Փաշինյանը կորուսյալ հայրենիքը համեմատում է մահացած զավակի հետ. հիշողությունը ապրողին դժբախտացնում է

Նիկոլ Փաշինյանը ՔՊ Ժողովրդավարության դպրոցում «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսության ժամանակ ասել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է Թիֆլիսում, որտեղից էլ կառավարվում էր:

«Եթե Վրաստանի կառավարության հետևողական դիմումները և խնդրանքները չլինեին, կարող է և շատ կոմֆորտ այդպես վտարանդի կառավարության կարգավիճակում մինչև այսօր մենք Թբիլիսիից կառավարեինք Հայաստանի Հանրապետությունը (ծիծաղում է.- Մ.Պ.)… Հռչակվել էր Հայաստանի Հանրապետություն, և չկար այն ընկալումը՝ էս ի՞նչ ենք անում մենք էստեղ՝ գնանք մեր երկիրը կառավարենք: Իհարկե, այն ժամանակ Թիֆլիսն անհամեմատ առավել հարմարավետ վայր էր բնակության համար, բայց հարցը դա չի, այլ այն, որ դա պիտի էլի ազդեցություն ունենար սոցիալ-հոգեբանության վրա»,- նշել է նա:

Այնուհետև անդրադառնալով խորհրդային ժամանակաշրջանին և հիշեցնելով, որ ծնվել ու մեծացել է Իջևանում, նշել է.

«Մեր մանկական խոսակցություններում ամենաշատ հնչող բառերից մեկը Արցախն էր՝ 1984, 1985, 1986 թվականներին: Կարո՞ղ եք կռահել՝ ինչո՞ւ: Չեք կռահի: Ուրեմն Իջևանում ամենահայտնի էլիտար ռեստորանը Խորհրդային Միության ժամանակ կոչվում էր Արցախ, և մինչև հասկացանք՝ ղարաբաղյան շարժումն էդ ինչի մասին է, մեր խոսակցության մեջ անընդհատ Արցախը ներկա էր՝ «Արցախում» էս է եղել, էն է եղել, իսկ դա այն ռեստորանն էր, որտեղ գնում էր Իջևանի շրջանի էլիտան, և էրեխեքը մտածում էին՝ որ մեծանանք, մենք էլ կգնանք «Արցախ» ռեստորան»:

Փաշինյանի խոսքով, եթե ամբողջ խմորումները վերլուծենք, ՀՀ սոցիալ-հոգեբանության առանցքային գործոններից մեկը, ինչո՞ւ չէ՝ դոմինանտը՝ կորուսյալ հայրենիքի գործոնն է:

«Եվ երբ որ ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը, շատերի համար սոցիալ-հոգեբանական առումով դիտվել է նպատակահարմար գործիք կորուսյալ հայրենիքի օրակարգ սպասարկելու համար: Եվ ինչքան քո մեջ մեծ տեղ է զբաղեցնում կորուսյալ հայրենիքի օրակարգը, զգացողությունը, էնքան քիչ տեղ է մնում, որ որտեղ դու ապրում ես, այնտեղ համարես քեզ հայրենիք: Ընդ որում, էական չի՝ որտեղ ես ապրում»,- շեշտել է նա՝ կորուսյալ հայրենիքը համեմատելով է մահացած զավակի հետ, երբ ծնողներն այնքան են ապրում նրանով, որ դժբախտացնում են ապրող երեխային, այսինքն՝ ապրող երեխան դառնում է երկրորդական:

«Լինում են դեպքեր, երբ մարդու ընտանիքում տեղի է ունենում ողբերգություն: Ցավոք, լինում են էդպիսի դեպքեր, երբ որ ծնողները կորցնում են երեխա՝ ունենալով ուրիշ երեխա: Եվ էնքան են ապրում կորուսյալ երեխայով, որ ապրող երեխայի կյանքը դարձնում են դժոխք: Կամ՝ առնվազն ապրող երեխայի նկատմամբ վերաբերմունքը, կամ ապրող երեխան դառնում է երկրորդական»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս