«Խաղաղության համաձայնագիր կլինի, իսկ երկարատև ու կայուն խաղաղությո՞ւն…». Լուկիանով

Ղազախստանում այսօր ավարտվեցին նախօրեին մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ եզրափակելով, որ նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:

Սրան զուգահեռ՝ Ալիևը Շուշիում սպառնալիքների հերթական չափաբաժինն էր տարածել՝ Հայաստանին անվանելով «թշնամի» և արտահայտվելով ուժի դիրքերից, սպառնալով նոր գործողություններով։

Կարդացեք նաև

Նա մասնավորապես ասել է․ «Մենք թշնամուն իր տեղը ցույց տվեցինք, և այսօր թշնամին ուժասպառ է մեր առաջ։ Այսօր առանց այլ միջոցների դիմելու անհրաժեշտության, բացառապես մեր պահանջով՝ վերադարձվում են Ղազախի չորս գյուղերը։ Վերադարձվում են մե՛ր պահանջով, տեսնում եք՝ ինչպես պետք է լինի։ Այսուհետ այդպես է լինելու»։ Շարունակելով սպառնալ, նա նշել է, որ ոչ ոք չի կարող իրենց ինչ-որ բան թելադրել կամ խառնվել ներքին գործերին. «Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»։

168amի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյորդոր Լուկիանովն ասաց, որ այս հանդիպմամբ ԱԳ նախարարությունները մեկ քայլով մոտեցան միջպետական պայմանագրի ստորագրմանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ երկու օրվա ընթացքում մի քանի ժամ տևող բանակցությունների ընթացքում կոնկրետ հարցեր են քննարկվել ու բանակցություններ են ընթացել, այսինքն՝ գործնական աշխատանք։

Լուկիանովի կարծիքով, առաջիկա բոլոր հանդիպումները, ինչ-ինչ տարբերություններով, նման բովանդակություն են ունենալու, առանց լուրջ տարաձայնությունների, քանի որ բավականին երկար ճանապարհ են անցել կողմերը, և ներկայումս կա ցանկություն՝ ունենալ փաստաթուղթ, իսկ Ադրբեջանի կողմից կա ցանկություն՝ շուտափույթ կերպով ամրագրել այն, ինչ ձեռք է բերվել։

«Ի վերջո, անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում իրերի դրությունն ամեն պահի կարող է փոխվել՝ բարդացնելով շատ հարցեր ու հեռանկարներ, ուստի նախապատրաստվում է պայմանագիրը։

Սակայն շատ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչ խնդիրներ է դա լուծելու կողմերի միջև, որքանով է այն ապահովելու կայուն խաղաղություն։ Այս հարցում փորձագետների մեծ մասը կասկածներ ունեն, որոնց կարծիքով՝ համաձայնագիր կլինի, սակայն կողմերի միջև բարիդրացիություն, խաղաղություն չի լինի»,- շեշտեց վերլուծաբանը։

Նա այն կարծիքին է, որ երկարատև ու կայուն խաղաղության համար հարկավոր է դրան հասնել փոխզիջումների միջոցով։

«Փոխզիջումներ չկան, իսկ հայ հասարակության մի հատվածը դեմ է այն քայլերի հաջորդականությանը, որով իշխանությունը գնում է դեպի այս պայմանագիրը։ Ուստի կան լուրջ պատճառներ նման կանխատեսումների համար։ Խաղաղության համաձայնագիր կլինի, իսկ լիարժեք խաղաղությո՞ւն»,- նման հռետորական հարցով իր տեսակետը ներկայացրեց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս