«Անդրանիկ Քոչարյան, տղա՞ ես, փաստը հրապարակիր, պայթեցրո՛ւ ՔՊ-ն ներսից». Նաիրա Զոհրաբյան
Հայաստանը երբեք չի ունեցել այնպիսի ղեկավար, որի օրոք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները կարողանային Հայաստանից պոկել իրենց համար անհրաժեշտը. այդպիսի ղեկավար է միայն ու միայն Փաշինյանը։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Փաշինյանը հայտնի հող տվող է։ Փաշինյանը բոլորին է ձեռք տալիս, աշխարհաքաղաքական կոնսենսուս կա նրա մնալու շուրջ, որովհետև բոլոր կողմերը նրա միջոցով Հայաստանից փայ ունեն»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանն «անտեր մի երկրի կարգավիճակ ունի», ինչով պայմանավորված էլ՝ անգամ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին է պատմական վրացական հող համարում հայկական Լոռին։
«Երբ երկրիդ ղեկավարը սպասարկում է այլ շահեր, երկիրդ դառնում է անտեր։ Այս վիճակն է պատճառը, որ Հայաստանից ով ինչ ուզում, ստանում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով՝ պատահական չէ, որ անգամ հայ-ադրբեջանական «բանակցություններ» կոչվածում հայկական կողմն ընդամենը պարտադրանք կատարող է։
«Բանակցություններ չկան. այս իշխանությունն անընդհատ հանձնում և կապիտուլացվում է, որովհետև որոշել են, որ Հայաստանը կարմիր լաթ է, Ալիևը՝ ցուլ, որի դեմ պետք չէ պայքարել։ Կրկնում եմ՝ չկա՛ բանակցություն, կա տիրոջ առջև հարճի նման ստորանալու օրակարգ»,- ասաց նա։
Ըստ «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավարի՝ Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտակցում է, թե ինչ վիճակում է հայտնվել և ինչ վիճակի է հասցրել Հայաստանը, ուստի Ընտրական օրենսգրքում առաջին ընթերցմամբ արված փոփոխությունն իշխանությունը պահպանելու և վերընտրվելու մի վերջին ճիգ է։
«Պատմության մեջ չի եղել որևէ դավաճան, որը չի պատժվել, այս իշխանությունը շատ լավ գիտի, որ իշխանությունը կորցնելը հավասարազոր է մահվան։ Ես այն մարդկանցից եմ, որ նոր իշխանության առաջ պայման եմ դնելու՝ հայրենիք հանձնելու և պետական դավաճանության պարագայում վերականգնել մահապատիժը՝ թքած ունենալով եվրոպական բանտիկների վրա։ Հո պատահակա՞ն չէ, որ, ըստ օդում կախված լուրերի, Անդրանիկ Քոչարյանը լկտի ստրիպտիզ է սկսել և ասում է՝ եթե 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում եղած փաստերը հրապարակի, ՔՊ-ն կպայթի։ Դե ես էլ ասում եմ՝ Անդրանիկ Քոչարյան, տղա՞ ես, փաստերը հրապարակիր, թող ՔՊ-ն ներսից պայթի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։