Գողգոթայի հաղթանակը
«Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» (Հռոմ. 5:8)
Մարդկային հոգին զարհուրում ու դողալով սոսկում է, երբ մտաբերում և իր սահմանափակ մտքով պատկերացնում է Աստծո Միածին Որդու` Հիսուս Քրիստոսի զոհագործությունը խաչի վրա` մեղավոր մարդկության փրկության համար: Քանզի «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16): Մարդկային տկար միտքն ի զորու չէ ամբողջությամբ ըմբռնել ու հասկանալ Աստվածորդու կրած տաժանելի տառապանքների ողջ խորությունն ու ծանրությունը: Նա իմ և քո փրկության համար հանձն առավ խաչի անարգ մահը, որի պսակը պիտի դառնար Նրա հրաշափառ Հարությունը:
…Ինչպես պատմում են Ավետարանիչները, Զատկական ընթրիքից հետո Հիսուս Իր աշակերտների հետ Ձիթենյաց լեռը ելավ, որովհետև «հասել էր Մարդու Որդու փառավորման ժամը»: Ավետարանները պատկերում են Փրկչի կրած անհանգստությունն ու տագնապը Գողգոթայից առաջ` Գեթսեմանիի պարտեզում: Ի՞նչ կլիներ տիեզերական պատմության ընթացքը, եթե չլիներ Գեթսեմանիի պարտեզի աղոթքը: Քրիստոսն Իր չարչարանքներից առաջ առանձնանում է աշակերտներից` աղոթելու համար: Ահա թե ինչպիսի գեղեցիկ ու սրտառուչ կերպով է ներկայացնում Մ. Օրմանյան պատրիարքն այդ պահը. «…Նա ծնկեց անհուն երկնքի տարածության վրա հաստատված Աստծու աթոռի առջև, սրտից հառաչանքներ արձակեց, զանազան մտքեր պաշարեցին Նրան: Սիրում էր Իր մահվամբ կատարվելիք փրկության խորհուրդը, բայց զգում էր կյանքը զոհաբերելու անհուն տագնապը: Ալեկոծյալ հոգին փոթորկալից ծովի կերպարանքն ուներ…»:
Նա Իր մեջ առավ դարերի նզովքն ու ցավը, մարդկային մեղքերի խավարը: Տիեզերքի Արարիչը բոլորից լքված` տառապում էր մեն-մենակ. միայն հրեշտակն էր ուժ տալիս Նրան. «Եվ Նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման` շիթ-շիթ գետին թափվելով» (Ղուկ. 22:44): Սակայն Տերն աղոթքով հաղթեց Իր ներքին տագնապները (որոնք նշան էին Նրա` նաև կատարյալ Մարդեղության, քանզի Նա ճշմարտապես մարդացավ` լինելով կատարյալ Աստված և կատարյալ Մարդ) և ապա, հոգու խաղաղություն ստացած, խաչի ճանապարհն ընտրեց, քանզի Նա հենց այդ պահի համար էր մարդացել: Գեթսեմանիի պարտեզում հանկարծակի անտանելի ու անելանելի կացության մեջ ընկած Հիսուսին սրանից հետո բոլոր իրավիճակներում տեսնում ենք արի ու հզոր, ոչ մի նեղությունից չընկճվող ու հակառակությունից չշփոթվող, այլ դատարանների առջև, և տանջանքների պահին, և խաչի վրա անվրդով ու անսասանորեն տոկացող:
Հիսուս ձերբակալվում է Իր 12 աշակերտներից Հուդա Իսկարիովտացու մատնությամբ: …Քահանաների ու ծերերի գլխավորությամբ Հիսուսի վրա եկող, սրերով ու մահակներով զինված ամբոխը Նրան ձերբակալում է որպես մի ավազակի: Եվ այդ եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն (Մարկ. 14:48, 49): Այդ պահից սկսվում են Քրիստոսի չաչարանքները…
