Էրդողա՞նն է կրկնում Փաշինյանին, թե՞ հակառակը
Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ համայն աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարճ մեկնաբանությամբ է հանդես եկել, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային։ Հայտնի չէ՝ արդյո՞ք Թուրքիայի ղեկավարը պատրաստվում է ուղերձ հղել, ինչպես յուրաքանչյուր տարի, սակայն այս տարի Իրաքից վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում յուրահատուկ ցինիկությամբ ասել է, որ տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ «Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար։ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ։ Քանի դեռ բաց է, այն պետք է լավ գնահատել»,- սպառնացել է Էրդողանը։ Նրա խոսքով, միայն սփյուռքը չէ, բազմաթիվ հրահրիչներ այս գործընթացում ջանում են ազդել Հայաստանի վրա։ « Դա գիտակցում ենք։ Ժամանակ առ ժամանակ մենք ևս մեր զգուշացումներն արել ենք։ Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհը կընտրի, և նոր ժամանակաշրջան կսկսվի»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայից Հայոց ցեղասպանության նսեմացման փորձերը նորություն և անակնկալ չեն, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ բազմաթիվ ականավոր թուրք քաղաքական գործիչներ, պատմաբաններ ու գիտնականներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։
Սակայն այս տարին աննախադեպ է կարծես, երբ Թուրքիայի ղեկավարը Հայոց ցեղասպանությունն անվանում է «անհիմն հիշողություն», 1,5 միլիոն հայության կոտորածն անվանում է «անհիմն հիշողություն», թեև նախկինում պատահում էին նաև այնպիսի տարիներ, երբ Էրդողանը միջազգային հանրության շրջանում որոշ հարցեր լուծելու նպատակով փորձում էր ցավակցական ուղերձ հղել։
Իհարկե, Թուրքիայի ղեկավարի այս ցինիկ մեկնաբանության հարցում և միջազգային ասպարեզում Ցեղասպանության թեմայի «քնեցման» հարցում իր առանցքային ներդրումն ունի ՀՀ իշխանության քաղաքականությունը, որը, ինչպես գրեթե բոլոր ուղղություններով, այս ուղղությամբ ևս էական աշխատանք տարավ հայկական դիրքերը զրոյացնելու համար, բերելով կասկածելի ու անհաջող «Իրական-պատմական Հայաստան» դիսկուրսներ, ըստ էության, որին այսօր երկրորդում է Էրդողանը։
Չնայած Փաշինյանն այս դիսկուրսն առաջ բերեց, այսպես կոչված, սահմանազատման, իսկ իրականության մեջ՝ Ադրբեջանին միակողմանի զիջումների կոնտեքստում, սակայն սա միանշանակ վերաբերում էր նաև հայ-թուրքական թեմատիկային, ըստ էության արտացոլելով փաշինյանական քաղաքականությունն իշխանության ստանձնման հենց սկզբից։ Հենց այս ամիս էր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»:
Ավելորդ է նույնիսկ նշել, որ փաշինյանական իշխանության համար անցյալում է մնացել և փակվել Ցեղասպանության հարցը։ Սակայն հարց է, թե ինչպես վաղը՝ ապրիլի 24-ին, Փաշինյանը կարձագանքի Էրդողանին՝ կամ կանի արդյոք դա վա՞ղը, թե՞ մեկ այլ օր։
168․am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ որևէ զարմանալի բան չկա Էրդողանի մեկնաբանություններում, քանի որ հայկական կողմն առանձնապես այս հարցը չի շրջանառում որևէ ելույթում, որևէ պահանջ չունի թուրքական կողմի նկատմամբ, այլ միայն հակառակը։
Ըստ նրա, սա այն բացառիկ շրջափուլն է Թուրքիայի իշխանության համար, որ կարող է լիովին փակել Հայոց ցեղասպանության՝ Թուրքիայի ու հատկապես՝ Էրդողանի համար ցավոտ հարցը։
Վերլուծաբանը հիշեցրեց, որ Էրդողանը թուրքական էլիտայի այն գործիչներից է եղել, որն իր բոլոր պաշտոններում անդրադարձել ու հոդվածներ է գրել Ցեղասպանության մասին, մերժել, առաջարկել բացել արխիվները և այլն։
«Եվ ըստ էության իշխանությունները ևս փորձում են, եթե սխալ չեմ հասկացել, ինչ-որ կոնկրետացումներ մտցնել, ինչ-որ հետազոտական աշխատանքներ իրականացնել, բացահայտել զոհերին՝ դրանով ամրապնդելով Էրդողանի այս դիրքորոշումները։ Ուստի սա փոխկապակցված գործընթաց է, վերջին տարիների ընթացքում չափազանց ակնհայտ դրվագներով ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են պատմական հարթությունը փակելու և Թուրքիայի հետ բարիդրացիություն սկսելու համար, որը, իհարկե, չի հաջողվում, քանի որ Թուրքիան չի ցանկանում։
Թուրքիայում կայացած դիվանագիտական ֆորումի ժամանակ խոստումներ էին տալիս, որ հանդիպումներ կլինեն Երևանում, Անկարայում, բայց ամիսներ են անցել, հանդիպումները չեղան, քանի որ դա ձեռնտու չէ Թուրքիային, Թուրքիան չի ցանկանում արագ բանակցել ու արդյունքներ ունենալ Հայաստանի հետ, քանի որ հայ-ադրբեջանական բոլոր հարցերը նախ պետք է փակվեն ու լուծվեն, Իլհամ Ալիևը նախ որևէ դժգոհություն չպետք է ունենա։
Եվ չնայած սրան, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որ Էրդողանը լավ վերաբերվի իրենց, սակայն Էրդողանն անում է այն, ինչ պետք է աներ»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նա գտնում է, որ Էրդողանի խոսքերում ուշագրավ դրվագ կա։
«Հայկական կողմը վերջին տարիներին չի պահանջում ոչինչ Թուրքիայից, չկա պահանջատիրություն, չկա աշխատանք միջազգային ճանաչման ուղղությամբ, սակայն Էրդողանը նշում է, որ պետք է հրաժարվել հիշողությունից, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանությունից է՛լ ավելի հստակ հայտարարություններ է ակնկալում, որոնցից կարելի է ուղիղ ենթադրել, որ Հայաստանի համար հարցը փակ է։ Ուստի, եթե լինեն նմանատիպ հայտարարություններ ՀՀ իշխանություններից, պետք չէ զարմանալ։ Այնուամենայնիվ, հիշողությունը ոչ թե իշխանությունը մեկ հայտարարությամբ է վերացնում, այլ այդ հիշողությունը մարդկանց մեջ է, Ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ, կան հարյուրավոր փաստահավաք աշխատություններ, գրքեր, հետազոտություններ, ուստի հայտարարությունը հերթական անգամ կարտացոլի իշխանության քաղաքականությունը, սակայն հայտարարությունը ժողովրդի հիշողությունից ոչինչ չի կարող ջնջել»,- ասաց նա։