Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Ծիծեռնակաբերդ

2024 թվականի ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, տարբերվում է անցած ավելի քան 100 տարիներին Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններից։ Ոչ միայն նրանով, որ այս ապրիլի 24-ին Հայաստանն առավել քան թուլացած է ու պառակտված, անարգվող անցյալով, նվաստացած ներկայով ու խավար ապագայով։

Առաջին անգամ հայ ժողովուրդը, հայկական ինքնություն ունեցող բոլորը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պաշտպանում են ոչ միայն թուրքական կեղծիքից, Թուրքիայի լոբբիստների կողմից պատմությունն աղավաղելու կեղտոտ արշավներից, այլ․․․ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ժխտողականությունից։ Ավելի քան հարյուր տարի աշխարհի բոլոր հնարավոր անկյուններում անպատմելի փողեր ծախսելուց, բոլոր ծախվողներին գնելուց հետո թուրքական ժխտողականությունը հասել է  Հայաստան, որի իշխանությունները Հայոց ցեղասպանության մասին Հայաստանում իսկ տարածում են թուրքական թեզերը։

Այսօր Հայաստանի պաշտոնյաները բարձրանալու են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որը փակվել է իշխանությունների որոշմամբ՝ լրագրողների ու քաղաքացիների համար։ Եվ բացառված չէ, որ դա պաշտոնական մակարդակով լինի Հայաստանի իշխանության վերջին այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ինչպես որ հավանական է՝ այսօր բարձրացողների շուրթերից ու պաշտոնական ուղերձներից կհնչեն Թուրքիային ուղղված արդարացումներ ու Ցեղասպանության ուրացումը սկզբնավորող նոր ակնարկներ։ Լայն իմաստով, այսօրվա արարողությունների խորհուրդը հենց վերջինը լինելու մեջ է։

Հայաստանի պաշտոնեական դասի անդամները Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են բարձրանալու՝ ներքին նպատակադրմամբ, որ իրենց քաղաքականության հաջողության դեպքում հաջորդ տարի ապրիլի 24-ն արդեն աշխատանքային օր կլինի, և իրենք զբաղված կլինեն ադրբեջանաթուրքական առևտրից ստացված փողերը հաշվելով։ Սա առավել քան պարզ ներկայացվող առաջարկ է հայ ժողովրդին։

Կարդացեք նաև

Մյուս կողմից՝ հայ ժողովրդից է կախված՝ այս ապրիլի 24-ին փաշինյանական իշխանության այցը փակված Ծիծեռնակաբերդ կդառնա՞ վերջինը՝ այն իմաստով, որ հաջորդ տարի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կլինեն ոչ թե Ցեղասպանությունն ուրացող, այլ զոհերի հիշատակն իրապես հարգող իշխանություններ, թե՞ ընդհանրապես ապրիլի 24-ը կվերանա պաշտոնական հիշատակի օրերի ցանկից։

Ամեն տարի հայ ժողովուրդը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ոչ թե՝ ի նշան սգի, այլ՝ խորհրդանշելով զոհերի հիշատակի առաջ՝ պայքարելու համազգային պարտականությունը։ Այս տարի, սակայն, այդ խորհրդին ավելացել է նորը՝ ապագայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար հայ ժողովուրդը պետք է հեռացնի այն իշխանությանը, որը սկսել է անարգել նաև Ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, որն արդեն շուրջ տասը տարի ապրիլի 24-ի գլխավոր ուղերձն է դարձել, այսօր առավել քան արդիական է։

Այն տարբերությամբ, որ Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու համար պետք է պահանջել գործող իշխանության հրաժարականը։ Հակառակ դեպքում՝ իշխանությունը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կորակի որպես քրեական հանցագործություն՝ ներառելով «իրական Հայաստանի» քրեական օրենսգրքում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս