
37 տարի անց․ արցախյան շարժման հրամայականն այսօր

37 տարի առաջ այս օրը՝ 1988 թ․ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատվելու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Հենց այդ օրը, երբ Երևանում ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, նշվում է՝ որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի տարեդարձ։
1988 թ․ փետրվարի 20-ը՝ հիմք դնելով ղարաբաղյան շարժմանը, իրականում դարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման գործընթացի մեկնակետը և այն գաղափարական, գաղափարախոսական հենքը, որի վրա կառուցվեց նորանկախ հանրապետությունը։ Արցախի վերամիավորման համաժողովրդական պահանջով սկսված գործընթացը ծնունդ տվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությանը։ Պաշտոնապես ճանաչված լինելով որպես ՀԽՍԽ իրավահաջորդ, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դե ֆակտո նաև Արցախն ընդգրկող հայկական ամբողջական կենսատարածքի իրավունքներն արտահայտող քաղաքական միավորում էր՝ առնվազն այնքանով, որքանով պաշտոնապես համարվում էր Արցախի անվտանգության երաշխավորը։
Եվ Արցախի կորուստը ոչ միայն հազարամյա հայկական տարածքի ու հայրենիքի կորուստ էր, այլև մեծագույն հարված Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական ու քաղաքական հիմքերին, Հայաստանի անկախության ու ինքնիշխանության արժեքային ակունքներին։ Այսօրվա իրականության մեծագույն պարադոքսն ու ողբերգությունն այն է, սակայն, որ գործող իշխանությունների համար փետրվարի 20-ը ոչ թե տոն է, տարեդարձ, այլ տարելից։
Նրանց վարած քաղաքականության հիմքում այն հակապետական, հակաքաղաքական ու ապաբարոյական գաղափարն է, թե Արցախը խանգարել է Հայաստանի իրական անկախությանն ու ինքնիշխանությանը, և ձերբազատվելով Արցախից՝ Հայաստանը, ահա, ձեռք է բերել անկախություն ու ինքնիշխանություն։ Իրականությունն այն է սակայն, որ առանց Արցախի՝ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կորցրել է պետությանն իրական սուբյեկտայնություն ու ինքնիշխանություն հաղորդող տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նշանակությունը։
Եվ դա բանական հարթությունում բացահայտում է գործող իշխանության ամենամեծ խաբեությունն ու կեղծիքը, որը, սակայն, դեռևս հաջողվում է լղոզել քարոզչական ամենակեղտոտ մանիպուլյացիաներով։
Իրականությունն այն է, սակայն, որ «ինքնիշխանության ու անկախության համար» պայքարող գործող իշխանությունն ամենամեծ հարվածն է հասցրել Հայաստանի իրական ինքնիշխանությանն ու անկախությանը և դա հասցրել է՝ Արցախից նախ գաղափարապես հրաժարվելով, ապա՝ ֆիզիկապես հանձնելով այն։
Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իր նախաստեղծ հիմքով այլևս չկա, քանի որ չկա Արցախը։
Իրերն իրենց անուններով կոչելու անհրաժեշտությունը պահանջում է արձանագրել դա, որքան էլ ցավոտ է հուզական հարթությունում։
Բայց ընդունել փողոցից իշխանության հայտնված խմբակի պատճառով հայրենիքի կորուստը, չի նշանակում հրաժարվել այդ նույն հայրենիքի հիշողությունից ու դրա հայկական լինելու իրավունքներից, ինչով այսօր հետևողականորեն զբաղված է այդ նույն խմբակը։
Անկախ Հայաստանը սկզբնավորած 1988 թ․ համահայկական, համաժողովրդական շարժման արժևորման համար այս պահին առնվազն պետք է պայքարել ֆիզիկապես հանձնված հայկական Արցախի մասին հիշողությունը, կորստի ցավն ու կարոտը ջնջելու իշխանության այլասերված քաղաքականության դեմ՝ այսօր անիրական թվացող Արցախի վերադարձը բարենպաստ աշխարհաքաղաքական զարգացումների ու հայկական շահով իշխանություն ունենալու դեպքում երբևէ հնարավոր դարձնելու համար։
Հարություն Ավետիսյան