Ինչո՞ւ է Արևմուտքն ակնհայտորեն աջակցում Թբիլիսիի ցույցերին, իսկ սրբազան շարժման դեպքում՝ լռում
Այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշագրավ համեմատական անցկացրեց այս օրերին Թբիլիսիում և Երևանում ծավալվող ընդդիմադիր, հակակառավարական ցույցերի և դրանց վերաբերյալ Արևմուտքի արձագանքների միջև։
Զախարովան ցույց տվեց, թե ինչպես է հավաքական Արևմուտքն աջակցում վրացական ընդդիմությանը՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, իսկ ավելի լայն իմաստով՝ իշխանության դեմ պայքարում, իսկ Երևանի դեպքում իբրև թե չնկատելու է տալիս՝ դրանով իսկ իր աջակցությունը հայտնելով ըստ էության Փաշինյանի իշխանությանը։
Զախարովան մասնավորապես ասաց․
«Տեսեք՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները գրեթե ամեն օր «հարձակվում են» Վրաստանի իշխանությունների վրա՝ իբրև թե ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Դա անում են տարբեր եղանակներով, նշում են, թե Վրաստանի իշխանությունները դեմ են գնում ԱՄՆ արժեքներին, որ այս ամենը չի օգնի նրանց միանալ ԵՄ-ին, այսինքն՝ ամեն կերպ վախեցնում են, կրկնեմ՝ նշելով «ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքը»։ Ի՞նչ ենք տեսնում Հայաստանի համատեքստում՝ Արևմուտքի գերեզմանային լռությունը Հայաստանում մասսայական ձերբակալումների ֆոնին։ Այնտեղ, այդ թվում՝ կոշտ ուժ է կիրառվում։ Կարծես անջատել են Արևմուտքին այս օրակարգից, միացրել են միայն «մեկ նոտա», իսկ մնացածը կարծես տեղի չի էլ ունենում»։
Նա նաև ասաց, որ բոլորը կարծես մեկ հրամանով՝ ամերիկյան, եվրոպական ԶԼՄ-ները, ամեն կերպ շրջանառում են Վրաստանում տեղի ունեցող ցույցերը, նրանք այնպիսի մակարդակի ռեպորտաժներ են պատրաստում, որ ցույցերի մասնակիցներին ներկայացնում են՝ ինչպես հերոսների։
«Արևմտյան մեկնաբանություններում և ռեպորտաժներում ներկայացվում է, որ ցուցարարները գործում են օրենքի շրջանակում, նրանց հակաօրինական բոլոր տեսակի քայլերը «մաքրում են», արդարացնում ամեն բան։ Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց ակցիաներին, արևմտյան մեյնսթրիմն այն կարծես «հանգցնում է», ցույց է տալիս, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում, կամ այդ իրադարձությունները ներկայացնում են՝ որպես հայ ժողովրդի կամքը չներկայացնող, ինչպես նաև՝ դրսից ուղղորդվող։ Զարմանալի է, չէ՞, ինչպե՞ս է նման բան հնարավոր»,- նշեց Զախարովան։
Եվ իսկապես մայիսի 9-ից Երևանում Բագրատ սրբազանի գլխավորությամբ զարգացող բազմահազարանոց շարժման ընթացքում ոստիկանական բիրտ գործողություններին Արևմուտքից դեռևս որևէ արձագանք չի եղել, չի եղել ո՛չ Միացյալ Նահանգներից, ո՛չ ԵՄ-ից, և ո՛չ էլ որևէ այլ երկրից։ Արևմտյան մամուլում, իհարկե, որոշ լուսաբանումներ կան երևանյան բազմահազարանոց շարժումից, որոնք համեմատելի չեն այն մեդիա աջակցությանը, որը Վրաստանի ընդդիմությունը ստանում է արևմտյան մամուլի կողմից։
Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոշաշվիլին մեզ հետ զրույցում, գնահատելով Արևմուտքի այս «պահվածք»-ն, ասաց, որ ստեղծված իրավիճակն ունի մի շարք պատճառներ։ Ըստ նրա, առաջինն ու գլխավորն այն է, որ վրաց իշխանություններն օտարեկրյա գործակալների թափանցիկ գործունեության մասին օրենքը ցանկանում էին ընդունել դեռևս նախորդ տարի, որում շատերը տեսնում են ռուսական հետք, ուստի անընդհատ այս թեման շրջանառվել է ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ Վրաստան-Արևմուտք հարաբերությունների կոնտեքստում, քանի որ այդ օրենքի թիրախը հիմնականում լինելու են ՀԿ-ները, այդ թվում՝ ֆինանսավորվող Արևմուտքից։
«Բացի այս օրենքը, վրաց իշխանություններն Ուկրաինայի պատերազմին զուգահեռ՝ արեցին քայլեր, որոնց պատճառով վատթարացան Վրաստան-Արևմուտք հարաբերություններ։ Ու թեև Վրաստանը ստացել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, այս օրենքը լուրջ խնդիր է դարձել մեր հարաբերություններում։ Ընդդիմությունը դիրքավորված է ավելի արևմտամետ, ուստի աջակցությունն ընդդիմությանը, ինչպես նաև անդրադարձները թեմային, իշխանություններին ուղղված կոչերը բնական են։ Սրանով իշխանությունը փորձում է պահել նաև իշխանությունը, սակայն հասարակության գերակշիռ հատվածը ունի հստակ արևմտյան կողմնորոշում և ակնկալիքներ։ Այս օրենքը, Վրաստանի կողմնորոշումը և Արևմուտքի հետ հարաբերությունները ուղիղ կապի մեջ են, սա զուտ ներքաղաքական, Արևմուտքից կտրված հարց չէ»,- նկատեց վերլուծաբանը։
Ամփոփելով, նա նշեց, որ այս թեման հասարակության շրջանում երկար է «եփվել» և արդեն այդ հարաբերություններում վերածվել է լուրջ խնդրի։
Ինչ վերաբերում է Երևանում ծավալվող շարժմանը, վրացի վերլուծաբանը գտնում է, որ այն դեռ նոր է ծավալվում՝ մի քանի օր է, գուցե դա է պատճառը նաև, որ Արևմուտքից դեռևս ամենաբարձր մակարդակով չկան անդրադարձներ դրան։ Նրա կարծիքով, Հայաստանում ծավալված շարժումը մի շարք յուրահատկություններ ունի, որոնցից գլխավորն այն է, որ շարժումն առաջնորդում է եկեղեցու ներկայացուցիչը, ինչպես նաև այն, որ սա զուտ ներքաղաքական հարց է՝ մի փոքր արտաքին բաղադրիչով, որը վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցություններին։
«Կա նաև այն գործոնը, որ Արևմուտքը ՀՀ իշխանությունների հետ այս փուլում աշխատում է, հարաբերությունները խորացել են, այդ իշխանության օրոք ԵՄ-ն ներկայություն ունի Հայաստանում, Ռուսաստանի դիրքերը թուլանում են, Արևմուտք-ՌԴ գլոբալ սուր առճակատման ֆոնին ներկայությունը պակասում է, ուստի ԵՄ-ում, ԱՄՆ-ում հապաղում են արձագանքների հարցում։ Բացի դա, Արևմուտքն աջակցում է նաև Հայաստան-Ադրբեջան ներկայիս բանակցություններին։ Այս ամենը, որքան էլ զարմանալի, սակայն ունի իր նշանակությունը և որոշակիորեն փոխում է արձագանքների ինտենսիվությունը և որակը»,- նկատեց վերլուծաբանը։
Սակայն, Գոգոլաշվիլիի խոսքով, շարժման զարգացմանը զուգահեռ՝ կլինեն նաև արտաքին ուղերձներ։
«Կարծում եմ՝ Արևմուտքը կկողմնորոշվի և կարձագանքի՝ ըստ տվյալ իրավիճակի»,- ասաց նա։