«Թրամփի առաջին շփումը ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ եկեղեցու հետ էր. եկեղեցու դերը մեծանում է». Սուրեն Սարգսյան
ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելու է 2025 թվականի հունվարի 20-ին՝ նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո: Հետևաբար, մինչ այդ` ԱՄՆ նորընտիր նախագահը ներքին և արտաքին քաղաքականության մեջ որևէ լուրջ քայլ չի կարողանալու կատարել: Թրամփի հաղթանակը ի՞նչ կփոխի ուկրաինական ճակատում, որքանո՞վ է նրա ուշադրության կենտրոնում լինելու Հարավային Կովկասը, արդյո՞ք ԱՄՆ 47-րդ նախագահը կպայմանավորվի Ռուսաստանի և Չինաստանի հետ, և, ի վերջո, որքանո՞վ Թրամփը կկատարի հայերին տված խոստումները: Սրանք, թերևս, այս իրավիճակի ամենաակտուալ հարցերն են, որոնց շուրջ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ:
Ամերիկագետի կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսի պարտության պատճառները տարբեր են. «Դեմոկրատները ռազմավարական սխալ արեցին՝ Բայդենին ընտրապայքարից շատ արագ հեռացնելով, որից հետո լուրջ ներկուսակցական քննարկումներ չեղան, միանգամից Քամալա Հարիսին բերեցին՝ որպես թեկնածու: Հարիսը փոխնախագահ էր՝ շատ ցածր վարկանիշով. ԱՄՆ պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցող փոխնախագահներից մեկն էր, և չկարողացան ցածր վարկանիշ ունեցող փոխնախագահին կոնվերտացնել և դարձնել բարձր վարկանիշով նախագահի թեկնածու»:
Ըստ նրա՝ թվերը խոսում են հենց այն մասին, որ Թրամփի քաղաքական մոտեցումները ԱՄՆ քաղաքացիները կիսել են. օրինակ՝ պարզվեց, որ մարդիկ մեծագույն մարտահրավեր են համարում ԱՄՆ բաց սահմանների խնդիրը:
«ԱՄՆ-ում ընտրողները չեն ընտրում նրա համար, որ թեկնածուն խոսում է արտաքին քաղաքականության մասին, այլ ընտրում են այն տեսլականը, որ նրանք ունեն իրենց երկրի ներքաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերի շուրջ: Արտաքին քաղաքականության հարցերն այնտեղ տասներորդ տեղում են, քանի որ ԱՄՆ պարագայում ներքաղաքական պրոցեսն ավելի շատ է ձևավորում արտաքին քաղաքականություն, քան՝ հակառակը: ԱՄՆ-ը այդ առումով բացառիկ պետություն է»,- շեշտեց նա:
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ շատ արագ լուծելու է ուկրաինական խնդիրը և բերելու է խաղաղությունը: Սուրեն Սարգսյանը դժվար է պատկերացնում՝ ինչպես է Թրամփը լուծելու ուկրաինական խնդիրը այն առումով, որ լուծման ձևերից մեկը կարող է լինել ֆինանսավորման դադարեցումը. «Թրամփը կարող է ասել՝ գնացեք, ձեր Եվրոպայով ինչ ուզում եք՝ արեք, ես ձեզ միլիարդներով փող այլևս չեմ ուզում տալ: Սա կարող է լինել սցենարներից մեկը, բայց սա կնշանակի նաև Պուտինի, Զելենսկու հետ բանակցություններ: Թրամփն ասում էր, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա Ռուսաստանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա, ինքը դա թույլ չէր տա, կլուծեր այդ հարցը, որ դրան չհասներ: Հիմա էլ Թրամփը պատրաստակամություն է հայտնել աշխատել թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի հետ, և առաջիկայում մենք դրա արտահայտման որոշակի ձևերը կտեսնենք»:
Նա նկատեց՝ Ջո Բայդենը շատ ակտիվ էր մեր տարածաշրջանում, բայց չկար Հայաստանի հետ երկկողմ օրակարգ. «Հայաստանի ղեկավարը Ջո Բայդենի հետ նույնիսկ հեռախոսազրույց չի ունեցել, ոչ միայն չի հանդիպել, այլև հեռախոսազրույց չի ունեցել: Սա բացառիկ դեպք է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպում չունենա Հայաստանի ղեկավարը: Ասեմ ավելին՝ Բայդենի վարչակազմի հետ հանդիպում չի եղել, Թրամփի վարչակազմի հետ հանդիպում չի եղել, ինչը նշանակում է, որ ամերիկացիների հետ չունենք օրակարգ, և, որ Բայդենի քաղաքականությունը տարածաշրջանային է: Բայդենն անձնական ներգրավվածություն ուներ բանակցային գործընթացում և ցանկանում էր, որ այն մինչև տարվա վերջ ավարտվի, որպեսզի դափնեպսակներն ինքը վերցնի՝ որպես միջնորդ: Թրամփը բիզնեսմեն է, իսկ Հայաստանը ԱՄՆ-ի 164-րդ թե 165-րդ առևտրային գործընկերն է. այստեղ էլ հետաքրքրություն լինել չի կարող: Այսինքն՝ այս ամենը պետք է հաշվի առնենք և հասկանանք, թե հիմա Թրամփի հետ ինչպես է պետք աշխատել»:
Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, Արցախի մասին էր հիշատակել, օրեր առաջ էլ զանգահարել էր Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:
Սուրեն Սարգսյանը նկատում է՝ Թրամփի վերոնշյալ շեշտադրումներից հետո նրա հետ պետք է այլ կերպ աշխատել. «Թրամփի հետ պետք է այլ կերպ աշխատի ԱՄՆ հայ համայնքը, հայկական լոբբիստական կազմակերպությունները և եկեղեցին: Թրամփն օգտագործել է Արցախ անվանումը, Հայաստանում այդ տերմինից փախչում են իշխանությունները, Թրամփն օգտագործել է «էթնիկ զտում» տերմինը, որից մեր իշխանությունները փախչում են: Թրամփն այդ երկուսն օգտագործել է, այո, նախընտրական փուլում, այո, հայկական քվեները շահելու համար, բայց սա լավ նախադեպ է, չէ՞: Վաղը Թրամփի հետ պետք է իր օգտագործած բառերի իրավական կարգավորում տալու տեսանկյունից դա օգտագործել, և դա կարող են օգտագործել մեր լոբբիստները, հայ համայնքը և եկեղեցին, որի հետ Թրամփը նախաձեռնել է այդ երկխոսությունը:
Թրամփը կարող է ճանաչել Արցախի էթնիկ զտման փաստը, ինչը գործոն է, ճնշման մեխանիզմ՝ ազդելու համար: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում էին, որ դեմոկրատների հետ աշխատեն, օրինակ՝ մեր դեսպանը գնում մասնակցում էր Հանրապետական կուսակցության համաժողովին, այնտեղ կային Ադրբեջանի, Վրաստանի դեսպանները, որոնք հանրապետական տարբեր գործիչների հետ ակտիվ հանդիպումներ էին ունենում, ինքը գրում էր, որ մասնակցել է, և դրանով սահմանափակվում էր, ոչ մի լուսանկար, ոչ մի շփում: Գնում էր Դեմոկրատների համաժողովին, հետը ԱԺ-ից պատվիրակություն էր տանում, այսինքն՝ ակնհայտ ցույց էր տալիս, թե Հայաստանի իշխանության տրամադրվածությունը դեպի ուր է շեղված»:
Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Թրամփի առաջին շփումը եղել է ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ եկեղեցու հետ.
«Թրամփը չի զանգահարել Նիկոլ Փաշինյանին՝ ինչ-որ ուղերձներ փոխանցի հայ ժողովրդին, նա զանգել է Արամ Կաթողիկոսին և մեսիջներ փոխանցել այն ժամանակ, երբ Արամ Կաթողիկոսն ԱՄՆ-ում էր: Սա կարևոր մեսիջ է, այսինքն՝ այս մարդու վարչակազմում ինչ-որ բան հաշվարկել են: Հետո այս մարդը գիտի, չէ՞, որ երբ ասում է՝ Արցախ, Հայաստանի իշխանությունն Արցախ բառը չի օգտագործում, էթնիկ զտումը չի օգտագործում, երբ ասում է՝ քրիստոնյաներին պետք է պաշտպանել՝ ՀՀ իշխանությունները եկեղեցու հետ առանձնապես շփումներ չունեն:
Թրամփը զանգում է եկեղեցուն այն ժամանակ, երբ եկեղեցին լարված հարաբերություններ ունի աշխարհիկ իշխանության հետ: Այս ամենը մեսիջներ են, որոնք փոքր-փոքր, բայց մեծ պատկերի մոզաիկա են դառնում, և նորից եմ ասում՝ համայնքը, լոբբիստները և եկեղեցին պարտավոր են և կարող են աշխատել Թրամփի հետ: Թրամփի շուրջ հավաքված են շատ լուրջ հավատքի տեր մարդիկ, Թրամփի ընտրողների հիմնական մեծամասնությունը պահպանողական քրիստոնյաներ են, մասնավորապես՝ եվանգելիստներ և կաթոլիկներ: Սա նշանակում է, որ եկեղեցին իր կրոնական նշանակությունն ունի, և մեր եկեղեցին պետք է իր կապերն օգտագործի՝ Թրամփի վարչակազմի վրա ազդեցություն ունենալու առումով: Եկեղեցու դերը նաև արտաքին քաղաքականության մեջ շատ կարող է մեծանալ»:
Հարցին՝ շատ է ասվում, որ մինչև աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը չլինի, Հայաստանում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու, հնարավո՞ր է՝ Բագրատ Սրբազանը լինի այն կերպարը, որին կաջակցի, օրինակ, Միացյալ Նահանգները, նա պատասխանեց.
«Չեմ բացառում նաև այդ սցենարը: Նորից եմ ասում՝ նոր վարչակազմ է եկել՝ պահպանողական, Թրամփն իր բոլոր ելույթներից առաջ մի քանի հոգու հետ աղոթում է, այդ մարդկանց մեջ կա հավատք, հիմա, պարզ չէ՞, որ այդ մարդկանց վերաբերմունքը հավատքի և կրոնի նկատմամբ էապես տարբերվելու է, քան այլ իշխանությունների մոտեցումը: Հայաստանում կլինի Բագրատ Սրբազանը, թե այլ մարդ, չեմ կարող ասել, որովհետև դեռ չենք սկսել աշխատել այս վարչակազմի հետ, բայց նորից եմ ասում՝ այդ երեք ուղղությունները շատ կարևոր են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում