Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան
«Սյունիքից ոչ մի միլիմետր, ոչ մի սանտիմետր թշնամուն չի հանձնվել և չի էլ հանձնվելու». իշխանությունների ու նրանց խոսնակների այս կեղծ թեզերով ընդամենը 2-3 տարի առաջ Շուռնուխ ու Որոտան գյուղերի մի մասը հայտնվեց թշնամու հսկողության տակ, հարակից ճանապարհահատվածում տեղադրվեց ադրբեջանական անցակետ։
Հենց նույն տեքստերով արդեն այսօր ՔՊ-ականները տավուշցիներին են համոզում, որ իրենց գյուղերից սանտիմետր, միլիմետր չի զիջվում, բայց, օրինակ, կիրանցիների սեփականության վկայականները լրիվ այլ բանի մասին են փաստում։
Իշխող ուժն ու նրա առաջին խոսափող Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, սահմանագծման ու սահմանազատման գործընթացը համարում է ձեռքբերում, դրա մասին բեմադրում ջրային շոուներ ու ժողովրդի՝ «մի՛ հանեք միները, մի՛ վտանգեք մեր երեխաների ու մեր կյանքը» ահազանգող կոչերի ներքո՝ շարունակում տեղադրել սահմանասյուները։
Ավելին՝ ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը երեկ պատմում էր, թե Ադրբեջանն ամիսներ շարունակ փորձում էր հետքայլ անել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածությունից, սակայն ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածությունը և ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա Աթայի հռչակագիրը:
«Դա ենթադրում է, որ վերականգնվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային Միության փլուզման պահին, այսինքն՝ 1991 թվականի դրությամբ: Ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել. պատասխանը հետևյալն է՝ որովհետև Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ այն լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը: Այսինքն՝ գործի հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ նկատելով, որ խորհրդարանական ընդդիմությունը լծվել է այդ տրամաբանության լեգիտիմացման գործին, ինչը տարօրինակ է:
Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմադիրների թեզը, թե սահմանազատման հիմք պետք է ընդունվի 1993 թվականի շփման գիծը, նշանակում է ասել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինեն իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերն ու քարտեզները, այլ շփման գիծը. «Իսկ շփման գիծն ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է, այսինքն՝ կրկին ուժի իրավունք: Դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը: Երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու, և լինելու է այն, ինչ բազմիցս եղել է»։
Իշխանական այս և այլ հայտարարությունները քաղաքագետ Հրանտ Միքայելյանը որակեց մանիպուլյացիա։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետը շեշտեց.
«Այս ամենում որևէ ճիշտ բան չկա. բացարձակ ստեր են և չեն արտացոլում իրականությունը։ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող նման կերպ մեկնաբանվել։ Այդ հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. ճանաչվել են սահմանները, որոնցով երկրները ստորագրել են այդ հռչակագիրը։ Հայաստանն էլ ստորագրել է Արցախի հարցը բացառող հայտարարությամբ, իսկ Ադրբեջանը միացել է հռչակագրին 1993 թվականին։ Բացի այդ, Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման, սահմանագծման համար որևէ շրջանակային պայմաններ չի ստեղծում. դա ուղղակի սուտ է»։
Այս համատեքստում նա հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի վերադառնում սովետական սահմաններին, չի վերադարձնելու իր կողմից գրավյալ տարածքները։
«Այսինքն՝ Ադրբեջանը Սովետական Հայաստանի տարածքները, որոնք վերահսկում է, չի վերադարձնում՝ ուղղակի միակողմանիորեն Հայաստանից ստանում է. Ի՞նչ ստեր են խոսում։ Ռուբեն Ռուբինյանի նման տապալված գործիչը ինչպե՞ս կարող է դիվանագիտությունից խոսել. նրանք ոչ մի բան են այս ոլորտում»,- հավելեց Հրանտ Միքայելյանը։
Թե որքանով են արդյունավետ Տավուշում օջախային պայքարն ու դրան զուգահեռ՝ տարբեր մարզերում ու մայրաքաղաքում դրվագային հակազդեցության քայլերը, եթե պաշտոնական հաղորդագրությունները պարբերաբար ազդարարում են տեղադրվող սահմանասյուների մասին, մեր հացադրմանն ի պատասխան՝ քաղաքագետը մանրամասնեց. «Այս պայքարը եթե դիտարկենք որպես պայքար, որն այս հարցում իրավիճակ է փոխելու, քիչ հավանական է, բայց եթե դիտարկենք որպես պայքար, որը նպաստում է ընդհանուր մեծ պայքարին, ապա այն շատ արդյունավետ է։ Այն լուրջ ու երկարատև քաղաքական օգուտ բերեց իշխանության դելեգիտիմացիայի տեսանկյունից, և Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությունը ևս լուրջ փոփոխություն բերեց այս հարցում»։
Ըստ նրա՝ գուցե այս պահին հնարավոր չէ կասեցնել հողհանձնման գործընթացը, սակայն այս պայքարով հնսրավոր եղավ գոնե դանդաղեցնել այն։ Քաղաքագետը մեկնարկած պայքարը ներկա իրավիճակում համարեց հնարավոր մաքսիմումը՝ հաշվի առնելով առկա պայմանները, այդ թվում՝ ընդդիմության անկարողությունը։
Դիտարկմանը, թե ընդդիմության անգործությունը, անկարողությունը հաճախ պայմանավորում են դրսի տարբեր խաղացողների կողմից՝ Հայաստանի այս իշխանության հանդեպ ունեցած համակրանքով, արտաքին տարբեր դերակատարների կոնսոլիդացիայով, որը կա ՀՀ գործող իշխանության շուրջ, Հրանտ Միքայելյանն արձագանքեց.
«Իհարկե, այդ գործոնը շատ լուրջ գործոն է։ Ես հիշեցնեմ մեկ դրվագ. երբ 2021 թվականի փետրվարին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Թուրքիան իր բոլոր հայտարարություններում ընդգծեց, որ դա չի թույլատրելու, և մենք ունենք տվյալներ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման վտանգ է եղել, եթե այս դավաճան իշխանությունը փոխվի։
Մեկ այլ դրվագ՝ Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ (նկատի ունեմ ոչ միայն բոլորին հայտնի անուններ՝ ինչպես Արմեն Աշոտյանը, այլ, օրինակ, Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ նախկին նախարարը, որն արդեն 2 տարի է՝ կալանավորված է, ու ոչ ոք չգիտի՝ ինչի համար), տեսնում ենք հարձակումներ մամուլի վրա, և այլն։ Մենք շատ լավ հիշում ենք՝ ինչպես էին նախորդ իշխանության ձեռքերն այս հարցում կապված, սակայն այժմ դա թույլ է տրվում Եվրամիության, ԱՄՆ-ի կողմից՝ այն դերակատարների կողմից, որոնք ողջունել են ՀՀ-ի կողմից տարածքների հանձնումը։ Եթե սա թույլ է տրվում, հասկանում ենք՝ այս գործընթացում անմիջական նա ունի աջակցություն, որն ազդում է ներքաղաքական իրավիճակի վրա»։
Սա, սակայն, ըստ քաղաքագետի՝ չպետք է քարտ-բլանշ դառնա ընդդիմության համար։
«Այս իրավիճակում ընդդիմությունն էլ պետք է կարող լինի դրսի աջակցությունն ունենալու համար։ Սա նաև չի նշանակում, որ ընդդիմությունն ամեն ինչ լավ է արել, և միայն դրսի աջակցությունն այս իշխանություններին չի թույլատրել, որպեսզի ընդդիմությունը կարողանա իր գործն անել։ Ընդդիմությունը պետք է կարողանար իր կողմից լավագույնն անել՝ մինչդեռ տարբեր հնարավոր գործիքների սպառմանը չի մոտեցել։ Այս պարագայում, երբ ընդդիմությունը պառակտված ու անգործունակ է, դրսի մասին խոսելը, իշխանությունների բռնությունների մասին խոսելն ունի միայն վերլուծական որակ»,- պարզաբանեց նա։
Կնշե՞ք մի օրինակ, որ ընդդիմությունը կարող էր անել, բայց չի արել՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ Հրանտ Միքայելյանը նկատեց.
«Բերեմ պարզ օրինակ՝ ընդդիմությունը պետք է ապահովեր «Արմնյուզ» հեռուստաալիքի գոյությունը՝ որպես ընդդիմադիր ալիքի (փակվել է 2021 թվականին)»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ դա ամենաազդեցիկ լրատվաալիքներից էր Երևանում, որի փակումն ունեցել է լուրջ բացասական հետևանքներ։