«Եթե Էրդողանը և նրա արբանյակը՝ Ալիևը, փոխվեն, գուցե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում էլ փոփոխություն լինի». Վերժինե Սվազլյան

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի կարծիքով՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կապված է քաղաքական իրավիճակի հետ։

«Էրդողանը Հայոց ցեղասպանությունը չի ընդունի, եթե Թուրքիայում իշխանության գա այլ վարչակարգ, հնարավոր է՝ ընդունեն։ 110 տարի շարունակ ցեղասպանության փաստը Թուրքիայի կողմից ժխտվում է, հիմա ի՞նչ հրաշք պետք է տեղի ունենա, որ այս տարվող քաղաքականությունը փոխվի։ Եթե Էրդողանը և նրա արբանյակը՝ Ալիևը, փոխվեն, գուցե այս հարցում էլ փոփոխություն լինի։ Հիմա մենք չենք կարողանում իրենց պատասխանել, մեր փոխարեն բնությունն է պատասխանում իր արհավիրքներով, որովհետև այս անձինք անարդար են»,- 168.am հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի մասին՝ ասաց Վերժինե Սվազլյանը։

60 տարուց ավելի՝ Վերժինե Սվազլյանն անձնական նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանությունը վերապրածներից գրի է առել նրանց վկայությունները, դրանց հիման վրա հրատարակել բազմաթիվ գրքեր՝ սերունդներին փոխանցելով, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին Արևմտյան Հայաստանում։

Չնայած առողջական խնդիրներին, Վերժինե Սվազլյանն այսօր էլ հավատարիմ է իր սկզբունքներին, կրկին սեփական նախաձեռնությամբ իր նոր աշխատության առաջաբանի վրա է աշխատում։ Գիտնականի նոր աշխատությունը կոչվում է «Մշակութային եղեռնը և հայ ժողովրդական բանահյուսությունը»։

Կարդացեք նաև

«Կիլիկիայում և Անատոլիայում արգելված է եղել հայերեն խոսելը, նույնիսկ հայերի լեզուները ծայրատել են, արգելել են, որ հայերեն խոսեն։ Այսպիսի մի ոտանավոր եմ գրի առել՝

«Դպրոցը մտան,

վարժուհուն բռնեցին, ախ աման։

Բերանը բացեցին,

լեզուն կտրեցին, վայ աման»։

Այնպես որ, իսկապես այս ամենը եղել է, և հայությունը ստիպված մտածել է, թե ինչպես կարող է անել, որ այդ վիճակից դուրս գա։ Ընդունել են միայն խոսակցական թուրքերենը և 300 տարի Արևմտյան Հայաստանի որոշ գավառներում ու քաղաքներում եղել է թուրքախոսություն, նաև թուրքալեզու բանահյուսություն։

Դեռ 1955 թվականից, երբ սկսել էի իմ բանահավաքչական գործունեությունը՝ Արևմտյան Հայաստանից վերապրածների բանահյուսությունը գրի առնելով, այդ ընթացքում չեմ զլացել, իմ ուշադրությունից չեն վրիպել նաև այդ թուրքալեզու քառյակները, երգերը, օրօրոցայինները, նաև՝ տարբեր բնույթի ու ժանրի ստեղծագործություններ, հերոսապատումի երգեր թուրքերենով։

Լեզուն թուրքերեն էր, բայց բովանդակությունը հայաշունչ էր, և ստեղծագործողները եղել են հայեր։ Այդ ամենը վկայում են հայերեն բառերն ու արտահայտությունները, օրինակ՝ նշանած, սիրած, Զատիկ կիրակի, հզոր Աստված, Հիսուս Քրիստոս, սուրբ խաչ, վերմակդ վերցրու, ներս փախիր, այսինքն՝ ցուրտ է արդեն, և այլն։ Կամ հանելուկների մեջ, ասում է՝ աչքդ պտտվում է, Քրիստոսը մեջը պտտվում է։ Ժողովրդական, հայկական մտածողությունն առկա է ամեն մի ստեղծագործության մեջ, էլ չեմ ասում՝ վիպերգերի մեջ, որտեղ մուսալեռցիները, զեյթունցիներն իրենց ազատագրական գոյամարտերի ժամանակ հորինած երգերը թուրքերեն են գրել, հայերենն արգելված է եղել»,- նշեց Վերժինե Սվազլյանը։

Թուրքերենով բազմաթիվ գրառումներ, բանահյուսություն կա նաև Դեր Զորի վերաբերյալ։ Դեր Զորի դժոխային ճանապարհն անցած վերապրածները սկզբում խաչակնքել են ու երդվել, որ միայն ճիշտը պետք է խոսեն, քանի որ գիտակցում էին այդ խոսքերի, վկայությունների արժեքը։

«Մեկ տող մեջբերեմ այդ վկայություններից. «Դեր Զոր կոչվածը, մի մեծ տեղավայր, մորթված հայերին էլ հաշիվ չկար, օսմանցի պետերը, մեծամեծերը մսագործ դարձան, հայերն են զոհվում հավատքի համար»։

Այս բոլորը վկայություններ են, որոնք խոսում են արևմտահայության ներաշխարհի, նրանց նվիրվածության մասին՝ քրիստոնեությանը և հայկական ինքնագիտակցությանը։

Երբ երիտասարդ էի, կարողացա գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, ձմռան ցրտին, ամռան շոգին գնալ ու հավաքել, գիտակցում էի, որ այդ սերունդը վաղը չի լինելու։ Եղել եմ նաև Դեր Զորում, հավաքել եմ նահատակների նրանց ոսկորներն ու ինձ բերել եմ տուն, նրանք ինձ հետ գերեզման կգնան։ Ամբողջ կյանք նվիրեցի հայ ժողովրդի ու նրա ապրած ողբերգությանը։ Մինչև հիմա վերապրածների թոռները, ծոռները զանգահարում են, այցելում։ Այս բոլոր աշխատանքներում ինձ օգնել է աղջիկս՝ պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Ավագյանը»,- նշեց նա:

Տիկին Վերժինեն ցավով ասաց՝ ափսոսում է, որ ֆիզիկապես չի կարող գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակի առջև։

«Հիմա էստաֆետը հանձնում եմ երիտասարդներին, որպեսզի իրենց լավագույնն անեն հայրենիքի համար։ Հայ ժողովուրդը չի մոռացել ու չի մոռանալու Հայոց ցեղասպանությունը, վկան երեկ «Ջահերով երթն» էր։ Մենք պահանջատեր ենք ու մնում ենք պահանջատեր»,- ընդգծեց Վերժինե Սվազլյանը։

Տեսանյութեր

Լրահոս