Ճշմարտությունը ճշմարտության մասին
«Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով․ մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ»,- սրանք այս օրերին Տավուշում քաղաքացիների բողոքի ակցիաներն առաջնորդող Բագրատ Սրբազանի խոսքերն են, որոնք տարբեր փոխակերպումներով տարածվում են սոցիալական ցանցերում ու բոլոր հնարավոր հարթակներում։
Սրբազանի այս միտքը՝ ստի դեմ ճշմարտության հաղթանակի անխուսափելիության մասին, բարոյագիտության, փիլիսոփայության, դատողությունների մակարդակում անքննելի ու անվիճարկելի է։ Եվ միանգամայն բնական է, որ այդ մասին ու այդպես խոսում է հոգևորականը, որովհետև ճշմարտության մասին խոսքն առաջին հերթին հոգևորականի ասելիքն է։
Բայց միանգամայն այլ պատկեր է ստացվում, երբ այս խոսքերը՝ ճշմարտության մասին գաղափարը, ընդհանուր առմամբ փոխադրում ենք քաղաքական հարթություն, առանց որի՝ այսօր ժողովրդին ալեկոծած խնդիրները լուծվել չեն կարող։ Իսկ արդեն քաղաքական տիրույթում հարց է առաջանում՝ ովքե՞ր, քանի՞սն են պատրաստ ժողովրդի հետ խոսել իրապես ճշմարտության լեզվով ու ճշմարտության մասին։
Թվում է, թե այս հարցի պատասխանն ակնհայտ է՝ ճշմարտության մասին պատրաստ են խոսել բոլոր նրանք, ովքեր պայքարում են իշխանության ստի ու կեղծիքի դեմ։ Դա այդպես է միայն առաջին հայացքից ու միայն միտինգային հռետորաբանության ոլորտում։ Իրականությունն այն է, որ Հայաստանում կամ ընդհանրապես չկան, կամ գրեթե չկան մարդիկ, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, ովքեր ժողովրդի հետ պատրաստ են խոսել մաքուր ճշմարտության լեզվով ու միայն ճշմարտության մասին։
Եվ խնդիրը ոչ այդ մարդկանց ազնվությունն է, ոչ բարոյականությունը, ոչ էլ անտեղյակությունը։ Իրականությունն այն է, որ Հայաստանի ներկայիս իրավիճակում չկան լավ, առավել ևս՝ լավագույն լուծումներ։ Դա չի նշանակում դատապարտվածություն և ներկայիս իշխանության կողմից վարվող քաղաքականության անայլընտրանքություն։ Պարզապես այդ հակապետական քաղաքականության բոլոր այլընտրանքները՝ ավելի լավը լինելով, քան ներկայիս իշխանության իրականացրած պետականակործանությունը, օբյեկտիվորեն լինելու են վատ լուծումներ, ցավոտ որոշումներ պահանջող լուծումներ, այո, նաև կորուստներ ենթադրող լուծումներ։
Այս իրականությունը կերտվել է առաջին հերթին՝ գործող իշխանության պատճառով ու նրա կողմից, ինչը նպաստել է նաև աշխարհաքաղաքական գործոնների՝ մեզ համար ամենաանբարենպաստ դասավորությանը, որում լավ կամ լավագույն լուծումներ ուղղակի չեն կարող լինել։ Ճշմարտության մասին խոսքը և ճշմարտության խոսքն ահա ժողովրդի հետ պետք է լինի ոչ այնքան ականջահաճո, հռետորաբանության տեսանկյունից՝ ոչ այնքան ազդեցիկ ու ապագայի մասին ոչ այնքան պայծառ շեշտադրումներով։ Այսինքն՝ քաղաքականապես ոչ շահեկան։
Ժողովրդի քանի՞ տոկոսը մինչև վերջ կլսի ճշմարտությունը, նրանցից քանի՞սը կսուլի ճշմարիտ խոսողին, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այդպես վարվողները գերակշռելու են դառը, ցավոտ ճշմարտությունն ունկնդրողներին։
Ստացվում է, որ ստի դեմ պայքարը ճշմարտության միջոցով գոնե քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից ունի խիստ մշուշոտ ապագա։ Մյուս կողմից, ոչ թե տեխնոլոգիական, այլ բովանդակային հարթությունում, ստի մեջ մխրճված պետությունն ու հասարակությունը չի կարող փրկության ելք ունենալ՝ առանց ճշմարտության։ Այս հակադրության մեջ են գտնվում նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի ներկայիս ճգնաժամի պատճառները։
Դեռևս չի գտնվում այնպիսի առաջնորդություն/առաջնորդ, որը ժողովրդի հետ կխոսի ճշմարտության մասին ճշմարտության լեզվով, բայց կխոսի այնպես, որպեսզի մարդկանց համար դա ցավոտ, այդուհանդերձ լինի գերադասելի, քան կործանարար սուտը։ Եկեղեցին իր չափով ու իր լեզվով անում է այդ աշխատանքը։ Հերթը քաղաքական դաշտինն է, որտեղ ճշմարտության մասին խոսելուց առաջ նախ պետք է խիզախություն ունենա առերեսվելու սեփական ստերի հետ։
Հարություն Ավետիսյան