«Կառավարության նիստում ի՞նչն են վիճարկում, իրենց մեջ մեկը չկա՞, որ այս պատմությունը գիտի». Արտակ Սարգսյան

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե աշխարհագրական ծագումնաբանության նշումները շատ կարևոր են ժամանակակից տնտեսության մեջ, և այդ համատեքստում հավելեց.

«Մենք այս վերջերս ենք գլխի ընկել, որ, օրինակ` շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ աշխարհագրական անուն է, և նույնը վերաբերում է կոնյակին։ Սա է պատճառը, որ մենք մինչ այսօր խնդիրներ ունենք, երբ խոսում ենք արտահանման մասին։ Մենք գալիս ենք սովետական սպառողական «շամպայն» գաղափարից, ինչն այսօր անթույլատրելի է։

Կոնյակը հիմա Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, ու այն երկրները, որոնք հայտարարում են, թե կոնյակ են արտադրում ու ասում` գիտե՞ք` ինչ կոնյակ ունենք, ասում–ուրախանում, չեն տեսնում, թե կողքից ինչ քմծիծաղ է դա առաջացնում։ Դա մոտավորապես միջպետական մակարդակում «Դիլիջանի ջերմուկ» մտքի նյութականացումն է։ Սա շատ խայտառակ բան է. մենք չենք հետազոտում, թե ուրիշները մեզ ինչպես են ընկալում։

Մեր կառավարությունը որքան էլ ուժեղ քաղաքական կամք ունենա, ինչքան էլ հայրենասեր լինի ու նվիրված, ինչքան էլ գերպրոֆեսիոնալ լինի, մենք չենք կարող հիմնավորել և ապացուցել, որ ՀՀ-ում կոնյակ խմիչք է արտադրվում»:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը նախորդ շաբաթ գրեթե նույնությամբ կրկնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի մոտ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ներկայացուցչի հայտարարությունը պարզապես զարմանք է առաջացրել, քանի որ իրական պատմությունն այլ բանի մասին է վկայում։

Մանրամասնելով պատմությունը, Խաղողագործների միության նախագահն ասաց, որ եթե մեկ անգամ այցելած լինեն Երևանի կոնյակի գործարանի թանգարան, ապա պետք է, որ ամբողջ իրական պատմությունն իմանային։

«Թանգարանում գիդը կարող է պարզ բացատրել, որ հայկական կոնյակը ստեղծվել ու ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում 1877 թ. Շուստովի կողմից։ Մեծահարուստ և բարերար Շուստովը Երևանի Կոնյակի գործարանը տնօրինելուց հետո ստեղծել է հայկական կոնյակ։ Մեր ջանքերի շնորհիվ մոտավորապես 10 տարի անհատույց, առանց գումարի, հայկական կոնյակը տարբեր մարդկանց միջոցներով հասել է աշխարհի տարբեր վայրեր, պատմել են դրա պատմությունը, ծագումը և ծագման երկիրը։ Այդպիսով՝ ծանոթացնում էին մարդկանց այդ մշակույթին՝ նպատակ ունենալով մարդկանց սովորեցնել խմել հայկական կոնյակը։

Բայց այսօր ասում են՝ դա ֆրանսիական տեղանուն կամ բնակավայրի անուն է, ինչն իրականության հետ աղերս չունի։ Ֆրանսիայում կա Կոնյակ բնակավայր, որտեղ 1909 թվականից աճեցվել է խաղող և իրենց բնակավայրի անունով ստեղծած խմիչքի անունը դրել են կոնյակ։ Եթե հիմա մենք 1909-ից հանում ենք 1877, ի՞նչ ենք ստանում,  կստանանք 23-24։ Այսինքն՝ մեր հայկական կոնյակն այդքան հին է ֆրանսիական, եվրոպական ապրանքանիշից»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց Արտակ Սարգսյանը։

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի սիրտը համարվող Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը հայկական կոնյակ է խմել, այն դեպքում, երբ ճանաչում էր և՛ ֆրանսիական, և՛ իսպանական կոնյակները։ Այդ ժամանակվանից նաև Մեծ Բրիտանիայի վարչապետն ու իշխանությունը նույնիսկ չեն շահարկել այս թեման, քանի որ անձամբ ճանաչել, հավանել է հայկական կոնյակը։

«Հիմա մենք ունենք մի ապրանքանիշ, ի վերուստ, օրինական ճանապարհով ու բոլորից շուտ մեզ հասած ապրանքանիշը մրցակցել է բոլորի հետ, ի ցույց աշխարհի՝ մենք մեր սեփական ապրանքանիշն ենք ներկայացրել, ունենք մեծ համբավ։

Հիմա ի՞նչն են վիճարկում, Կառավարության նիստում ի՞նչն են վիճարկում, ուղղակի չեմ հասկանում։ Իրենց մեջ մեկը չկա՞, որ այս պատմությունը գիտի, ինքս մեր հայկական կոնյակի ծագման պատմությունն անգիր գիտեմ»,- շեշտեց Ա. Սարգսյանը։

Այս համատեքստում Խաղողագործների միության նախագահը նաև ասաց, որ Կառավարության նիստում և առհասարակ իշխանության ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ՝ ֆերմերների, խաղողագործների հետ, երկու վտանգավոր եզրույթ է նկատել, ինչը պետք է շրջանառությունից դուրս բերվի։

«Նախ, խաղողագործներին ասում են՝ սորտափոխանակություն արեք, որ ձեր բիզնեսը ձեռնտու լինի, սա չի կարող բիզնես համարվել, սա անհեթեթություն է։ Հայկական կոնյակն ամբողջ աշխարհում ինչպե՞ս է ճանաչվում, որ այն պետք է արտադրվի Հայաստանում, հայկական խաղողի էնդեմիկ սորտերից։ Հիմա եթե սորտը փոխում են, ապա ինչպե՞ս է դա ներկայացվում հայկական։ Շրջանառությունից պետք է հանվի նաև «սորտափոխանակություն» եզրույթը։ Կրկնում եմ՝ այդ դեպքում կորցնելու ենք հայկական խաղողագործությունն ու կոնյակագործությունը, այսպես շարունակվելու դեպքում՝ այս ոլորտի ապագան չեմ տեսնում»,- եզրափակեց Արտակ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս