Ալիևն ԱՄՆ-ին դուրս է բերում անդրկովկասյան «խաղից». Ստանիսլավ Տարասով

Առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ղազախական կողմի առաջարկով կհանդիպեն Ալմա Աթիում: Այս մասին հայտարարել է Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ի դեպ, մինչ այդ Բլինքենը հեռախոսով կապ էր հաստատել նաև Հայաստանի վարչապետի հետ: Այս կապակցությամբ Բաքվի և Երևանի պաշտոնական հաղորդագրություններում ասվում է՝ «ամերիկյան կողմը նախաձեռնել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման քննարկումը, ինչպես նաև բուն բանակցային գործընթացը Երևանի և Բաքվի միջև»: Սակայն նման խմբագրմամբ հաղորդագրություններից երևում է ԱՄՆ շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի միջև արևմտյան հարթակներում միջնորդելու հարցում։

Բանն այն է, որ բանակցությունների տեղափոխումը հետխորհրդային տարածք կարող է Արևմուտքում կասկածներ առաջացնել սկսված աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի վերաբերյալ, որը հնարավոր է 2020-ի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան խաղաղ համաձայնագրի ամբողջական իրագործման պարագայում, այլ ոչ թե Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների դեպքում: Այս համատեքստում Բլինքենի զանգն Ալիևին և  Նիկոլին ընկալվում է որպես զոնդավորող՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական նոր կոմբինացիայի մեկնարկից առաջ։

Իրոք, իրավիճակում մտցվում  են նոր՝ որոշակի ճշգրտումներ։ Հիշեցնենք՝ վերջերս 2001-ից ի վեր առաջին պաշտոնական այցով Երևան էր ժամանել Ղազախստանի նախագահ Տոկաևը: Մինչ այդ նա եղել էր Բաքում։ Դա հուշում է, որ Աստանայի դիվանագիտական ակտիվացումն անդրկովկասյան ուղղությամբ պատահական չէ։ Ավելին, նախօրեին Տոկաևը խոսել է Ղազախստանի շահագրգռվածության մասին՝ «մեզ բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում»։

Պատճառն ակնհայտ է։ Տոկաևը, ինչպես և Ալիևը, ակտիվորեն առաջ է տանում, այսպես կոչված, «Միջին միջանցք» կոմունիկացիոն նախագիծը, որը, եթե Զանգեզուրի միջանցքը միացվի դրան, կմիավորի Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան։

Կարդացեք նաև

Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը տարածաշրջանների մեծ մասում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, ղազախ և ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ հենց «Միջին միջանցքը» կարող է դառնալ ամենակայուն երթուղին Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար:

Միևնույն ժամանակ, նրանք կարծում են, որ տրանսպորտը և բեռնափոխադրումների հոսքը միայն այսբերգի գագաթն են: Պոտենցիալ երևան է գալիս նաև Բաքու-Երևան-Անկարա եռանկյունին, որը լրջորեն տարածաշրջանում տեղաշարժում է իրավիճակը, իսկ Աստանան ձեռք է բերում ինքնաբավ եվրասիական սուբյեկտի կարգավիճակ, որը կարող է ոչ միայն գեներացնել և առաջարկել գաղափարներ և լուծումներ, այլև տանել դրանց գործնական իրականացման։

Անկարան նույնպես իր ազդանշաններն է ուղարկել Երևանին։ Էրդողանը Հայաստանին կոչ է արել «արդյունավետ օգտագործել պահը և բացված հնարավորությունների պատուհանը»:

Սակայն անմիջապես հայտնվում են կարևոր նրբերանգներ. Նախ՝ Բլինքենի կոչերը հաջորդել են Ալիևի՝ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը։ Սա՝ առաջին։

Երկրորդ. միայն Ալիևն է Բլինքենի հետ զրույցից հետո հայտարարել Ղազախստանում արտգործնախարարների հանդիպման մասին։ Այնուհետև նման հանդիպում անցկացնելու հնարավորության մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Ընդ որում՝ միայն Ալիևն է ասում, որ Ադրբեջանն ու Հայաստանն ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի իրենց միջև խաղաղության համաձայնագիրը, մնում է միայն մշակել մանրամասները: ՀՀ վարչապետը լռում է։

Երրորդ՝ կընդունե՞ն արդյոք «Միջին միջանցքի» մասնակիցները Հայաստանի թեքվածությունը դեպի Արևմուտք, հատկապես նրա հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասով։ Բացի այդ, չի կարելի բացառել Երևանում Հայաստանի ղեկավարության ներսում այս նախագծի վերաբերյալ ընդդիմության հայտնվելը։ Այն, հնարավոր է, պատրաստ է վերբեռնել հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ, բայց միայն հակառուսական հիմքով։

Ըստ երևույթին, նույնպես պատահական չէ. ՀՀ վարչապետը դեռևս չի մեկնաբանել Ղազախստանի դիվանագիտական ջանքերը և որոշել է չբարձրացնել դրանց կարգավիճակը։ Հնարավոր է՝ այն պատճառով, որ փակագծերից դուրս են բերվում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համահարթեցվում Պետդեպարտամենտի մշակումները, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը երբեք չի ընկալել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները լոկալ տարբերակով, հայտարարել, որ պատրաստ է Բաքվին և Երևանին տրամադրել «ռուսական և իրանական լուծումներին այլընտրանք»: Նրանք հասկանում են՝ այս փուլում Երևանի հետ երկխոսության ցանկացած միջնորդությունից հրաժարվելու մասին Ալիևի հայտարարությունը նշանակում է «խաղից» դուրս բերել ԱՄՆ-ին և ԵՄ-ին և փակել, այսպես կոչված, արևմտյան բանակցային հարթակները։

Փաստ է՝ Մոսկվայի մոդերատորի դերի կորստից հետո այժմ այդ դիրքը կորցնում են ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Բայց Մոսկվան միայն արտաքուստ մի կողմ քաշվեց՝ միջնորդաբար նախաձեռնելով տարածաշրջանում իրադարձությունների որոշակի ընթացք։ Երևանը շտապում է՝ դեռևս չունենալով կոնսոլիդացված քաղաքական դիրքորոշում։ Այժմ բոլորը սպասում են, թե ինչպես ԱՄՆ-ը կարձանագրի և կարձագանքի իրավիճակին, երբ «դեռ ամեն ինչ չէ կանխորոշված»։ Բլինքենի զանգն Ալիևին և Փաշինյանին բացահայտեց մի շարք խնդիրներ։

Հրապարակման պատրաստեց՝ Գ.Մ.-ն

iarex.ru

Տեսանյութեր

Լրահոս