Եկեղեցուն հարկելով՝ ո՞ւմ են իրականում հարկում

Հայաստանում սկսված համաժողովրդական շարժումն ի ցույց դրեց իշխանությունների վախերն ու ատելությունը եկեղեցու նկատմամբ։ Շարժումը վարկաբեկելու անհաջող փորձերից հետո լծվել են եկեղեցին հարկելու «սրբազան» գործին։

Պարզ է, որ այս ամենը քաղաքական շարժառիթներ ունի։ Իրենց կարճ խելքով, ուզում են դրանով եկեղեցուն վատություն անել, ֆինանսական ճնշման տակ դնել։

Դեռ մի կողմ թողնենք այն, որ եկեղեցին և ընդհանրապես կրոնական ու մշակութային հաստատությունները ոչ մի երկրում և ոչ մի ժամանակ չեն հարկվել այնպես, ինչպես կարող է հարկվել բիզնեսը։

Այնպես չէ, որ եկեղեցին ընդհանրապես հարկեր չի վճարում։ Վճարում է, բայց այն հարկերը, որոնք տրամաբանության սահմաններում են։

Կարդացեք նաև

Պատահական չէ, որ եկեղեցին՝ իր վճարած հարկերով, միշտ եղել է խոշոր հարկատուների ցանկում։

Վճարել է եկամտային հարկ, պարտադիր սոցիալական վճարներ, այլ հարկեր՝ գործունեության տարբեր տեսակներից, ինչպես նաև մաքսատուրք՝ ներմուծված պարագաների ու հումքի դիմաց։ Անշուշտ, որոշ հարկերի մասով, օրենքով սահմանված կարգով, ունեցել է արտոնություններ։ Խոսքը ծիսական պարագաների վաճառքի, նաև գույքահարկի մասին է։

Ընդ որում, գույքահարկի պարագայում արտոնությունը միանշանակ չէ։

Շարժական գույքի համար եկեղեցին գույքահարկ վճարում է, ինչպես բոլորը։ Չի վճարում անշարժ գույքի համար, որի մեջ մտնում են եկեղեցիները, մշակութային հաստատությունները, նաև մյուս անշարժ գույքերը։

Հիմա իշխանությունները որոշել են եկեղեցուն զրկել այդ արտոնություններից և հարկել այնպես, ինչպես, ըստ էության, հարկում են բիզնեսը։

Փորձում են եկեղեցին ու բիզնեսը տեղավորել նույն հարկային հարթության մեջ։

Սա իրականում եկեղեցուն վարկաբեկելու, հեղինակազրկելու քստմնելի արարք է։

Սկսվել է արշավը եկեղեցու դեմ։ Այն մեկնարկեց խորհրդարանի խոսնակը, երբ հասկացան, որ շարժումը ոչ միայն մարելու միտք չունի, այլև ունի ժողովրդի մեծ զանգվածների աջակցությունն ու սպառնալիք է իրենց իշխանությունների համար։ Առանց այլևայլության, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ եկեղեցին պետք է հարկվի այնպես, ինչպես բիզնեսը։

Խորհրդարանի խոսնակի «հանճարեղ» գաղափարը պաշտպանեց Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ մոտ ապագայում կարող է նման քայլեր ձեռնարկվեն։

Սա ուղղակի ցուցում էր, նախաձեռնությունը, բնականաբար, չուշացավ։

ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը շտապեց հայտարարել, որ իշխանական պատգամավորներով որոշել են հանդես գալ եկեղեցուն արտոնություններից զրկելու ու այլ հարկերով ևս հարկման տակ վերցնելու նախաձեռնությամբ։

«Եկեղեցու հարկման վերաբերյալ որևէ նախագիծ դեռևս չկա շրջանառության մեջ, բայց ես և գործընկերներս աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս խոսակցությունն ինչ բացվել է, հնչել է պատասխան, որ եկեղեցին հարկվում է, բայց պետք է հասկանալ, թե ինչ են ենթադրում՝ եկեղեցի ասելով։ Գուցե եկեղեցու հոգևոր ծառայողները եկամտահարկ վճարում են, ինչը նորմալ է։ Կա մի բայց` մենք այս պահին ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր, և խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական և արտադրական տարածքների, ինչպես նաև հարյուրավոր բնակելի տների մասին։ Սրանք ուսումնասիրվում են, և կգա ժամանակ, որ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը, և կունենանք նախագիծ»,- եկեղեցուն հարկելու իր «սրբազան պարտքը» փոխանցեց իշխանական պատգամավորը։

Եկեղեցին հարկելուն կողմ է նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահը։ Թեև զարմանալի կլիներ, եթե կողմ չլիներ։ ՊԵԿ նախագահի կարծիքով, այն, ինչ վաճառվում է եկեղեցու կողմից ու դրա դիմաց գումար է ստացվում, պետք է հարկվի։

Իսկ ի՞նչ է վաճառվում եկեղեցու կողմից, բնականաբար, առաջին հերթին՝ մոմ։

Իշխանություններն առաջին հերթին մոմի վաճառքն են ուզում հարկել, նաև անշարժ գույքն ու որոշ այլ պարագաները։ Բայց եթե կարծում են, թե դրանով եկեղեցուն են վատություն անում կամ ճնշում, չարաչար սխալվում են։ Եկեղեցուն հարկային արտոնություններից զրկելը կամ հարկման տակ դնելն ուղղված է գերազանցապես հավատավոր հասարակության դեմ։

Որտեղի՞ց պիտի վճարի եկեղեցին այն հարկը, որը պիտի վճարի մոմի վաճառքի հարկային արտոնությունը վերցնելու ու ԱԱՀ-ով հարկելու պարագայում։

Չեն հասկանում, որ մոմի վաճառքի արտոնությունը՝ չնայած արտաքուստ տրված է եկեղեցուն, իրականում դրա շահառուն քաղաքացին է։

Այդ արտոնության շնորհիվ է, որ մոմն այսօր ցածր գնով է վաճառվում։ Եթե վաղը դրա վրա ԱԱՀ դրեցին՝ մոմի գինը, ուզած թե չուզած, բարձրանալու է, որովհետև բարձրանալու է ինքնարժեքը։

Այն հարկը, որն ուզում են դնել եկեղեցու վրա, իրականում եկեղեցու միջոցով դնում են քաղաքացիների վրա։

Հարկը վճարելու համար եկեղեցին ստիպված է լինելու բարձրացնել մոմի գինը, մյուս ծառայությունների գները, որպեսզի վճարի հարկերը, որոնք այսօր չի վճարում, արտոնություն ունի։

Սա միայն եկեղեցուն չի վերաբերում։ Ընդհանրապես է այդպես. Հարկային բեռի ցանկացած ծանրացում ծանրանում է սպառողների վրա։ Այդքան, որ ամենուրեք հարկերն ավելացնում են, ո՞ւմ հաշվին են ավելացնում։ Պարզ չէ՞, որ սպառողների։ Հարկերը վճարելու համար հարկատուն այլ եկամուտ չունի, քան իր արտադրած ապրանքների կամ առաջարկած ծառայությունների վաճառքից ստացված միջոցները։ Երբ հարկային բեռն ավելանում է՝ հարկատուն հարկադրված բարձրացնում է գները, որպեսզի սպասարկի առաջադրված լրացուցիչ ֆինանսական բեռը։

Նույնը նաև եկեղեցու պարագայում է. եթե վերացնեն արտոնությունները և հարկային բեռի տակ դնեն այսօր չհարկվող գործունեությունը, այլ տարբերակ, քան իր կողմից առաջարկվող ծառայությունների գների բարձրացումն է, եկեղեցին պարզապես չունի։ Ստիպված է լինելու այսօր 100 դրամով վաճառվող մոմը վաճառել 120 դրամով, որպեսզի 20 դրամ ԱԱՀ վճարի պետությանը։

Այդ 20 դրամը վճարելու է եկեղեցին, բայց իրական վճարողը լինելու է այն քաղաքացին, որը գնում է այդ մոմը։

Նույնը նաև մյուս եկեղեցական պարագաներին ու ծառայություններին է վերաբերում, որոնք, իբր եկեղեցուն ճնշելու համար, ուզում են հարկային վարչարարության տակ դնել։

Դժվար չէ հասկանալ, որ այն, ինչ քաղաքական նկրտումներից ելնելով՝ ուզում են անել, ուղղված է ժողովրդի դեմ։ Եկեղեցուն հարկելով՝ հարկում են ժողովրդին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս