Հիմարություն է Ցեղասպանությունը մոռացության տալու պատճառաբանությունը. ղեկավարությունը հայ չէ՝ վերջ. Վերժինե Սվազլյան
Հայ ազգն այսօր ոգեկոչում է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ցեղասպանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանը կարծիք հայտնեց, որ 109 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ եթե նույնիսկ ամբողջ աշխարհը ճանաչեր, միևնույն է՝ 21-րդ դարում կրկին տեղի կունենար ցեղասպանություն, քանի որ Հայաստանը, ցավոք, շրջապատված է Ադրբեջանով ու Թուրքիայով։
Այս համատեքստում ցեղասպանագետն անդրադարձավ նաև իշխանության որոշ ներկայացուցիչների, մասնավորապես՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերջերս հնչեցրած հայտարարություններին, թե «պետք է մեկ առ մեկ հավաքել ու ամբողջացնել Ցեղասպանության զոհերի անունները»։
«Դա հիմարություն է, Ցեղասպանությունը մոռացության տալու պատճառաբանություն է, չգիտեն ինչ ասեն։ Այսօր հեռուստացույց միացրեցի, տեսնում եմ՝ մարդիկ ծաղիկներով գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեր ժողովրդի երակների արյան մեջ է եռում Հայոց ցեղասպանության ցավը։ Այնպես որ, ի՞նչ անուն ու ազգանուն, ի՞նչ տարիք, ի՞նչ բան, չեն ուզում հավատան, իսկ ինչո՞ւ չեն ուզում։
Տարիներ առաջ, երբ հրեան ու թուրքն իրար հետ լավ հարաբերությունների մեջ չէին, հրեաները Թուրքիայի նախագահ Էրդողանին նախազգուշացրեցին՝ կհրապարակեն Հայոց ցեղասպանության հետ կապված փաստեր։ Էրդողանը սարսափում էր այդ փաստից, որովհետև աշխարհը լավ գիտի այդ մասին և ամեն ինչ լռելյայն հասցրել է իր գագաթնակետին։
Հիմա ի՞նչ են ասում մերոնք, ինչ ապուշ են, Անդրանիկ Քոչարյանը, դա շնորհք չէ, հիմարություն է, որովհետև մեր ժողովրդի ցավը մեծ է, մենք ժողովրդի մասին չենք մտածում։
1955 թվականից սկսած ես հավաքել եմ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը, բայց սա հիմա հերքում է։ Թող Անդրանիկ Քոչարյանը գնա հավաքի՝ անուն-ազգաններով, ապուշը։ Հայ չեն, մեր ղեկավարությունը հայ չէ՝ վերջ»,- եզրափակեց Վերժինե Սվազլյանը։