Ինչպես Պիղատոսը, այնպես էլ իր զինվորները հրեաների նկատմամբ անարգական վերաբերմունք ունեին, ուստի առիթը բաց չեն թողնում Հիսուսին խայտառակ ձաղանքի ենթարկելու համար: Երբ գանակոծությունը բավականին խորանում է, զինվորները դադարեցնում են ծեծը, և խոշտանգված Քրիստոսին ենթարկում են ծաղրուծանակի: Ծաղրելը դեռ բավական չէր, Նրան նաև տանջում ու նեղում են, թքում երեսին, ապտակում, ավելի կսկծացնելու համար եղեգով խփում փշերով ծածկված գլխին: Ինչպես դարձյալ Օրմանյանն է նկատում, «փշե պսակի պատրաստման համար գործածված ճյուղերը փշատենու կամ վայրի եղջերափշի չոր ճյուղեր էին, իսկ փշատենու ճյուղերը բավականին սուր ու ամուր են, մանավանդ գանգի շրջանում խայթող ու սաստիկ ցավ պատճառող, արյունալից վերքեր կարող են պատճառել` գլուխն ու երեսը զարհուրելի կերպարանքի վերածելու չափ…»: Եվ այսքան տառապանքներից, գանակոծությունից ու խոշտանգումներից հետո Հիսուսը դեռ պետք է կրեր Իր խաչափայտը: Իսկ խաչափայտի նշանավոր մասունքների հետազոտությունները ցույց են տվել, որ Հիսուսի խաչափայտը մայրի ծառի ընտանիքից էր, որ պատկանում էր ծանր փայտերի տեսակին: Ուստի այն կրելը տառապյալ ու ուժասպառ Քրիստոսի համար խիստ դժվար էր…
Տեսնելով, որ Նա չի կարողանում տոկալ խաչափայտի ծանրության տակ, զինվորները Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս, պարտադրում են շալակել այն ու Հիսուսի հետևից բարձրացնել Գողգոթա, ինչպես վկայում է Ղուկաս Ավետարանիչը (տե՛ս Ղուկ. 23:26): Եվս մեկ կարևոր հանգամանք. Քրիստոսի կրած տառապանքների սաստկությունն առավել պատկերացնելու համար տեղին է հիշել սբ. Գրիգոր Տաթևացու այն միտքը, որի համաձայն` Տիրոջ մարմինը, լինելով անարատ, անապական ու զերծ մեղքից, աչքի բիբի պես նուրբ ու շատ զգայուն էր, ուստի Նրա կրած չարչարանքները տաժանելի ու սոսկալի էին: Ահա թե ինչու Երեմիա մարգարեն Քրիստոսի անունից ասում է. «Ձեզ եմ ասում, ձեզ, ով անցորդներ, ետ դարձեք, նայեցեք, տեսեք` ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք» (Ողբ Երեմիայի 1:12):
Նրա տառապյալ տեսքի ու խոշտանգված մարմնի նկարագրությունն է տալիս և Եսայի մարգարեն` ասելով. «Ոչ տեսք ուներ Նա և ոչ վեհություն: Նայեցինք մենք Նրան, բայց Նա ոչ տեսք ուներ և ոչ էլ` գեղեցկություն… Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե… Բայց Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրինությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք…» (Եսայի 53:2-6):
…Երբ մահապարտների թափորը հասավ Գողգոթա (ուր, ըստ ավանդության, թաղված է մեր նախահայր Ադամը), Քրիստոս խաչվեց երկու ավազակների միջև, որպեսզի իրականանար մարգարեությունը. «Նա հանցավորներին հավասար համարվեց: Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անիրավությունների համար դատապարտվեց» (Եսայի 53:12):
Սոսկալի է անգամ պատկերացնելը: Գողգոթայի բարձունքում մարդը խաչում էր իր Արարչին… «Նա, Ով անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ Նրա բերանում» (Եսայի 53:9), Իր անմեղ արյան հեղմամբ քավում էր մարդկության մեղքը:
Աշխարհի Փրկիչը մերժեց ըմպել նույնիսկ մահապարտների համար պատրաստված` զմուռսով խառնված գինին, որը զգայարանները թմրեցնելու և չարչարանքները մեղմելու համար էր մատուցվում, սակայն չկամեցավ այդպիսի արհեստական միջոցներով Իր չարչարանքների սաստկությունը թեթևացնել: Խաչի վրա գամված, ջղաձգումից թուլացած ու կքված, անգութ վերքերից Իր ծանրությամբ կախված, կարծես ինքն իրեն մոռացած, աղոթում էր Իր թշնամիների, չարչարողների, սպանողների համար: Ըստ եկեղեցական հայրերի` Եդեմի պարտեզում նախաստեղծների կատարած ամեն մի մեղանչման դիմաց մեր Տերն Իր տնօրինությամբ համապատասխան փրկչական գործողությունը կատարեց, քանզի «քրտնելով, փշե պսակ կրելով, զինվորների թուքը հանդուրժելով, ոտքերը և ձեռքերը կապված, լեղին ճաշակելով, գլխի խոնարհմամբ, կողի խոցվածքով և մնացյալ ամեն ինչով բուժում էր նախաստեղծների ախտերը» (սբ. Գր. Տաթևացի, «Քարոզ Խաչի»): Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության համար:
Նույնիսկ անշունչ արարածները չկարողացան տանել Անմահի մահը` սգալով ու ողբալով Նրա համար, քանզի Նրա հետ միասին չարչարվում էր ողջ բնությունը: Երբ Հիսուս Իր Հոգին ավանդեց, արեգակն անմիջապես խավարեց` թաքցնելով իր լույսը, որպեսզի չտեսնի Փառքերի Թագավորին խաչին գամված: Բնությունն աղաղակեց, որ արդար ու անմեղ է Նա, Ում անարգ մահվամբ սպանեցին և դասեցին ավազակների շարքը: Հիսուսի մահվամբ Հին Ուխտը խախտվեց ու կործանվեց և Նոր Ուխտի դռները բացվեցին…
Գողգոթայի բարձունքում Քրիստոս կատարեց մարդկության փրկագործության վեհ ու սքանչելի խորհուրդը. կատարվեց այն, ինչ նախասահմանված էր հավիտյաններից առաջ, և կանխատեսել էին մարգարեները: Աստվածորդին Իր փրկագործ չարչարանքներով ու խաչի անարգ մահվամբ հաղթեց մահվանը` երրորդ օրը հրաշափառապես հարություն առնելով մեռելներից: Նա փարատեց գերեզմանի ու մահվան խավարը և մխիթարեց թախծյալ մարդկությանը: Քանզի երբ մարմնով դրվեց գերեզմանում, հոգով իջավ դժոխք, փշրեց նրա դռները, կապեց սատանային հրեղեն շղթաներով և ազատեց բանտված հոգիներին: Ս. Գր. Տաթևացին ասում է. «Մեր Տիրոջ և Փրկչի գերագույն հաղթանակը կայանում է նրանում, որ լինելով խաչին գամված` արձակում էր կապվածներին և մեռած` մեռյալներին հարություն էր տալիս, Իր մահով խափանում էր մահը և գերեզման իջնելով` մեզ երկինք բարձրացնում» («Քարոզ Խաչի»): Խաչի վրա հեղած Իր արդար ու սուրբ Արյամբ ջնջեց անեծքը, որը մեր նախահոր` Ադամի պատվիրանազանցության պատճառով ծանրացել էր ողջ մարդկության վրա: Քրիստոսի փրկագործությամբ մարդկությունը հաշտվեց Աստծու հետ` արժանանալով որդիության բարձրագույն պատվին (տե՛ս Հռոմ. 8:16, 17):
Գնահատենք ու արժևորենք տիեզերական պատմության ամենանշանակալի իրադարձությունը` Գողգոթայի Հաղթանակը, Հաղթանակ, որը մեզ ուժ և կարողություն է շնորհում կյանքում քաջությամբ և Քրիստոսի օրինակով ոտք դնել արդեն մեր Գեթսեմանիի պարտեզ և բարձրանալ մեր Գողգոթան, քանզի առանց խաչելության` չկա հարություն և կյանք… Խաչվենք Քրիստոսի հետ, որպեսզի Նրա հետ էլ վայելենք հաղթական փառքը երկնքում: Գողգոթայի հաղթանակը յուրաքանչյուր քրիստոնյայի հաղթանակն է, արժևորենք այն` մեր աչքի առջև մշտապես ունենալով մեր Փրկչի` մեզ համար կրած փրկագործ չարչարանքները, կենսատու խաչելությունը, երեքօրյա թաղումը, երանելի հարությունը, աստվածապես համբարձումը և նստելը Հոր աջ կողմում, և խոստովանենք ու օրհնենք Նրա ահավոր և փառավորյալ մյուս Գալուստը:
Անժելա Խաչատրյան