Այդ հատվածում գոյություն է ունեցել շփման գիծ, ՀՀ ինքնիշխանության տակ են գտնվել տարածքներ. որոշակի դիրքեր գուցե հանձնվել են հակառակորդին. Սեյրան Օհանյան

Հունիսի 7-ին ԱԺ-ում լրագրողները փորձել են ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից պարզել՝ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում դիրքային ինչ փոփոխություն է եղել, ինչին ի պատասխան՝ նա նշել է.

«Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը: Դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է»:

Այնուհետև պաշտպանության փոխնախարարը մի փոքր ուղղում է մտցրել իր խոսքում՝ ասելով. «Դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր, և այդ գոտում ծառայություն են իրականացնելու սահմանապահները: Իսկ 3-րդ բանակային կորպուսը գոյություն ունի, բնականաբար, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահները՝ իրենց»:

Արման Սարգսյանը շրջանցել է Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում զորքի հետքաշման մասին հարցը, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, և ինչի մասին «Ղազախի 4 գյուղերն» անկրակոց ստանալուց հետո հայտարարել էր ադրբեջանական կողմը: Դեռ մի կողմ ենք դնում, որ Փաշինյանը Տավուշում սահմանազատման և սահմանագծման պիլոտային գործընթացի օրերին մի քանի անգամ պնդել է, որ զինված ուժերն այդ տարածքներից պիտի դուրս գա՝ տեղը զիջելով սահմանապահ զորքին:

Կարդացեք նաև

Սակայն նշվածը չի խանգարում, որ ՀՀ պաշտպանության փոխնախարարը պնդի, որ բաց և թափանցիկ են աշխատում, մինչդեռ հանրությունը փորձագիտական տարբեր վերլուծությունների հույսին է մնացել այս առումով, որոնք կարող են նաև ոչ ճշգրիտ կամ մոտավոր տվյալներ պարունակել դիրքերի կորստի, դիրքային պատկերի կամ փոփոխության հետ կապված:

Բայց սա չի նշանակում, որ հանրությունից կամ փորձագիտական հանրությունից հնարավոր է լիովին թաքցնել իրականությունը, եթե նրանք ծանոթ են 3-րդ բանակային կորպուսի պաշտպանությանը հանձնված սահմանագոտուն, դիրքային պատկերին: Ի վերջո, իշխանական շրջանակները պետք է հաշվի առնեն, որ իրենց լսում են ռազմական նախկին ղեկավարներ, որոնք շատ լավ ծանոթ են տեղանքին:

Իսկ եթե այսօր պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը գոնե շրջանցել է զորքերի հետքաշման հարցը, և, ըստ էության, հստակ չի պնդել՝ դիրք չենք հանձնել, ապա մայիսի 29-ին Ազգային ժողովում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Տավուշում սահմանազատված հատվածներում սահմանապահ ուժերի տեղակայմանը և ՀՀ զինված ուժերի ծառայությանը, նախ ասել էր այն, ինչ այսօր պաշտպանության փոխնախարար Սարգսյանը՝ «սահմանապահ ուժերն իրականացնում են իրենց ծառայությունը, Զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրները»:

Արդեն հակադարձմանը՝ «զինված ուժերն իրենց զբաղեցրած դիրքերից դո՞ւրս են եկել», ԳՇ պետը մասնագիտական հնարքների է դիմել:

«Էդ հարցերը մի ուղղեք, զբաղեցրած դիրքերից զինված ուժերը դուրս չեն գալիս: Զինված ուժերի պահպանության համար դիրք չեն նշում, ԶՈՒ-ին նշում են բնագիծ, հատված, շրջան, հենակետ: Իսկ ինչ վերաբերում է դիրքին, դուք մարտավարական օղակի մասով ինձ հարց եք տալիս: ԶՈՒ գլխավոր շտաբը ռազմավարական խնդիրներ է լուծում, և ռազմավարական օղակում նշանակում են բանակային կորպուսին գոտի, բրիգադին նշանակում են գոտի, գնդին նշանակում են տեղամաս, վաշտին նշանակում են հենակետ, գումարտակին՝ շրջան: Մենք մեր սահմանված, նախորոշված հատվածներում կանգնած ենք և կատարում ենք մեր առաջադրված խնդիրները»:

Ճշտող հարցին՝ «մենք ունեցե՞լ ենք հենակետ կամ դիրք, որից հետ ենք քաշվել», Ասրյանն արձագանքել է.

«Մենք ամեն վայրում, յուրաքանչյուր ուղղությունում, օպերացիոն ուղղությունում, օպերատիվ ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ՝ զինված ուժերի խնդիրների իրականացման համար: Սահմանապահ զորքերն այդ հատվածում իրենց առջև դրված խնդիրները կատարում են: Բանակն այնտեղ է, բանակը չի կարող ինչ-որ տեղից դուրս գալ: Սահմանապահ զորքերը որտեղ կատարում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն: Այսինքն, սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել»:

Ռազմական, այսպես ասած, որոշակի նրբություններին տիրապետում ենք, ինչը փորձում էր ԱԺ-ում լրագրողներին բացատրել ԳՇ պետը, բայց դրա հետ մեկտեղ՝ տիրապետում ենք նաև հյուսիսարևելյան սահմանագոտում եղած պատկերին:

Հետաքրքիր է, որ Գլխավոր շտաբի պետը դիրքերից զորքերի հետքաշման կամ, իր խոսքերով՝ բնագծերի, հենակետերի հանձնման մասին տեղեկություն մայիսի 29-ին չի հայտնել, բայց փոխարենը՝ արել է ձևակերպումներ, որոնցից գործից հասկացողը, ինչո՞ւ չէ, նաև՝ հակառակորդը, կարող է ենթադրություններ անել:

Խոսքը հետևյալ ձևակերպման մասին է. «Սահմանապահ զորքերը որտեղ կատարում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն: Սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել»:

Այս առնչությամբ 168.am-ը լսել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասնագիտական կարծիքը:

Եթե նույնիսկ սահմանապահները փոխարինում են զինված ուժերին, միջազգային պրակտիկան հաշվի առնելով, ինչպես նաև՝ ԶՈւ կիրառման պլանը երկրի պաշտպանության հարցերում, որտեղ որ սահմանապահները խնդիր են կատարում, իրենք մարտական խնդիր ունեն: Այսինքն, ըստ իրադրության, սահմանապահներն առաջին իսկ մարտական գործողությունների պահից փոխարինվում են ԶՈւ ստորաբաժանումներով: Առաջին փուլում սահմանապահները սկսում են մարտը, բայց զինված ուժերը գալիս և լրացնում են նրանց: Բայց քանի որ հիմա հատված-հատված են փոխարինում իրականացնում, և սահմանապահները վերջնական պատասխանատվություն չեն վերցրել իրենց վրա, ապա իրենք խնդիր են կատարում ԶՈՒ պատասխանատվության գոտում, ԳՇ պետը դա է երևի նկատի ունեցել:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պահի դրությամբ սահմանազատված հատվածում առաջնագիծը վստահվել է սահմանապահ ուժերին, բայց պաշտպանական նույն գոտում նաև բանակն է մնացել՝ ավելի խորքում: Մյուս կողմից, «Պաշտպանության մասին» օրենքով ԶՈՒ ԳՇ-ն «համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը»:

– Այնտեղ, որտեղ սահմանապահն է, նա կանգնում է, իսկ զինված ուժերը գտնվում են մշտական տեղակայման վայրում՝ պատրաստ լինելով անհրաժեշտության դեպքում դուրս գալ և անցնել պաշտպանության:

– Տավուշում սահմանազատված հատվածում մենք, բնականաբար, ունեցել ենք մարտական դիրքեր կամ հենակետեր, որովհետև մի քիչ աբսուրդային է ասել՝ որևէ դիրքից, հենակետից դուրս չենք եկել:

Եթե լսենք իրենց և այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք, այդ հատվածում ԶՈւ տիրապետության տակ գտնվող որոշակի դիրքեր գուցե հանձնվել են հակառակորդին: Եթե ասում են, որ մենք սահմանագծում ենք իրականացրել, և ադրբեջանցիները զբաղեցնում են այն տարածքները, որտեղ սահմանազատում իրականացվել է, նշանակում է՝ պետք է որ դիրքեր հանձնված լինեն:

Ադրբեջանն այդ հատվածում դիրքեր նույնպես ունեցել է, չէ՞: Կարո՞ղ ենք ենթադրել, որ հետքաշում է եղել գուցե ոչ հավասարազոր, կամ՝ գուցե միայն հայկական կողմն է միակողմանի հետ քաշվել:

– Այդ հատվածում գոյություն է ունեցել շփման գիծ, և ՀՀ ինքնիշխանության տակ են գտնվել տարածքներ, և միակողմանի այդ տարածքները զիջվել են: Հիմա ես չգիտեմ՝ սահմանագծումից հետո իրենք կոնկրետ այդտեղ եղած դիրքերը հանձնե՞լ են հակառակորդին, թե՞ ոչ: Այսինքն, միայն կարող ենք ենթադրել, եթե հանձնել են… Այդ սահմանազատում-սահմանագծումը մեզ մոտ այնքան խառնաշփոթային է, այնքան են խախտվում ընթացակարգերը…

Արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը՝ կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»: Հիմա, եթե համաձայնագիր չկա, ապա իրավունք չունեն ո՛չ սահմանազատում անել, ո՛չ էլ սահմանագծում: Բայց առանց համաձայնագրի՝ սյուներ են դրել և սահմանագծում են արել, երբ իրական սահմանազատում տեղի չի ունեցել:

