Սկսած Փաշինյանից՝ վերջացրած Բլինքենով, Միշելով, Բորելով, այլասերում են Ալմա Աթայի հռչակագրի էությունը. Լարիսա Ալավերդյան

«Հերթական մանիպուլյացիան է։ 1994 թվականի շփման գիծը միջազգայնորեն ճանաչված գիծ է»,- ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում իշխանությունների կողմից Ալմա Աթայի հռչակագրին հղում տալու քաղաքականությանը և, մասնավորապես, այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին։

Իսկ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, թե Ադրբեջանն ամիսներ շարունակ փորձում էր հետքայլ անել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածությունից, սակայն ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածությունը և ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա Աթայի հռչակագիրը.

«Դա ենթադրում է, որ վերականգնվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային Միության փլուզման պահին, այսինքն՝ 1991 թվականի դրությամբ:

Ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել. պատասխանը հետևյալն է՝ որովհետև Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ այն լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը: Այսինքն՝ գործի հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են»,- երեկ խորհրդարանում հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ Ռուբինյանը։

Կարդացեք նաև

Լարիսա Ալավերդյանը շեշտեց. «Սկսած Նիկոլ Փաշինյանից՝ վերջացրած Բլինքենով,
Շառլ Միշելով, Բորելով, այլասերում են Ալմա Աթայի հռչակագրի էությունը. այդ հռչակագրում չկա որևէ բառակապակցություն նախկին սովետական, նախկին վարչական սահմանների մասին։ Այնտեղ պարզ, հստակ ռուսերենով գրված է՝ «признавая и уважая территориальную целостность друг друга и нерушимость существующих границ» (ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը): Մինչ այսօր ԱՊՀ ինստիտուտների կողմից որևէ փաստաթղթում չկա «սովետական սահման» բառակապակցությունը, ավելին՝ միջազգային որևէ կազմակերպության կողմից ընդունված որևէ փաստաթղթում չկա նախկին սովետական կամ նախկին սովետական վարչական սահմաններ ասվածը։

Սա ոչ թե ուղղակի մանիպուլյացիա է, այլ այլասերում այն փաստաթղթի, որն ընդունվել է 1991 թվականին»։

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նաև հիշեցրեց՝ այդ ժամանակ Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրած Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ստորագրությունը Ադրբեջանի Մեջլիսը հետ է կանչել, և միայն 1993 թ.-ին Հեյդար Ալիևը ոչ թե արդեն այդ հռչակագրին, այլ ԱՊՀ երկրների կանոնադրությանն է միացել։

«1993 թվականին ևս բոլորին պարզ էր, որ թե՛ 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրում, թե՛ հռչակագրում, որով այդ հանրապետությունները միանում են այդ համաձայնագրին, չկա «սովետական սահմաններ» բառակապակցությունը։

Այսինքն՝ եթե դա սխալ կամ վրիպում էր, ապա ԱՊՀ երկրների կանոնադրության մեջ գրված կլիներ նախկին սովետական սահմանների մասին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ սա այնպիսի աղավաղում է, որը պետք է դիտարկվի ՄԱԿ որևէ հանձնաժողովի կողմից, և միջազգային մակարդակով այդ սուտը, որը մեծ նշանակություն ունի ողջ ԱՊՀ երկրների տարածքի համար, պետք է բացահայտվի և դատապարտվի։ Այդ գործընթացը, ըստ մասնագետի, կարող է նախաձեռնել ԱՊՀ ցանկացած անդամ-պետություն։

Ի դեպ, երեկ ԱԳՆ կայքում պաշտոնապես հրապարակվեց նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին, որտեղ առյուծի բաժինը հատկացված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և, մասնավորապես, 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին: Լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք խոչընդոտ ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջացնելու և Բաքվի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը հասնելու համար, Արարատ Միրզոյանը պատասխանել է.

«Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, հարցում, և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։ Այսպիսով, ինչպես նշեցի, այն ժամանակ, երբ մենք համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը»:

Տեսանյութեր

Լրահոս