Բաժիններ՝

Պատմական գործ է կատարվել, իսկ գնահատականը կտա ժամանակը․ Վանաձորում տեղադրվեց աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանը

Վանաձորի Բազում թաղամասի Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակում ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը: Արձանը տեղադրվել է մեծանուն գիտնականի 115-ամյակի առթիվ։

Քանդակագործը Գեղամ Բեկջանյանն է, ճարտարապետները՝ Սուրեն Աբովյանն ու Էդիկ Պետրոսյանը։

«Արտիստին կարելի է ավելի շատ շարժման մեջ քանդակել, իսկ գիտնականին՝ ստատիկ։ Դրա համար Համբարձումյանին հիշեցնող գալակտիկան դրեցի, որպեսզի չիմացողը հասկանա, որ աստղագիտության հետ կապ ունեցող մարդու արձան է»,- մեզ հետ զրույցում նշեց Գեղամ Բեկջանյանը։

Կարդացեք նաև

Ճարտարապետ Սուրեն Աբովյանն էլ անդրադառնալով քննադատություններին՝ ասաց, որ աղմուկ էր բարձրացել այն ժամանակ, երբ դեռ արձանը պատրաստ չէր, կիսատ էր, դետալների կարևոր մասը տեղադրված չէր։

«Չեմ վախենա ասել, որ պատմական գործ է կատարվել, իսկ գնահատականը կտա ժամանակը»,- հավելեց Սուրեն Աբովյանը։

Նշեք, որ դեռևս 2023թ․ ապրիլի 26-ին Վանաձոր համայնքի ավագանին հաստատել էր ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ-առաջարկը։

Հավելենք, որ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձաններից մեկը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Երևանի աստղադիտարանի հարևանությամբ: Գիտնականին նվիրված կիսանդրի կա նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանում:

Տեսանյութեր

Լրահոս