«Եթե տարածքներ ենք տալիս ու դիմացը ոչինչ չենք ստանում՝ Հայաստանին սպասվում է կործանում». Հենրիկ Քոչինյան

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին, անդադառնալով սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին։ Ըստ փոխանցած տեղեկատվության՝«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում:

Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել՝ որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և  հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով  և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»:

168.am հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն ասաց՝ եթե հայկական կողմը որևէ բան է զիջում, ապա նույնը պետք է անի Ադրբեջանը, հակառակ պարագայում Հայաստանին սպասվում է  կործանում։

«Եթե տարածքներ ենք տալիս ու դիմացը ոչինչ չենք ստանում՝ Հայաստանին սպասվում է կործանում։ Իսկ եթե Հայաստանը տարածքներ է տալիս, Ադրբեջանն էլ Հայաստանին է վերադարձնում տարածքներ՝ ստանում ենք հավասարակշռություն։ Լավ, թող Ադրբեջանին տանք այն, ինչն ադրբեջանական է, բայց ինչը որ հայկական է, դրանք էլ Ադրբեջանը պետք է վերադարձնի։ Հենց նույն Տավուշում, Բերքաբեր գյուղում հողեր կան, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են, այդ հողը թող վերադարձնեն, եթե փոխզիջում է, թող գնան մաքուր փոխիզումների, ոչ թե զուտ զիջումների։

Կարդացեք նաև

Կրկնում եմ, եթե միակողմանի տարածքներ են զիջում ու մտածում են, թե դրանով խաղաղություն են ապահովում, ոչ մի խաղաղություն էլ չի լինելու»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե երաշխիք չկա, որ Տավուշից Ադրբեջանին տարածքներ տալուց հետո Ադրբեջանը չի գնա էսկալացիաների, Հենրիկ Քոչինյանը նկատեց՝ այդ դեպքում ինչո՞ւ են գնում զիջումների։

«Եթե մի բան ենք անում ու ասում ենք, թե դա արդյունք չի տալու, ինչո՞ւ ենք այդ բանն անում։ Ուրիշ բան է՝ մենք չհասկանանք, չիմանանք և այլն, տանք, հետո ասենք՝ չգիտեինք, բայց մենք գիտենք, չէ՞, պատկերացնում ենք, որ արդյունքում բան չենք ստանալու ու վերջում պատերազմ ենք անելու, այսօր, վաղը, հինգ տարի հետո, ի՞նչ տարբերություն»,- շեշտեց Հենրիկ Քոչինայնը։

Այս համատեքստում մեր զրուցակիցն ընդգծեց՝ ի տարբերություն այսօրվա, 90-ականներին ամուր կանգնած էին հողի վրա և մտածում էին, որ մինչև վերջ կանգնելու են։

«Մենք ճանապարհի ապահովության հարց էինք լուծում, բայց տարածքներ տալու հարց չկար, չէր կարող լինել»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։

Նշենք, որ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել էր՝ հայտնի է Տավուշի հանձնման ժամկետը։

«Մինչև մայիսի 15-ն Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե ֆակտո իշխանությունը»,- նշել էր թյուրքագետը:

Տեսանյութեր

Լրահոս