Տեղի ունեցած ոչ օրինական սահմանագծման գործընթացի համատեքստում, փորձագիտական և վերլուծական շրջանակներում մտահոգություններ են հնչել Ջողազի հատվածում, Բերքաբերի հատվածում հայկական դիրքերի հետ կապված, որոնք կարևոր ռազմավարական բարձունքի վրա են: Այս մասին ի՞նչ կասեք:

– Այդ հատվածում տարածքներ կան, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ են: Ես չգիտեմ՝ ադրբեջանցիները վերադարձրե՞լ են, դրա մասին խոսք անգամ չկա: Նույն Բերքաբերի հողերից բավականին մեծ տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ:

– Այո, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 1975 թվականի քարտեզով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է:

– Այո: Իսկ շարունակելով միտքս՝ նշեմ, որ նշված քարտեզով, նշված կոնֆիգուրացիայով սահմանազատում և սահմանագծում իրականացնելը հանցագործություն է, քանի որ այնպես, ինչպես իրենք են իրականացնում այդ գործընթացը՝ ապագա ագրեսիայի և լարվածության առիթ է հանդիսանալու, որովհետև սահմանների ճշգրտումը պետք է լինի բնական արգելքներով, իսկ այդ հատվածում բնական արգելքը գետն է, ջրամբարը: Կամ՝ աբսուրդային է, որ իրենց ցույց տված քարտեզով սահմանն անցնում է, և այդ սահմանի մի հատվածում միայն մեր կողմում եղած կամուրջն է մտցված Ադրբեջանի տարածք: Սա միտումնավոր է մտցվել:

Իրականում հարևան երկրի ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության, նրանց ճնշումներ են գործադրելու հայկական կողմի վրա: Այդ ճանապարհով իրենք չեն գնալու, չէ՞, Վրաստան, իրենք Վրաստան գնացող ավելի լավ ճանապարհ ունեն, պարզապես ուզում են, օրինակ, Կիրանցի հատվածում կամուրջը վերցնեն վերահսկողության տակ, ինչպես, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը: Ադրբեջանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ է դնում, այլապես խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի: Նրանց հռետորաբանությունը խաղաղության մասին չէ:

Վերադառնանք ԶՈւ-երին, ղեկավարությունը չի՞ գիտակցում, հաշվի չի՞ առնում դիրքային փոփոխության, զորքի միակողմանի կամ ոչ համաչափ հետքաշման ռիսկերը, ի վերջո, ագրեսիայի դեպքում պատասխանատվությունն իրենց վրա է մնալու:

Իրենք պարտավոր են հաշվարկներ անել և պատրաստվել հնարավոր ագրեսիային: Հիմա եթե ԳՇ պետը լրագրողներին է ասում՝ զենք վերցրեք, գնանք սահմանը պահենք, այդ դեպքում ինչի՞ մասին կարելի է խոսել: Իրենք՝ որպես ԶՈՒ ղեկավարություն, պիտի պատրաստվեն:

– Գուցե կատա՞կ է արել ԳՇ պետը:

– ԶՈՒ ԳՇ պետի խոսքն այնքան ծանրակշիռ և հավասարակշռված պիտի լինի, որ փարատի ողջ ժողովրդի մտավախությունը:

Գլխավոր շտաբի գործառույթը հիշեցրեք հանրությանը, քանի որ Էդվարդ Ասրյանն ասում էր լրագրողներին, որ ԳՇ-ն ռազմավարական խնդիրներ է լուծում, բայց իրեն մարտավարական օղակի մասով են հարցեր են տալիս:

– Եթե հարցերը վերաբերում են Զինված ուժերին, ինքն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում և՛ ռազմավարական խնդիրների համար, և՛ իր ենթակա մարտավարական օղակի պատրաստության համար: Եթե գլոբալ առումով վերցնենք, ԳՇ պետը պետք է մասնակցի երկրի ռազմաքաղաքական որոշումներին, ռազմաքաղաքական իրավիճակին ճշգրիտ գնահատական տա, և, գնահատելով իր զինված ուժերի վիճակը, այն նախապատրաստի մարտական խնդիրների իրականացմանը՝ երկրի անվտանգություն, տարածքային ամբողջականության պաշտպանություն, սահմանների անձեռնմխելիություն և այլն: Այսինքն, խաղաղ պայմաններում ԶՈՒ-ն նա պետք է պատերազմ մղելուն պատրաստի: Սա է նրա անմիջական պատասխանատվությունը:

Հ.Գ. Հավելենք, որ Էդվարդ Ասրյանը մասնագիտական «հնարքներով», դարձյալ եղել է դեպք, երբ փորձել է փրկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական դեմքը:

Տեսանյութեր

Լրահոս