«Չեմ կարծում, որ պետության ղեկավարը պետք է որոշի, թե գիտնականն ինչպես պետք է գիտությամբ զբաղվի. երբ չես խոսում Արցախի մասին, բացում ես «Արևմտյան Ադրբեջանի» դուռը». Ցեղասպանագետ
Մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հերթական ճեպազրույցում անդրադարձել էր 2023 թվականին Արցախում Ադրբեջանի կողմից տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին և ասել էր.
«Կարանք ասենք՝ էթնիկ զտում, բայց ես էդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք՝ էթնիկ զտում, և հայելային ստանանք «էթնիկ զտում», հետո՝ «ցեղասպանություն», «հայելային ցեղասպանություն», ամեն ինչը հայելային, դա նշանակում է՝ մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ: Իմ հոգսը դա չի: Եվ ես՝ որպես ՀՀ վարչապետ, ասում եմ, որ ընդհանրապես հրաժարվում եմ, այսպես ասած, պատմական արդարության վերականգնման օրակարգից, պետք է արդար իրականության հետևից գնալ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Ցեղասպանագիտությամբ զբաղվող գիտնականներն այս պայմաններում ինչպե՞ս են պատկերացնում իրենց գործունեությունը, արդյո՞ք սա նշանակում է, որ այսուհետև գրաքննության ենթարկվեն՝ պատմական ճշմարտությունը վեր հանելու ճանապարհին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի խոսքով՝ եթե իշխանությունը որոշում է կայացրել, թե ինչի մասին պետք է խոսեն, ինչի մասին՝ ոչ, դա իրենց խնդիրն է, անձամբ իր աշխատանքային գործունեության վրա այդ ամենը որևէ կերպ չի կարող ազդել։
«Իմ մասնագիտությունը հենց այդ թեմաների մասին խոսելն է, եթե ինձ ասեն՝ այդ թեմաների մասին չպետք է խոսես, նշանակում է՝ ես պետք է գիտության ոլորտից դուրս գամ, բիզնեսով կամ ինչ-որ այլ բանով զբաղվեմ։ Զբաղվել իմ մասնագիտությամբ և չխոսել պատմական արդարության մասին և չբնորոշել այն, ինչը կատարվել է Արցախում, որն է՝ ցեղասպանություն, ուղղակի ծիծաղելի կլինի։ Եթե այս ամենի մասին ես ինքս չխոսեմ, ապա որպես մասնագետ՝ կդադարեմ ինքս ինձ հարգել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանը։
Ըստ մեր զրուցակցի, այն, ինչ ասում է, միայն իր անձնական կարծիքը չէ, այլ համընդհանուր ցեղասպանագետների կարծիքն է։ Սա աշխարհի տարբեր երկրներում գտնվող ցեղասպանագետների, գիտնականների կողմից ընդունված և հաստատված կարծիքն է։ Տվյալ պարագայում չի պատկերացնում, թե ինչպես կարող է այդ ամենի մասին չխոսել ու լռել։
«Իմ աշխատանքային պարտականությունն է, ես դա անում եմ։ Չեմ կարծում, որ պետության ղեկավարը կամ այլ ցանկացած մարդ պետք է որոշի, թե գիտնականն ինչպես պետք է գիտությամբ զբաղվի, որովհետև գիտությունն ազատության տարածք է։ Այսինքն՝ այն քեզ տալիս է ազատություն՝ զբաղվել այն թեմաներով, որով դու զբաղվում ես, և այդ ազատությունը պետք է սահմանափակվի միայն օբյեկտիվ ճշմարտությանը չհակասելով։ Եթե դա պետք է լինի պետական պատվերի տեսքով, այդ դեպքում մենք ձեզ հետ իսկապես վերադառնում ենք գրաքննության ժամանակաշրջան։ Բայց դա ուրիշ երկիր էր, իր խաղի կանոններով, ի վերջո, դա Հայաստանի Հանրապետությունը չէր, Հայաստանի ազգային պետությունը չէր։
Իսկ եթե քաղաքական մակարդակում իրենք կարծում են, որ խնդրահարույց է, ապա վերջին ժամանակահատվածում դա իրենք չեն էլ օգտագործում»,- հավելեց Սուրեն Մանուկյանը։
Շարունակելով՝ Սուրեն Մանուկյանն ասաց, որ վերջին շրջանում իշխանությունը չի օգտագործում Արցախ բառը, արդարության վերականգնման ուղղությամբ քայլեր չեն անում, այսինքն՝ մի քանի տարի է՝ այս քաղաքականությունն են իրականացնում, պարզապես հիմա դրա մասին սկսել են բարձրաձայնել։
Հարցին՝ եթե 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն աշխարհի կողմից դատապարտվեր ու ընդունվեր, ապա դրան կհաջորդեի՞ն այլ ցեղասպանական գործողություններ, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը, Սուրեն Մանուկյանը պատասխանեց.
«Ցեղասպանագետները կարծում են, որ ցեղասպանության մասին չխոսելը, ցեղասպանության հիշողության ճնշելը կամ զոհի կողմից այդ թեման քննարկելու արգելքները բերում են նոր ցեղասպանությունների։
Ասել եմ ու հիմա կրկնում եմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը նաև մեր արտաքին քաղաքական անվտանգության շատ կարևոր բաղադրիչ է։ Երկար տարիներ դա մենք օգտագործում էինք՝ ինչ-որ չափով որոշակիորեն բարձրացնելով մեր ազգային անվտանգության մակարդակը։
Մենք որքան բարձր խոսում էինք դրա մասին, պահանջում էինք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, վերականգնվի պատմական արդարությունը, այնքան ավելի Թուրքիայի համար խնդրահարույց էր Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնել կամ գործողություններ իրականացնել։ Երբ դու լռում ես, բացում ես նրանց համար դուռը, երբ չես խոսում Արցախի մասին, բացում ես «Արևմտյան Ադրբեջանի» դուռը, իմ կարծիքով՝ գոնե այդպես է»,- նշեց Սուրեն Մանուկյանը։




