Ի՞նչ են հուշում ատամնաքարերը, ատամի սպիտակեցման ո՞ր մեթոդն է ճիշտ, ու ատամի ինչպիսի՞ շապիկ ընտրել
Շատերն են ցանկանում ունենալ առողջ ու գեղեցիկ ատամներ։ Ի՞նչ է պետք անել դրա համար։ Այս հարցում մեզ օգնել է ատամնաբույժ Ֆլորա Մուրադյանը։
– Ի՞նչ է պետք՝ առողջ, հետևաբար՝ գեղեցիկ ատամներ ունենալու համար։
– Առողջ ու գեղեցիկ ժպիտ ունենալու գլխավոր նախապայմանը վեց ամիսը մեկ ատամնաբույժին այցելելն է։ Կատարվում է բերանի խոռոչի զննում և հայտնաբերվում են այնպիսի խնդիրներ, որոնք հետագայում կարող են առաջացնել լուրջ բարդություններ։ Հայտնի է, որ ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։ Եթե նայենք բուժառուի տեսակետից, այս պարագայում նա ծախսում է ավելի քիչ ժամանակ և գումար՝ կանխարգելելով խնդիրը, քան բուժելով։
Երկրորդ ամենակարևոր խնդիրը ճիշտ ատամի մածուկ և խոզանակ ընտրելն է՝ ստոմատոլոգի խորհրդատվությամբ, որովհետև շատ դեպքերում պացիենտները չեն կարողանում ընտրել իրենց համապատասխան խոզանակը և մածուկը, որն էլ կարող է հետագայում բերել լուրջ բարդությունների, օրինակ, լնդերի տրավմաների։
– Այսինքն, ամեն մարդ ունի իրեն հատուկ ատամի մածուկն ու խոզանա՞կը։
– Այո, որովհետև յուրաքանչյուր կլինիկական դեպքի համար առանձնահատուկ խոզանակներ, մածուկներ կան։ Մարդ կա՝ ցանկանում է, որ իր ատամները սպիտակ լինեն, և առանց բժշկին տեղեկացնելու ընտրում է սպիտակեցնող, գունաբացող մածուկներ, այնինչ այդ մածուկները չի կարելի երկար օգտագործել՝ շաբաթական 2-3 անգամ։ Բացի դրանից, ընտրում է կոշտ խոզանակ, ինչն էլ հանգեցնում է լնդերի տրավմաների։ Այդ պատճառով նպատակահարմար է խորհրդակցել ստոմատոլոգի հետ։
– Մեզ մոտ կա՞ այդ ավանդույթը։
– Իրականում չկա։ Հաճախ նկատում եմ՝ դեղատներից կամ սուպերմարկետներից ուղղակի վերցնում են խոզանակներ, մածուկներ, որոնց գույնը կամ տեսքը դուր է գալիս՝ առանց հասկանալու, որ դա այն չէ, ինչ իրենց պետք է։
– Կարո՞ղ ենք ենթադրել, որ մարդիկ չգիտեն նաև ատամները մաքրելու ճիշտ ձևը։
– Իհարկե։ Ատամների ճիշտ մաքրման տեխնիկայի միջոցով է հնարավոր բերանի խոռոչի հիգիենան պահպանել։ Շատ դեպքերում քիչ ժամանակ են ծախսում ատամների մաքրման համար, կամ ուղղակի խոզանակը տարբեր ուղղություններով տանում-բերում են, որն էլ կրկին խնդիրների առջև է կանգնեցնում։ Բժշկի մոտ կոնսուլտացիան ներառում է ճիշտ ատամների մաքրման տեխնիկան։ Երբեմն պացիենտներն ասում են, որ ճիշտ են մաքրում, սակայն ատամնաքարեր են առաջանում։ Այս դեպքում խորհուրդ ենք տալիս հաբեր, որոնք, երբ ծամում են, որտեղ ատամները լավ մաքրված չեն, նստվածքներ կան, գունափոխվում են։
– Որո՞նք են ատամնաքարերի առաջացման պատճառները։
– Կարող են լինել ընդհանուր և տեղային։ Կարող է լինել նյութափոխանակության խանգարումների հետևանքով։ Երբ 6 ամսից ավելի շուտ է բուժառուն այս խնդրով գալիս, ապա ուղարկում ենք սոնոգրաֆիայի, որովհետև հնարավոր է՝ այլ օրգաններում նույնպես քարեր լինեն։ Մյուսը ջրի հետ է կապված։ Օրինակ, Արցախից եկած մարդկանց դեպքում ատամնաքարերը շատ մեծ տեղ են զբաղեցնում։ Դրա համար վստահ կարող ենք ասել, որ ջրի որակը շատ կարևոր է։ Մյուս տարբերակն էլ այն է, որ մարդն ուղղակի չի կարողանում ճիշտ մաքրել ատամները, կամ բժշկի կողմից ոչ ճիշտ միջամտություն է արվել։ Ամենակարևորը թքի որակական կազմն է, որովհետև, եթե ուշադիր նայենք, թե բերանի խոռոչի ո՞ր հատվածներում են քարեր առաջանում, ապա ծամող ատամների այտային հատվածներում ավելի շատ են քարերն արտահայտված լինում, որովհետև այնտեղից դուրս են գալիս թքագեղձի ծորանները։ Ատամնաքարերի, ատամի նստվածքների վրա մեծ քանակությամբ միկրոբներ կան, որոնք կարող են ազդել լնդերի վրա, հետագայում կարիեսի առաջացման պատճառ դառնալ։
Կան մանրէներ, օրինակ, ստրեպտոկոկերը, որոնք առաջացնում են կարիես։ Այդ բակտերիաների կենսագործունեության հետևանքով առաջանում են թթուներ, որոնք քայքայում են ատամը։ Կարիեսի պատճառ է նաև պարզ ածխաջրեր օգտագործելը, որոնք շատ արագ փոխակերպվում են թթուների՝ քայքայելով ատամը։
– Կա տեսակետ, որ կարիես ունեցող մարդիկ հակված են ինսուլտի և ինֆարկտի, այդպե՞ս է։
– Հավանականություն հնարավոր է լինի։ Ինֆեկցիաներ, բարդություններ կարող են լինել, որոնք, հնարավոր է՝ առաջացնեն ինսուլտ, ինֆարկտ։
– Մեծերն ու փոքրերը շատ են օգտագործում զովացուցիչ, գազավորված ըմպելիքներ․ի՞նչ վնաս կարող է սա տալ ատամներին։
– Զովացուցիչ ըմպելիքները պարունակում են ածխաթթու և այլն։ Այդ թթուներն էմալից հանում են կալցիումը, ու այն դառնում է փխրուն։ Շաքարը նույնպես փոխակերպվում է թթուների, որը կրկին էմալից հեռացնում է կալցիումը։ Պարունակում է նաև գունանյութեր, որոնք բերում են ատամների գունային փոփոխության։ Եթե շատ են սիրում խմել զովացուցիչ ըմպելիքներ, ապա միակ տարբերակը դրանից հետո սովորական ջրով բերանը ողողելն է, ինչպես նաև սննդի հետ օգտագործելը, ոչ թե առանձին։ Խորհուրդ չի տրվում նաև ատամները գազավորված ըմպելիք խմելուց հետո մաքրել, որովհետև թթվայնության ինտենսիվությունն ավելի է բարձրանում։
– Ի դեպ, ատամները օրը քանի՞ անգամ է պետք մաքրել։
– Երկու անգամը պարտադիր է։ Պետք է օգտագործել նաև ատամնաթել, որի միջոցով կարող ենք մաքրել ատամների կոնտակտային մակերեսը, որը խոզանակի միջոցով չենք կարողանում մաքրել։ Կան նաև լեզուն մաքրող գործիքներ, որովհետև մեծ քանակությամբ բակտերիաներ հենց լեզվի վրա են լինում։
– Վերջին տարիներին Հայաստանում մոդա է ատամների սպիտակեցումը․ի՞նչ տարբերակներ կան, ո՞րն է արդյունավետ։
– Սպիտակեցումը պրոցես է, երբ ցանկանում ենք հյուսվածքներից պիգմենտը դուրս բերել։ Գոյություն ունեն ցուցումներ և հակացուցումներ։ Կարիեսը, ատամի մաշվածությունը, բորբոքված լնդերը հակացուցում են հանդիսանում։ Առաջինը պետք է այդ հարցերը լուծել։
Պացիենտը հաճախ ասում է՝ սպիտակեցում, բայց չգիտի, թե կոնկրետ ի՞նչ է ուզում․վերադարձնել ատամն իր բնական գույնի՞ն, թե՞ դրանից ավելի սպիտակ ատամ ունենալ։ Եթե բնական գույնն է ուզում վերադարձնել, այս դեպքում ուղղակի կատարվում է ատամնաքարերի, նստվածքների հեռացում, ատամի փայլեցում։ Իսկ, եթե խոսենք լուսային սպիտակեցման մասին, ապա այն կատարելուց հետո տրամադրվում է սպիտակեցնող գել, որ տնային պայմաններում կատարի սպիտակեցում։ Արդյունքը կարող է մեկ տարի և ավելի պահպանվել։ Սակայն, եթե սպիտակեցման զոնայում գոյություն ունենան պլոմբաներ, շապիկներ, սրանք չեն գունափոխվելու։ Խայտաբղետ գույներ են լինելու։ Սպիտակեցումից հետո պետք է շապիկը, պլոմբը փոխվի, որ էսթետիկ տեսքը պահպանվի։
– Ատամը հաճախ փորձում են սպիտակեցնել տնային պայմաններում՝ սոդայով, կիտրոնաթթվով։
– Ցավալի թեմա է։ Ակտիվացված ածուխով, սոդայով, լիմոնաթթվով են մաքրում, որը տրավմատիկ է։ Սոդայի հատիկները խոշոր են, կարող են տրավմաների բերել, գերզգայունություն առաջացնել։ Շուկայում սպիտակեցման համար թաղանթներ են բերել, որոնք շատ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել՝ սկսած ալերգիկ ռեակցիաներից, լնդերի բորբոքումներից։
– Քայքայված ատամներին օգնության են հասնում շապիկները, ու մարդիկ երկընտրանքի առջև են կանգնում՝ ո՞րն ընտրել։
– Եթե ատամի 2/3-ից ավելին քայքայված է լինում, ապա ատամը ենթակա է շապիկավորման։ Ամեն շապիկ ատամի պրոթեզ է, որն ապահովում է ատամի ֆունկցիան ու անատոմիան։ Առանձնացվում է մի քանի տեսակ՝ մետաղական, մետաղ-կերամիկական, մետաղ-պլաստմասսե և լրիվ կերամիկական։ Ամեն մեկն ունի իր առավելությունն ու թերությունը։
Օրինակ, մետաղականն ամուր է, բայց էսթետիկ տեսքով զիջում են ու դիմային ատամների համար անթույլատրելի են։ Մյուսը մետաղ-պլաստմասսե շապիկն է, որը, եթե համեմատենք կերամիկայի հետ, ապա շատ հեշտ գունափոխվելու է, մաշվելու է, կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։ Հաջորդը մետաղ-կերամիկական շապիկն է ու, եթե համեմատենք, ապա բավականին լավ էսթետիկ արդյունք կարող ենք ունենալ, բայց ես բուժառուին կխնդրեի տեղադրել լրիվ կերամիկական շապիկներ, որոնք մի քանի տեսակ են լինում։ Չեն առաջացնում ալերգիաներ, համատեղելի են օրգանիզմի հետ։
– Մարդն ինչպե՞ս հասկանա, որ եկել է շապիկը փոխելու ժամանակը։
– Եթե անզեն աչքով էլ նայեք, վստահ եմ, երևալու է։ Կարող է շարժվել, ջարդվել, մետաղը թափանցել։ Բայց եթե կանոններին հետևում են, ապա 10 և ավելի տարի կծառայի։ Հետո շապիկը հեռացվում է, տեղադրվում է նորը։
Մանրամասները՝ տեսանյութում