Ռևազը քեռիս էր․ «Մենք ենք, մեր սարերի» իրական պատմությունն ու դատը՝ Արմեն Սարգսյանի հուշերում

«Մասնագետն առաջին հերթին պետք է նյութ հավաքող լինի»,- վստահ է բանագետ, գրականագետ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, Դուք սովորել եք Երևանի պետական համալսարանում, բանասիրական ֆակուլտետում։ Մասնագիտության ընտրությունն ինչպե՞ս եք կայացրել։

– Պարզապես, շատ էինք կարդում․ պատկերացրեք՝ 2-րդ դասարանից Հովհաննես Թումանյան էի կարդում։ Գրանցված էի նաև գրադարանում։ Այն ժամանակ, անկեղծ ասած, իմ մեջ ո՛չ բանասիրական ինչ-որ բաներ կային, ո՛չ ուղղորդող կար։ Հայրս արհեստավոր էր, մայրս՝ գյուղաշխարհի մարդ։ Իմ գիտելիքները հիմնականում ձեռքբերովի են եղել։ Ծնողներից, իհարկե, արյան կանչով՝ մորիցս, վերցրել եմ ամենաէականը՝ ասացողական շնորհքը, իսկ ազնվությունը, մաքրությունը՝ հայրիկիցս։ Մի խոսքով, ընտանիքը շատ բան է տվել։ 9 ամսական եմ եղել, երբ տեղափոխվել ենք Թիֆլիս, սակայն վրացական թաղամասում ենք ապրելիս եղել, մայրս չի հարմարվել, տեղափոխվել ենք Վանաձոր։ Քանի որ կարդում էի, մտածում էին, որ անպայման բարձրագույն պետք է սովորեմ, տարա, գործերս հանձնեցի Պատմության ֆակուլտետ, որովհետև պատմությունն իմ էությունն է եղել։ Սակայն մրցույթից մի միավորով դուրս մնացի։ Երկրորդ տարին ինձ համոզեցին, թե՝ քո այդ աշխատասիրությամբ տուր Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտ․ խելքս մտան, մի 4-5 ամիս սկսեցի մաթեմատիկա պարապել, բայց զգացի, որ իմը չէ։ Պետք է սիրես։ Ու դա թողեցի և այս անգամ որոշեցի դիմել բանասիրական ֆակուլտետ, որովհետև չէի ուզում ուսուցիչ աշխատել, բայց հիմա կարոտում եմ․․․ ամեն տեղ դասավանդեցի։

Կարդացեք նաև

Հենց առաջին կուրսից դասախոսները շարադրություն էին հանձնարարում․․․ չորս կամ հինգ էի ստանում, բայց մարդիկ կային՝ երկու նախադասության մեջ 5 սխալ էին անում։ Ինձ թվում էր՝ ուրիշի փոխարեն էի նստել, ու ուզում էի ինչ-որ բան անել․․․ ներսիս պատմաբանն էր խոսում։ Ո՛չ գրելու շնորհք ունեի, ո՛չ լրագրողական, որոշեցի լրջորեն զբաղվել բանահյուսությամբ։

Հենց առաջին կիսամյակում զեկուցում կարդացի «Սասնա ծռերի» Փոքր Մհերի համեմատական կերպարի մասին՝ բոլոր պատումներից։ Բացառիկ բան էր ստացվել։ Ի դեպ, ասեմ, իմ դիպլոմայինն առածների գոյատևման հարցն էր, զայրացած Ջրբաշյանը, Թամրազյանը, Մկրյանը՝ այդ մեծությունները, գոռացին, թե՝ սա թեկնածուականի թեմա՞ է, վերնագիրն արագ փոխեք, վերևում չեն ընդունի։ Թեման շատ բարդ էր։

Հետո վերցրել Սևակի, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններից դուրս էի գրել առածները, համեմատել Արամ Ղանալանյանի «Առածանիի» հետ։ Ի դեպ, դիպլոմայինիս հետևել է Ղանալանյանը, ով իր տանն ասաց․ «Երանի մեկը շարունակեր իմ գործը»։ Գլուխս կախ շարունակել եմ։

Մեր ժամանակներում նոր առածներ ստեղծվո՞ւմ են։

– Իհարկե ստեղծվում են։ 1930-ականներին կոլխոզի հետ կապված՝ պարտադրանքով նոր առածներ էին ստեղծվում, բայց ժողովրդի մեջ չէր մերվում։ Որոշ առածներ մի տեսակ ոնց որ վերափոխվեին, վերադասավորվեին՝ ժամանակի և ժողովրդի մտածողությանը համապատասխան։ Երբ գործուղումով մեկնել էի Էստոնիա, հարցրին՝ առածների ժողովածու ունե՞նք տպագրված, դրական արձագանքեցի՝ ցույց տալով «Առածանին»։ Գնացին ու իրենց 5-6 հատոր առածները բերեցին ու դրեցին սեղանիս։ Ապշել էի։ Ասացին՝ էստոնական առածների բոլոր տարբերակներն ընդգրկել ենք։ Ես խոնարհվեցի այդ մարդկանց, ժողովրդի առջև։ Փոքր էին, բայց իրար պինդ բռնած։ Վերադարձա, մի քանի անգամ փորձ արեցի, որ ձեռնարկենք հայ ժողովրդական առած, ասացվածքների բազմահատորյակը, ցավոք, չուզեցան ընդառաջել։

ՀՀ ո՞ր շրջաններում են նոր առածներ, ասացվածքներ ծնվում։

– Դարերի ընթացքում են մերվում, խտանում, նոր ուժ ստանում։ Շուտով պատրաստ կլինի «Դպրոցական Առածանին»։ 4-5 հոգի էլ է դպրոցական առածանի գրել՝ մեղմ ասած, անհաջող։ Այնպիսի բաներ են, որ երեխաներին պետք չեն։ Օրինակ՝ կաշառք բառն է, գրում են․ «Կաշառքը մութ տեղը լույս է տալիս»։ Դուք ուղղորդում եք դպրոցականին, որ մութ տեղ ընկնի՝ կաշառքով դո՞ւրս գա։

Նույնիսկ հեքիաթներից եմ դուրս գրել առածները։

Ասում է․ «Խելոք չոբանի ոչխարն ավելի բախտավոր է, քան անխելք թագավորի ժողովուրդը»։ Լոռեցիներն այսպիսի առած ունեն, որը գրանցել եմ 1970-ականների վերջին․ «Գրագետների ջանին էլ մատաղ, անգրագետների ջանին էլ, հեռու փախեք կիսագրագետներից»։ Մեկ ուրիշը․ «Պաշտոնը փալան է, մընի վըրիցը վեր են ունում, էն մընի վրա են դնում», իսկ լոռեցիների մոտ շարունակությունն էլ կա․ «Նենց արեք՝ փալանը վերցնելուց հետո տակի մարդը մնա»։ Բացառիկ են առածները՝ դաստիարակող, ուղղորդող։

– Դաշտային աշխատանքներով զբաղվելիս դժվարությունների հանդիպե՞լ եք։

– 57 տարեկանից եմ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում աշխատանքի ընդունվել։ Քալանթարյանը՝ տնօրենը, աշխատանքային գրքույկս վերցրեց, նայեց՝ տեղ չկար․․. պահ, պահ ասելով՝ թերթում էր։ Ամեն տեղ աշխատել եմ։ Դա իմ օգտին է եղել։ Ուր էլ աշխատել եմ՝ փորձել եմ օգտակար լինել և՛ ինձ, և՛ ժողովրդին։ 52 ժապավեն ձայնագրություն ունեմ։ Ուր եղել եմ՝ գրիչն է ձեռքիս եղել, հնարավորության դեպքում էլ ձայնագրել եմ։ Ժողստեղծագործության տանը՝ գիտամեթոդական կենտրոնում աշխատելիս, արխիվային նյութերի հետ կապ եմ ունեցել, ու ամբողջ արխիվը ես եմ կանոնավորել։

Բանահյուսության արխիվը ոտքի հետ գնում էր, ես եմ կանոնավորել։ Մեր գուսանների, աշուղների՝ Շերամի, Հավասու, մյուսների ձեռագրերն էին։ Վերջում զգացի, որ այդ նյութերը կորչելու են՝ գողանալու են, ոտքի տակ են տալու, ամբողջը տեղափոխեցի Ազգային արխիվ, փրկվել է։

– Վերջերս գիրք եք հրատարակել, որտեղ անդրադառնում եք Ձեր ծննդավայրին՝ Շամուտին։

– Սրտիս վիրահատությունից հետո որոշեցի իմ հոգու պարտքը կատարել։ 9 ամիս էի ապրել իմ ծննդավայրում, և որոշեցի 9 ամսվա պարտքս վերադարձնել։ Ներկայացվում է 18 տոհմ՝ տոհմածառերով, ազգագրություն, բանահյուսություն։ Այնպիսի ազգագրական նյութեր եմ գրանցել, որ մինչ այդ ազգագրագետներին ծանոթ չեն եղել։ Բառեր կան, որ չկան Արարատյան բարբառի, Լոռու խոսվածքի բառարաններում, բայց կան Արցախի բարբառում։ Պատճառն այն է եղել, որ շամուտեցիներից 10-11 ընտանիք 1795 թվից հետո եկել, տեղավորվել է բնակավայրերում, որտեղ ջաղացներ, խաչքարեր են եղել։ Կա խաչքար, որ 1315 թվականի է։ 19-րդ դարի 60-ական թվականներին տարբեր տեղերից եկել են այս բնակավայր, բնակություն հաստատել, և արցախցիների բարբառի ազդեցությունը պայմանավորել եմ դրանով։

Լոռեցիները վերջին 15-20 տարում սկսել են «մալինա» և «մալինկուտ» բառերն օգտագործել։ Մալինային լոռեցիները «մոռ» են ասում, մալինկուտը մորուտն է։ Երբեմն Լեզվի կոմիտեն չի անում այն, ինչ անհրաժեշտ է։

Ասենք «մոռ»-ն ինչո՞ւ չեն օգտագործում։ Անվանում են ազնվամորի։ Այն բառերը, որոնք արմատական են, գալիս են վաղնջական ժամանակներից։ Իսկ գրական հայերենը հարստանում է բարբառների հաշվին։ Օրինակ, օգտագործում ենք հղի բառը, այն դեպքում, որ բարբառներում ունենք ծոցվոր բառը։ Այդ բառն օգտագործում են Հովհաննես Շիրազը, Հրանտ Մաթևոսյանը․․. Շիրազն ասում է՝ թող ծոցվորվեն հայոց արտ ու դաշտերը։ Իսկ հղին ի ուղի բառն է։ Արցախցիներն այսպես են ասում․ «Գնամ մորքուրիս աղջկան հղի գցեմ՝ գամ»։ Այն ուղեկցել բառն է։

Ամեն քայլափոխի նյարդայնանում եմ։

– Ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում։

– Նյարդայնացնում է այն, որ Կառավարությունից, ԱԺ-ից սկսած՝ «Ա»-ով են խոսում։ Ո՞ւր կորավ մեր մեր գրական հայերենի «է»-ն։ Ամո՛թ է։

Բանահյուսական ո՞ր տեսակներն են վտանգված։

– Բանահյուսության ժանրեր, տեսակներ կան, որոնք ասպարեզից արդեն դուրս են եկել։ Այսօր գրեթե չեն ստեղծվում հեքիաթներ, առասպելներ, ավանդազրույցներ, էպոս։ Զբաղվել եմ նաև մանկական բանահյուսությամբ, հրատարակել եմ «Մանկական զվարճախոսություններ» և «Մանկական ծիծաղադարան»։ Ամեն երեխա ինքնատիպ ձևով ներկայացնում է իր աշխարհընկալումը։ Մի քանի դրվագ պատմեմ։ 70-ամյակս էինք նշել, թոռս գնացել էր տուն՝ ասելով, թե պապիկի ծնունդը շատ տխուր անցավ։ Հարցին՝ ի՞նչն էր տխուր, պատասխանել է, թե՝ մոմ չկար, որ փչեի։ Իրականում անձնական դեպք էր պատահել, սիրտ ու հավես չկար, բայց ես այնքա՜ն վատ զգացի։ Բոլոր ծնողներին եմ ասում՝ ում ծնունդն էլ որ լինի՝ անպայման մեկ մոմ դնեն, որ երեխաները փչեն, միայն թե չտխրեն։

Մի բան էլ պատմեմ․ թոռանս մանկապարտեզ մյուս պապն է տարել, տուն գնալիս ասել է՝ մտնենք բուլկի առնենք, պապն ասել է՝ սպորտային հագուստով եմ, դրամ չկա մոտս։ Հաջոդ օրը թոռը զգուշացնում է, որ չմոռանա ու իրեն չգա այդ շորերով բերի։ Ընդամենը 5 տարեկան է։

Շամուտ գրքում ընդգրկել եք Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերի» պատմությունը ինչպիսի՞ն է իրականությունը։

– Ասեմ նախապատմությունը։ Բանակից վերադառնալուց հետո քեռուս (ի դեպ, միակ հերոսն է, որի անունը փոխված է՝ Սերյոժա է, դարձրել է Ռևազ) մայրը՝ տատս, երեկոյան ասում է, որ ոչխարները չկան, նայի տես՝ որտե՞ղ են։ Ման գալով գնում է, հասնում Ահնիձոր, քեռու աղջիկը փաթաթվում է, թե՝ ե՞րբ ես եկել, ասում է՝ առավոտյան, ու հավելում, որ ոչխարները չկան։ Աղջիկն ասում ՝ Պավելն ու Իշխանն են կերել։ Գնում է նրանց մոտ, ասում են, որ կերել են, հիմա էլ փողը կտան։ Բերում են սելը բարձում ցորենով, իր արժեքից մի բան էլ ավելի տալիս ու ճամփում։ Քեռիս ուրախ-ուրախ վերադառնում է տուն, 15-20 օր հետո կանչում են ոստիկանություն, ասում՝ տո՛ հակահեղափոխականի զավակ, հորդ տարել ենք, գնդակահարել, ուզում ես քեզ էլ տանե՞նք։

Ասում է՝ բայց ի՞նչ եմ արել, ասում են՝ պետության թշնամիներին ինչո՞ւ ես թաքցրել, ձեր ոչխարները որ գողացել են՝ ինչո՞ւ չես եկել ու մեզ հայտնել։ Պատասխանում է, թե հարևան են, բոլորին գիտեն, նույնիսկ կրկնակի ցորեն են տվել։ Ասում են՝ դե, նրանց հետ քեզ էլ կդատենք, կիմանաս՝ ի՞նչ է նշանակում պետության թշնամիներին թաքցնելը։ Դատավարությունը եղել է 1952 թվականի աշնանը՝ Դսեղ գյուղում։ Ամեն մեկին դատապարտել են 4 տարի ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031