Դավաճանություն է. Եթե այսօր չլինենք տավուշցու կողքին, վաղը կհասնեն մեր տներին. հարցում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվելով 35 սահմանային սյուն. սա պաշտոնական վերջին հայտարարությունն է Տավուշում մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ։

«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումն էլ այսօր հայտարարությամբ արձանագրեց, որ երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ Կիրանց գյուղի բնակիչների հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում։

Շարժումը շեշտել է, որ դա հերթական անգամ վկայում է  ՀՀ գործող կառավարության՝ քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն չունենալու հանգամանքը։

«Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում:

Կարդացեք նաև

ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի:

Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ:

Իշխանությունը կորցրել է վստահությունն իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով»,- նշված էր շարժման տարածած հայտարարության մեջ՝ վերահաստատմամբ, որ ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին և պետք է կասեցվի:

168.am-ը թեմայի շուրջ լսել է մեր հայրենակիցների դիտարկումները. Բոլորն էլ պնդում են՝ այսօր պետք է կանգնել տավուշցու կողքին, հակառակ պարագայում՝ «վաղը կհասնեն հենց մեր տներին»։

«Դավաճանություն, միակողմանի հանձնում»,- մեր հարցմանն ի պատասխան՝ Տավուշում մեկնարկած գործընթացներին այսպես արձագանքեց  քաղաքացիներից մեկը։

Ըստ նրա՝ կատարվողը կանխելու համար պետք է համաժողովրդական համախմբում։

«Պոլիտիկայից հեռու եմ, բայց ողջունում եմ էն մարդուն, որ իր հողի տերն է։ Ես ցավում եմ, որ մի տղամարդ չկա՝ կանգնի Տավուշի էն տերտերի կողքին. Ես նրա ցավը տանեմ»,- նշեց մեկ ուրիշը։

Մեզ հանդիպած ծնունդով Տավուշից մի քաղաքացի էլ զարմանքով արձանագրեց. «Ես՝ որպես տավուշեցի, մտածում եմ՝ սրանք ինչո՞վ են մտածում, որ… Շամշադին գնալ չի լինի, Վրաստան գնալ չի լինի։ Էս իշխանությունը քաղաքականություն չունի, ի՞նչ եք ուզում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս