ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԻ ԳՆԱ. ԹԻՄՈՎ ԹԱԹԱԽՎԱԾ ԵՆ ԹԱԼԱՆԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ. ՄԻՆՉԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԻ, ՉԻ ԳՆԱԼՈՒ. ԻՆՔԸ ԳԻՏԻ՝ ԻՆՉ ՀԱՆՑԱՆՔՆԵՐ Է ԳՈՐԾԵԼ. #ԴԱՍԵՐ-17

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հոգեբան Կարինե Նալչաջյանն ու պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն են։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարինե Նալչաջյան.- Երբ խոսում ենք Փաշինյանի, իր մերձավոր շրջապատի մասին, մի բան կա, որ բնորոշ է բոլորին․ դա իրենց բարոյական կերպարն է։Ցավոք, փողոցի պահվածքը եկել է հայոց Խորհրդարան․ սա անկման մասին է խոսում։ 2 խեղկատակություն, մեկ սրիկայություն կամ հակառակը…հետո նորից նույնը… արտաքին թաղանթը պահում են։ Սա իրենց սովորական գործելաոճն է։

Կարդացեք նաև

Էս մարդիկ էթնիկական մուտանտներ են։ Իրենց բարոյական մակարդակը դա է, և հիմա քողարկվելու խնդիր էլ չունեն․ իրենք բաց են խաղում։ Խորհրդարանում այդ տեսարաններով Փաշինյանը ցույց էր տալիս իր ողջ էությունը։ Մենք պետության քայքայման ականատեսներն ենք։ Այս մարդն ուզուրպացրել է պետությունը։

Հասարակության տրամադրությունները պետք է հաշվի առնել։ Իրենց այդ պահվածքով նրանք մարդկանց մոտ զզվանքիզգացում են առաջացնում։ Ուժի ցուցադրություն է, ամենաբռի ու գռեհիկ տեսքով։ Հասարակությանն ասում են՝ մեր ձեռքում եք, ինչ կուզենք՝ կանենք։ Ուժի ցուցադրությունն ու վախի մթնոլորտի ստեղծումն ինչ-որ չափով աշխատում են, ու հենց դրանք են ինչ-որ չափով սրանց պահում իշխանության ղեկին։

Հովհաննես Ավետիսյան.- Նիկոլ Փաշինյանի քաղաքական բրենդը կոռուպցիան է։ Իր ողջ քաղաքական կենսագրությունը նա կառուցել է թալանի ու կոռուպցիայի վրա։ Հանրության աչքերում նա իրեն ներկայացրել է՝ որպես արդարության համար, կոռուպցիայի դեմ պայքարող անձ։ Եվ շարունակաբար նա մինչ օրս իր աջակիցներին պահում է կոռուպցիոն պատմությունների թելի վրա։ Ցանկացած բան ասեք իրեն իր վատ կառավարման մասին․ նա այդ հարցին չի պատասխանի ու կրկին կխոսի նախկինների կոռուպցիայից։ Կասի՝ թալանում էին, դրա համար սենց եղավ… իրենց բոլոր ձախողումներին որպես պատճառ՝ դա է բերում: Ինքը բոլորին ասում է՝ կոռուպցիայի թեման իմ հաց ու ջուրն է, դուք ո՞նց կարող եք դրա մասին խոսել։

Նիկոլ Փաշինյանի թիմը թաթախված է թալանի ու կոռուպցիայի մեջ, ինքը դրանով եկել, դրանով էլ գնալու է։ Դրա համար է նա ջղաձգվում, որովհետև լավ գիտի՝ իր թիմն ամբողջովին թալանի մեջ է թաթախված։

Քանի որ ինքն ավտորիտար իշխանության կրող է, լկտի ուժի ցուցադրություն է անում։ Վատն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Սեյրան Օհանյանը, չեն էլ գիտակցում՝ իրենց հետ ինչ է տեղիունենում։ Սեյրան Օհանյանին փչացնելը՝ որպես բանակի նախկին ղեկավարի, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար կարևոր, կենսական նշանակություն ունի։Հիշեք՝ ինչպես են խաբում մարդկանց՝ ասելով՝ «պատերազմը գցեցին ջեբներս, թռան»… Այն, ինչ անում են, Սեյրան Օհանյանի դեմ չի ուղղված, այլ բանակի դեմ է։ Հանրությանը ցույց են տալիս, որ՝ մենք չէինք մեղավոր, սրանք են մեղավոր, որ պարտվեցինք…

Կարինե Նալչաջյան.– Մեր հասարակության գիտակցությունն արդեն սկսում է փաշինյանական կապանքներից դուրս գալ, որովհետև այն թեզերը, որ ժողովրդի գիտակցության մեջ մտցրել էին 2018թ․-ին ու դրանից առաջ՝ աղետի նախապատրաստության ընթացքում, կարծես թե չեն աշխատում։ Բաներ կան, որ այնքան ակնհայտ են, որ իրենց համար դժվար է այդ խաբեությունն առաջ տանել։

Սեյրան Օհանյանը մեր հաղթանակների խորհրդանիշներից է ու նաև նախկին է, ինչն իրենց համար նրան հարմար թիրախ է դարձնում։ Դրա համար են նրան փորձում ստորացնել։ Արցախի հաղթանակը կերտողների մի մասը Բաքվի բանտերում են, մյուս, այստեղ գտնվող մասի վերաբերյալ քրեական գործեր են հարուցված, բանտերում են։

Իշխանությունն ուզուրպացված է բարոյական տհասների կողմից, ում համար չկան սրբություններ։

Անցել է այն փուլը, որ ընդդիմադիր պատգամավորների սուր հարցադրումները հարցեր էին լուծում։ Այդ էտապը վաղուց անցել է։

Վաղուց տպավորություն ունեմ, որ սրանց թիկունքում դրսից ամբողջ ինստիտուտներ են աշխատում։ Փաշինյան Նիկոլը խոսում է սոցիալ-հոգեբանության մասին՝ իր խախտված, խեղված տրամաբանությամբ․ դա շատ ծիծաղելի է։

Իրենց տերերի ցուցումով հիմա իրենք փչացնում են իմպիչմենտի գաղափարը․ Հովիկ Աղազարյանը հայտարարում է իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Սա դրա վառ ցուցիչն է։

Հովհաննես Ավետիսյան.– Հանրության չեզոք հատվածը՝ մոտ 70%-ը, դիտում է և՛ նիկոլականների, և՛ ընդդիմության ելույթները։ Ընդդիմությունը փորձում է ցույց տալ Փաշինյանի կեղծ էությունը՝ սադրիչ հարցեր տալով։ Սա է ընդդիմության մի մասի տակտիկան, ընդդիմության մի հատվածը չի մասնակցում հարցուպատասխանին։
Ինչ-որ չափով դա հաջողվում է, բայց դա ունի գին․այդ ընթացքում իրենցվրա էլ են հարձակվում, նրանց օգտագործում են՝ իրենց գիծն առաջ տանելու համար։ Բայց ընդդիմությունն այլ տարբերակ չունի, եթե ԱԺ-ում է։ Հակառակ դեպքում բոլորով պիտի մանդատները վայր դնեն։

Մանդատները պետք են իմպիչմենտի գործընթացի համար։ Քաղաքական գործընթացներում քաղաքական գործիչը մյուս քաղաքական գործիչների աչքում կշիռ է ունենում, երբ նրա հետևում մարդկանց որոշակի քանակ կա կանգնած։ Դասական քաղաքական գործընթացներում դա դրսևորվումէ ընտրություններին հավաքած ձայների քանակով։ Ոչ դասականի դեպքում դա դրսևորվում է փողոցային պայքարի ժամանակ իրենց կոչով մարդկանց քանակ հավաքելու հետ։ Քաղաքական դաշտում կշիռ ունենալու այլ ձև չկա։ Քանի որ իմպիչմենտի պրոցեսը շատ լուրջ պրոցես է, հարց է հնչում՝ ովքե՞ր են նախաձեռնողները, ի՞նչ կշիռ ունեն, նկատի ունեմ, թե որքա՞ն մարդ իրենց կոչով փողոց դուրս կգա։ Օրինակ՝ ես քաղաքական գործընթացների մասնակցում եմ, հանրային կարծիքի վրա որոշակի ազդեցություն ունեմ, բայց քաղաքական կշիռ չունեմ։

Այն պահին, երբ մարդիկ դուրս կգան փողոց ու տուն չեն գնա, մինչև սրանք չհեռանան, իմպիչմենտի պրոցեսը կհաջողի։ Քանի դեռ փողոցում պրոցեսը գեներացված չէ ու ի ցույց դրված չէ, իմպիչմենտի պրոցեսը չի հաջողի։

Նիկոլ Փաշինյանը, ես ձեզ վստահ ասում եմ, ընտրություններով չի գնալու։ Մինչև փողոցում մեծ ճնշում չլինի, նա չի գնալու, որովհետև ինքը գիտի՝ ինչ հանցանքներ է արելմեր պետության, մեր ժողովրդի նկատմամբ:

Գյումրիի քաղաքապետի, ավագանու ընտրությունները ցուցիչ չէ։ Փաշինյանին անհնար է համապետական ընտրություններով պարտության մատնել(քանի որ ողջ վարչական ռեսուրսը, ուժային կառույցները գործի են դնելու),մինչև հայ ժողովուրդը ոտքի չկանգնի։

Կարինե Նալչաջյան.– Այնպես չի լինելու, որ մի առավոտ արթնանանք ու որոշենք, որ բոլորս գնալու ենք Հրապարակ։ Դա պետք է գեներացնել։ Եթե մենք նստենք ու սպասենք` մինչև ժողովուրդը փողոց լցվի, նոր իմպիչմենտ նախաձեռնենք, դա հնարավոր չէ։ Ցավոք, իմպիչմենտի մասին՝ Փաշինյանին ԱԺ-ում անվստահություն հայտնելուայս ամբողջ խոսակցությունը տեղափոխվում է անձերի տիրույթ։ Ես այստեղ տեսնում եմ ինքնագիտակցության խնդիր։ Սրբազան շարժումը բավականին լայն թափ հավաքեց, բայց չհաջողեց, որովհետև կոորդինացիա չկար։

Ժողովրդական տրամադրություններն այնպիսին են, որ համաժողովրդական շարժում հնարավոր է գեներացնել․ նվիրյալներ կան, կոորդինացիա չկա։ Եթե Պառլամենտում պրոցես սկսվի, ժողովրդի մեջ տրամադրություններն այնպիսին են, որ նրանք դուրս կգան։

Հովհաննես Ավետիսյան.-Ազգային ժողովում չկան առաջնորդներ, որոնք կարողանալու են քաղաքական պրոցես գեներացնել։ Հետևաբար՝ գեներացիան ԱԺ-ից չի լինելու։ Պետք է լինեն առաջնորդներ, որոնք առաջնորդելու են լայն զանգվածներին։ Մինչև դա չլինի, իմպիչմենտի պրոցես հնարավոր չի լինելու։

Կարինե Նալչաջյան.– Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք այսօր գտնվում, և լուծումներն էլ պետք է լինեն ոչ ստանդարտ։

Հովհաննես Ավետիսյան.-Նպատակի շուրջ համախմբվածության բացակայությունը մեզանում նոր երևույթ չէ։ Եթե պառակտված չլինեինք, Արցախ չէինք կորցնի։ Բայց ես չեմ հիասթափվում։ Պետք է ունենանք հայկական, ազգային շահով առաջնորդվող իշխանություն, ոչ թե դրսից կառավարվող իշխանություն։Պետք է ունենանք հայկական իշխանություն։ Ամեն բաց թողնված օրը գնում է մեր երկրից։ Ցանկացած մարդու, ով այս իշխանությանը հեռացնելու պրոցես է նախաձեռնում, ես չեմ կարող քննադատել՝ անկախ նրանից՝ համաձա՞յն եմ, թե՞ ոչ։ Բայց, կրկնում եմ՝ առանց փողոցային պայքարի՝ իմպիչմենտի գործընթացը չի հաջողելու, իսկ փողոցային պայքարի համար անհրաժեշտ է լայն զանգվածների մոտ հեղինակություն ունեցող մարդու մասնակցություն։ Իսկ այսօրվա դրությամբ այդ մարդը Բագրատ սրբազանն է, ով շարունակում է ակտիվ մնալ ու էլի մարդկանց համախմբելու ու փողոց դուրս բերելու կոչով հանդես կգա։

Կարինե Նալչաջյան.– Ես պատասխանատվությունից հրաժարվելու միտում եմ տեսնում։ Չեն կարող հսկայական ճանապարհ անցած քաղաքական կուսակցությունները թեկնածու չունենալ։ Չի լինում այդպես։

 

Ե՞րբ է մարդը բռնկվում, ամեն ինչ թողնում ու դուրս գալիս հանուն իր այսօրվա ու վաղվա։ Զզվանք, զայրույթ, արհամարհանք․․․Այս պայթուցիկ եռյակն է մարդկանց դուրս բերում փողոց։ Այս տարիների ընթացքում մեր ազգային ինքնաքննադատությունը շատ են իջեցրել, մեր ինքնագնահատականը՝ հասցրել 0-ի։ Թշնամական քարոզչության թիրախներից մեկը հենց սա է։ Մեզ դարձրել են զոհի կերպար, բայց մենք զոհ չենք։ Դա էլ է մեր դեմ տարվող քարոզչություն, վիկտիմիզացիայի քարոզչություն է, որում հաջողել են։ Մեզ հարկավոր է վերագտնել մեր իսկական ազգային, հայկական ինքնությունը։ Հիմա ամեն ինչ արվում է, որ մենք դառնանք ուրիշ․ դրա համար են փոխում մեր դեմոգրաֆիան։ Հարկավոր են գործողություններ, մեր ժողովուրդը հոգեպես պատրաստ է։

Հովհաննես Ավետիսյան.– Գործողություն պահանջողները պետք է պատրաստ լինեն գործողության մասնակցել։

Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ից խորհուրդներ են տալիս՝ ինչ տեխնոլոգիաներ կիրառել:
Քաղաքական գործիչը միայնակ ոչինչ չի կարող անել, եթե իր հետևում չկա աջակցություն։ Եթե մարդիկ տներում նստեն ու ոչ մի բանի չմասնակցեն, ոչ մի հաջողություն չի լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս