Պատերազմի, արհավիրքի, օկուպացիայի և Հայաստանի մասնատման գործընթացը մտել է գործնական փուլ․ Արման Աբովյան
Այս իշխանությունը որդեգրել է պարբերաբար ծխաշղարշներ ստեղծելու քաղաքականություն։ Որոշակի շինծու գործընթացներ և թեմաներ գեներացնելով՝ հասարակությանը գոնե մտովի միավորվելու շանս էլ չեն տալիս։ Տավուշի մարզում տեղի ունեցողը սրանք ներկայացնում են՝ որպես «հինգերորդ շարասյան» պայքար իրենց որոշումների դեմ։ Ակնհայտորեն թրքամետ և ադրբեջանահաճո գործընթացներն այս իշխանությունն օգտագործում է ներքին խժդժությունների և պառակտման համար։ Առաջին հերթին, պետք է կիրառել հնարավոր և անհնար բոլոր մեթոդները՝ հանրային դիսկուրսում արմատավորելու հետևյալը՝ որքան շարունակվի այս քաղաքականությունը, այդքան պատերազմի, արհավիրքի, օկուպացիայի և Հայաստանի մասնատման գործընթացը մտնելու է գործնական փուլ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը:
«Հասարակության մի մասը մինչ այսօր ապրում է հետևյալ գաղափարախոսությամբ՝ ինչ ուզում է՝ լինի, միայն թե պատերազմ չլինի։ Այնինչ իշխանության այս տեսլականն է հենց պատերազմ բերում։ Այս զանգվածին պետք չէ մեղադրել, միգուցե նրանց մտավոր ունակությունները, կրթական ցենզը թույլ չեն տալիս հասկանալ այս ամենը։ Այս քաղաքականությունը մոտ ապագայում բերելու է արյան և արհավիրքի։ Երբ հակադիր գաղափարախոսությունը հասարակության մեջ գերակա կդառնա, այդ ժամանակ ավելի հեշտ ու հստակ կլինի ամեն ինչ։ Անդառնալիության կետն այն է, երբ մարդ հասկանում է, որ կա՛մ լինում է Հայաստան, ինքն է լինում, իր տունը, ընտանիքը, բալիկները, կա՛մ այս քաղաքականության ներքո դառնում է թուրքի փայ։ Այդ կոնսենսուսը կա հասարակության մեջ»,- ասաց քաղաքական գործիչը:
«Այս իշխանության ամենամեծ սխալներից մեկն այն է, որ իրենք մարդկանց համարում են տեղեկատվական աղբով կերակրվող զանգված, հիմա էլ «հինգերորդ շարասյան» մասին են խոսում, հակառուսականության գծի մեջ են, և այլն։ Այն գործընթացները, որոնց մենք այսօր ականատես ենք, անխուսափելի են, քանի որ մարդիկ չեն ուզում թուրքի փայ դառնալ։ Այս գործողությունները շարունակական բնույթ են կրելու, և խնդիրը միայն փողոց փակելը չէ։ Մարդիկ ոչ թե քաղաքական գործընթացի են ընդդիմանում, այլ իրենց կյանքի, տան, կենցաղի, ծնողների, երեխաների անվտանգության հարցն են լուծում։ Այստեղ սկզբունքային տարբերություն կա։ Իսկ քաղաքական ձևակերպումը վաղուց է տրված՝ այս իշխանության քաղաքականությունը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ ի վնաս Հայաստանի»,- նշեց Աբովյանը:
Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն, և բանը հասել է նրան, որ թուրքերն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության դեմ հանրահավաք են կազմակերպում և վանկարկում են Փաշինյանի ազգանունը. «Այս վերնախավը որդեգրել է մի քաղաքականություն, որի իմաստը հետևյալն է՝ խաղաղություն՝ ամեն գնով։ Դա գուցե հաճելի է ականջի համար, բայց փոքր-ինչ մտածելու դեպքում ակնհայտ է, որ դրա գինը ՀՀ տարածքային ամբողջականությունն է, անվտանգային համակարգը, քաղաքացիների անվտանգությունը։ Մարդիկ հասկանում են, որ խաղաղություն ամեն գնով՝ նշանակում է խաղաղություն՝ ի շահ Թուրքիայի և Ադրբեջանի։ Այս իշխանությունը կանգ չի առնելու։ Պատճառը շատ պարզ է՝ իրենց համոզմունքների համաձայն՝ ՀՀ մասնատումը և փաստացի ոչնչացումը հիմք է, որ հասարակ մարդը միայն հարկ վճարի, ուրիշ ոչինչ։ Իզուր չէ, որ գաղափարական առումով այս իշխանության համար հերոսը ոչ թե երկիր պաշտպանող զինվորն է, վիրահատություն անող բժիշկը, կրթություն տվող ուսուցիչը, այլ ընդամենն այն մարդը, որը հարկ է վճարում»:
«Հարկատուին հերոս հռչակելը լկտիության և անբարոյականության գագաթն է։ Դրանով սրանք մարդկանց զրկում են հայրենիքի զգացումից։ Հարկ վճարել կարելի է նաև ԱՄՆ-ում կամ Կանադայում։ Հանրային համերաշխություն պետք է լինի, որ երկիրն այս ուղով չգնա։ Այս իրավիճակից միակ ելքը կուսակցական կաղապարներից դուրս գալն է։ Սա մեկ կուսակցության կամ մարդու գործ չէ։ Պետք է դադարենք փրկչի որոնումները, լայն հանրային կոնսոլիդացիա է պետք այն գաղափարի շուրջ, որ հանձնելու երկիր չունենք»,- ամփոփեց Արման Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում