Փաշինյանը վաղուց է հանձնվել թուրքերին. Տավուշում սկսածը պիտի դարձնենք համահայկական. Իշխան Սաղաթելյան
«Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու»,- Հանրապետության հրապարակում ամենամյա Ջահերով երթի մեկնարկին այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ստեղծված իրավիճակին։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով, գործողություններով՝ շարունակում է հանձնել ՀՀ տարածքները և ըստ էության գնում է ոչ թե խաղաղության, այլ նոր-նոր ականներ է դնում մեր պետականության տակ։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ երեկ Դաշնակցության Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ` մեկ անգամ ևս կրկնելով՝ ՀՀ ինքնիշխան իրավասության ներքո գտնվող տարածքների հանձնումը թշնամուն պետական հանցագործություն ու դավաճանություն է։ «Առանց հանրաքվեի, առանց ժողովրդի կամարտահայտության տարածքների հանձնումը թշնամուն պետական դավաճանություն է»,- ընդգծեց բանախոսը։
Անդրադառնալով ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին, թե ընդդիմությունն արդյունավետ չի հակազդում իշխանական քաղաքականությանը, Սաղաթելյանն ասաց, որ հակազդեցություն կա, սակայն հակազդեցության բավարար մակարդակը չեն կարողացել ստանալ, որպեսզի կանխեն այս շղթան։
«Հույս ունեմ, որ առաջիկա օրերին այն, ինչ տեղի է ունենում Տավուշում՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որ կա, կդառնա համահայաստանյան, համաժողովրդական, և դա վերածվի կառավարության շենքում գտնվող դավաճան հակահայ իշխանություններից ազատվելու վերջնական գործընթացի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր հայտարարություններ, իրավիճակի գնահատական չի լինի, քանի որ այսօր մարդկանց իրենք հրավիրել են Ջահերով երթի։
«Ակտիվ պայքար կա ու շարունակվելու է։ Երկու տարի առաջ այս նույն օրը, այս նույն ժամին այս հարթակից այն բոլոր վտանգները, որ կան ու տեղի են ունենում, շատ հստակ ասել ենք ու դուրս ենք եկել պայքարի ու, ցավոք, այդ պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական։ Բայց դեռ ուշ չէ, Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու։ Փրկելու երկիրը և մնացածը՝ շանս կա, հետևաբար՝ սրանց հեռացնել է պետք։ Նիկոլ Փաշինյանը հանձնվել է վաղուց, բայց հանձնվել է Թուրքիային ու Ադրբեջանին։
ՀՀ կառավարությունը դա խամաճիկ, թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչներն են Հայաստանում։ Հանձնվել է թուրքերին։ Եթե կարողանանք հասնել նրան, որ այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, դառնա համահայաստանյան, համաժողովրդական, հնարավոր կլինի դա անել»,- ասաց քաղաքական գործիչը։
Սաղաթելյանը ձեռնպահ մնաց քայլերից ու գործողություններից խոսելուց։
«Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում՝ ի պատիվ նաև Բագրատ Սրբազանի, դա պետք է դառնա համահայաստանյան, մենք մեր բոլոր ուժերով կանգնելու ենք այդ պայքարի կողքին ու ներգրավված ենք լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։