կարծես, դա երկար ժամանակ է պահանջելու։ Մյուս խնդիրն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցն է։ Կարծում եմ՝ երկու երկրների շահերից է բխում ոչ միայն լուծել այդ հարցը, այլև ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար: Ադրբեջանը, կարծես, նախընտրում է երկաթուղային ճանապարհը, և, անկեղծ ասած, Հայաստանն էլ պետք է ողջունի այս տարբերակը, քանի որ այն բացում է սահմանը և տրանսպորտային ու առևտրային նոր ճանապարհների (գործարկման) հնարավորություն տալիս»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում օրեր առաջ հայտարարել էր, որ «Ադրբեջանին ուղարկել են շատ կառուցողական առաջարկներ, պատրաստ են առաջիկա ամսվա ընթացքում ավարտուն տեսքի բերել պայմանագիրը, ինչպես նախկինում առաջարկել են: Ցավոք, ադրբեջանական կողմից առայժմ արձագանք չկա: Ավելին, Ադրբեջանը նոր խնդիրներ է առաջ քաշում, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման նպատակի առնչությամբ անկեղծ լինելու հարցում»։

Ի՞նչ է սպասվում Սյունիքին, եթե այնտեղ էլ սամանագծում իրականացնեն այն նույն տրամաբանությամբ, ինչ տեղի ունեցավ Տավուշում։

168.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը պատասխանելով այս հարցին, նախ ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ նման գործողություններ իրականացրեցին Տավուշում։

«Իհարկե, կարող ենք ենթադրել, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունը գնաց նման քայլի, բայց թե կոնկրետ իրենք ինչ են ուզում՝ ես չեմ կարող ասել։ Տավուշում ընթացող գործընթացների հիմքն ու տրամբանությունն ինձ համար անհասկանալի են, ով անում է, նա պետք է բոլոր հարցերին պատասխանի»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքում սպասվող սահմանագծմանը, մեր զրուցակիցն ասաց.

«Եթե Սյունիքում էլ այս տրամաբանությամբ շարունակեն սահմանագծման գործընթացը, ապա, կարճ ժամանակ հետո, այլևս չենք ունենալու ինքնուրույն ու անկախ Հայաստան։

Կարծում եմ՝ այս տրամաբանությամբ շարունակելու դեպքում նախկինում եղած ճանապարհները չենք ունենալու այլևս»։

Տեսանյութեր

Լրահոս