Քաղաքապետարանում որոշել են փող աշխատել, մոռացան, թե ինչի համար էին «հավաքվել»

Երևանի քաղաքապետարանում որոշել են «կարմիր գծերի» վրա փող աշխատել։ Մոռացան, որ «կարմիր գծերը» թանկացնում էին, որպեսզի բեռնաթափեն մայրաքաղաքի կենտրոնն ավտոմեքենաների ծանրաբեռնվածությունից։

Հիշեցնենք, որ Երևանի ՔՊ-ական իշխանության ավագանին, իր արբանյակների հետ միասին, այս տարվա հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում «կարմիր գծերի» տարեկան վճարները բարձրացրեց ավելի քան 13 անգամով։ Նախկին 12 հազարից դարձրեց 160 հազար դրամ, կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։ Մեկ ժամի գինն էլ բարձրացրեցին 2-3 անգամով։

Թե այսպիսի կտրուկ թանկացումից հետո, ինչքանո՞վ հաջողվեց բեռնաթափել մայրաքաղաքը, վկայում են այն համատարած խցանումները, որոնք տեսնում ենք Երևանի տարբեր հատվածներում, և ոչ միայն՝ կենտրոնում։

«Կարմիր գծերն» անգամներով թանկացնելուց հետո էլ Երևանում խցանումները չպակասեցին։ Ավտոկայանատեղիներում էլի ազատ տեղեր չկան, ինչը նշանակում է, որ ավտոմեքենաների հոսքը դրանից ամենևին էլ չկրճատվեց։

Կարդացեք նաև

Մարդիկ շարունակում են սեփական մեքենաներով երթևեկել այնպես, ինչպես նախկինում։

Օգտվելով դրանից՝ Երևանի քաղաքապետարանը որոշել է փող աշխատել, հատկապես որ, վերջին թանկացումից հետո ավտոկայանատեղիների կամ «կարմիր գծերի» շահութաբերությունը կտրուկ բարձրացել է։

Փոխարենը մտածեն, թե ինչ կարելի է անել մայրաքաղաքը բեռնաթափելու իրենց ձախողված ծրագիրը շտկելու համար, որոշել են փողոցներում ավելի շատ «կարմիր գծեր» գծել, նոր ավտոկայանատեղիներ բացել և փող աշխատել։

Կարմիր գծերը թանկացնում էին, որպեսզի բեռնաթափեին Երևանը։ Ձախողել են նպատակը, բայց ոչ թե մտադիր են հրաժարվել թանկացումից, որովհետև այն ցանկալի արդյունք չի տվել, այլ ընդլայնել «կարմիր գծերը»։

«Հարգելի քաղաքացիներ, հունիսի 21-ից Երևանի Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկին-Նալբանդյան փողոցների խաչմերուկ կկազմակերպվի վճարովի ավտոկայանատեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով:

Կազմակերպվող վճարովի ավտոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում»,- օրերս այսպիսի հայտարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը։

Ի՞նչ է իրականում սա նշանակում. Կրճատելու փոխարեն, սրանով քաղաքապետարանը խթանում է ավտոմեքենաների հոսքը Երևանի կենտրոն։

Երբեմն մարդիկ հենց կայանատեղիների բացակայության կամ քչության պատճառով են խուսափում կենտրոնում տեղաշարժվելիս՝ օգտվել սեփականան ավտոմեքենաներից։ Կայանատեղիներն ավելացնելով՝ քաղաքապետարանը խթանում է տրանսպորտի հոսքը դեպի կենտրոն։ Ոչինչ, որ դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում։ Բայց դա քաղաքապետարանին կարծես այլևս քիչ է հուզում։

Ախորժակները բացվել է։ Մտադիր են ավելի շատ փող աշխատել «կարմիր գծերից»։

Ավտոկայանման գներն անգամներով բարձրացնելը քաղաքի կենտրոնի բեռնաթափման խնդիրը ոչնչով չլուծվեց։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ չէր էլ կարող լուծվել։ Կենտրոնի և ոչ միայն կենտրոնի ծանրաբաբեռնվածությունը նույնությամբ պահպանվում է։ Թանկացումն արդյունք չտվեց։

Ժամանակին, երբ զգուշացնում էին, որ դա չի կարող լինել խնդրի լուծում, հատկապես հասարակական տրանսպորտի այսպիսի անմխիթար վիճակի պայմաններում, լսող չեղավ։ Բարձրացրին կայնատեղիների գները, իսկ քաղաքը շարունակեց նույնքան ծանրաբեռնված մնալ, որքան նախկինում էր։

Դրա համար գոնե պիտի լուծեին հասարակական տրանսպորտի նորմալ աշխատանքի խնդիրը։

Այնինչ՝ հասարակական տրանսպորտը Երևանում շատ վատ է աշխատում։

Մարդիկ ժամերով տրանսպորտի են սպասում։ Գալուց էլ հաճախ չեն կարողանում օգտվել՝ տեղ չլինելու պատճառով։

Խնդիրը չափազանց սուր է հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին։

Երեկոյան ժամերին Երևանում շատ դժվար է տրանսպորտ գտնելը։ Առանձին երթուղիներ 9-ից հետո գրեթե չեն սպասարկվում։ Մինչ այդ էլ շատ վատ են սպասարկվում։

Ու այդքանից հետո, չվարանեցին գնալ անգամ տրանսպորտի թանկացմանը։ Առանց բավարար հիմնավորումների՝ ուղեվարձը գրեթե երեք անգամով բարձրացրեցին։

Նախատեսել էին թանկացումը կիրառել այս տարվա սեպտեմբերի 1-ից, բայց քանի որ ձախողել են նոր ավտոբուսների ձեռքբերման ժամկետները, ուղեվարձի թանկացումը տեղափոխեցին հաջորդ տարվա հունվար։

Հաջորդ տարվա առաջին իսկ օրը Երևանի քաղաքացիներին հերթական տհաճ անակնկալն է սպասվում, այս անգամ՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու տեսքով։

Դրանից հետո էլ, դեռ հարց է, թե ի՞նչ կփոխվի սպասարկման որակում։

Ոչ մի հիմք չկա պնդելու, որ այս դեպքում էլ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ «կարմիր գծերի» պարագայում։ Գնեըը կբարձրանան, իսկ խնդիրները նույնությամբ կշարունակեն մնալ։

Երևանի քաղաքապետարանից մտադիր չէ հետ մնալ նաև կառավարությունը։

Քաղաքապետարանը «կարմիր գծերն» է թանկացնում, նոր ավտոկայանատեղիներ է բացում՝ ավելի շատ փող աշխատելու համար, կառավարությունն էլ որոշել է Երևանից դուրս գործող ճանապարհների վրա փող աշխատել։ Պատրաստվում են ճանապարհները դարձնել վճարովի։

«Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, մենք Հայաստանում նաև վճարովի ճանապարհների մեխանիզմ կներդնենք»,- օրերս Սյունիքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Պարզ է, որ անկախ նրանից՝ ժողովուրդը շա՞տ դեմ կլինի, թե՞ քիչ, կառավարությունն արդեն որոշել է՝ Հայաստանում շուտով կհայտնվեն վճարովի ավտոճանապարհներ, ու քաղաքացիները ստիպված կլինեն վճարել՝ դրանցից օգտվելու համար։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս