30 տարի անց․ «Հարսանիք Հանրապետության հրապարակում»
Այսօր Շուշիի ազատագրման 30-ամյա տարեդարձն է։ Թեև բուն ռազմական գործողությունն ավարտվել է մայիսի 8-ին, սակայն հաջորդիվ տարիներին հենց մայիսի 9-ին է նշվել եռատոնը։
2020 թվականի ողբերգական պատերազմին հաջորդած երեք տարիներին մայիսի 9-ին մենք ապրում, մտածում, ցավում, բարձրաձայնում ու լռում էինք՝ «տոն, որ այլևս մեզ հետ չէ» տրամաբանությամբ, որովհետև նաև Հայաստանի գործող իշխանության գործողությունների ու անգործության պատճառով մեզանից խլվեցին բոլոր այն արժեքները, որոնք ընկած են եռատոնի գաղափարի հիմքում։
Բայց այսօր՝ հարյուրամյակների կտրվածքով հայկական պետության ամենանշանակալի հաղթանակի 30-ամյակին, այդ նույն հաղթանակի իմաստը, նշանակությունը, հրամայականը շատ ավելի արդիական է, քան բոլոր այն հաղթական տարիներին, երբ մենք արժանապատվորեն էինք տոնում մայիսի 9-ը, որը մեր հասարակությանը միավորող գաղափար ու արժեք էր՝ անկախ բոլոր տարաձայնություններից ու շերտավորումներից։
Այսօրվա հայկական իրականության հիմնարար խնդիրն այն է, որ իշխանությունն անում է ամեն ինչ՝ հանրության միավորող, հասարակական կոնսոլիդացիայի հիմք հանդիսացող արժեքը գլխիվայր շրջելու, հայ ժողովրդին հաղթանակած ազգից՝ պարտված, բայց որ ավելի սարսափելի է՝ պարտության հետ հաշտվող, պարտությունն անխուսափելի համարող զանգվածի վերածելու համար։
Հաղթանակի համար, բացի բանակից ու հրամանատարությունից, բացի զինամիջոցից ու խելքից, անհրաժեշտ է նաև ցանկություն, հաղթանակած լինելու ցանկություն և հաղթանակի կամք։
Պարտված իշխանությունն ու պարտության իշխանությունը, սակայն, անում է ամեն ինչ՝ հայ հասարակությանը, հայ ժողովրդին հաղթանակի ու հաղթելու ցանկությունից զրկելու, հաղթանակի կամքը զրոյացնելու համար՝ որպես պարտության ու պարտվողականության փոխհատուցում խոստանալով նյութական բարեկեցություն։
Այսօրվա մոդայիկ բառամթերքով, այդ խոսույթն ասպարեզ նետած իշխանությունը ցանկանում է սոցիալ-հոգեբանական մակարդակում հայ ժողովրդին զրկել երբևէ հաղթելու, հաղթանակները վերագտնելու ցանկությունից ու կամքից և պարտության անիվը շրջելու փոխարեն՝ զբաղված է մեր պատմության անիվն այնպես շրջելով, որ դրանից մեկառմիշտ ջնջվեն հաղթանակների հիշողությունն ու հաղթելու ցանկությունը։
Եվ եթե 2020 թվականին Ադրբեջանը՝ աշխարհի անտարբեր ու աջակից լռությամբ, մեզ զրկել է հաղթանակներից ֆիզիկապես՝ օկուպացնելով Արցախը, Հայաստանի իշխանությունը հայկական հաղթանակների դեմ պայքարում է հոգևոր հարթությունում՝ անելով ամեն ինչ մարդկանց հոգիներն ու կամքն օկուպացնելու, հոգիներում ու մտքերում հաղթանակն անկարելի դարձնելու համար։ Եվ դա ավելի սրբապիղծ պատերազմ է, քան աշխարհի աջակցությամբ Ադրբեջանի մղածը, որովհետև ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական հողերը վերադարձնելի են, իսկ հոգիների օկուպացիան, որ հոգեորսության եղկելի դրսևորում է, իր մեջ սատանայականություն ունի ու շատ ավելի անդառնալի է, քան ամենահզոր բանակների խլածը։
Նախախնամությամբ, թե այլ վերքաղաքական բացատրությամբ այսօր հայ ժողովրդի հոգիները հաղթանակի ցանկությունից խլելու դեմ պայքարն առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցին, որի հաղթանակը չի լինելու քաղաքական, բայց մարդկանց հաղթանակելու ցանկության ու կամքի վերադարձն է միայն, որ կարող է հոգևոր հաղթանակը վերածել քաղաքական ու պետական հաղթանակների։ Այնպես, ինչպես 1994 թվականին։
Շնորհավոր Հաղթանակի օրը։
Հ․Գ․Շուշիի գրավման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը։ Այսօրվա իրողությունների պայմաններում, Շուշիի ազատագրումից 30 տարի անց ու հանուն դրա, նոր հաղթանակների պայմանական օպերացիան կարող է կոչվել «Հարսանիք Հանրապետության հրապարակում»։ Բառի լայն և նեղ իմաստներով։
Հարություն Ավետիսյան