«Մեր երկրի արտադրանքը մրցունակ չի ԵՄ երկրների արտադրանքի հետ». մասնագետները՝ դեպի Արևմուտք տնտեսական հեռանկարների մասին

Հայաստանի իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների կողմից Արևմուտքում անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացիաների փնտրտուքը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ իրատեսական չեն համարում, շեշտում են՝ առանց վիզայի Եվրոպա գնալը լավ բան է, բայց դրա համար պետք չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել:

Ավելին՝ մասնագիտական տարբեր շրջանակներ ահազանգում են, որ նույնիսկ տնտեսական հարցերը հավաքական Արևմուտքի հետ հարաբերություններում քաղաքականացվում են. օրինակ, ստիպում են հրաժարվել այլ երկրների հետ համագործակցությունից՝ ի շահ Եվրոպայի։

Նրանք չեն ժխտում եվրոպական շուկա մտնելու դրական կողմերը ևս, բայց նկատում են՝ այն ոչ միայն երկարաժամկետ մարտահրավերներ ունի, այլև խնդրահարույց է խիստ ստանդարտների տեսանկյունից:

Ի դեպ, այդ մարտահրավերներն առկա են նույնիսկ ԵՄ անդամ երկրների համար, որոնց բողոքի ակցիաների մասին պարբերաբար տեղեկացնում է միջազգային մամուլը:

Կարդացեք նաև

«Մեր երկիրը հեռանկար ունի՞, որ դեպի Եվրոպա տնտեսական հեռանկարների մասին խոսեմ,- 168.am-ի՝ Հայաստանի տնտեսության եվրոպական հեռանկարների մասին հարցին այսպես է արձագանքում ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը` պարզաբանելով,- Ես երկրի վաղվա օրը չեմ տեսնում. ջհանդամը լինի գյուղատնտեսությունը: Երեք տարի առաջ, որ ասում էինք՝ երկիր ենք կորցնում, հենց այնպես չէինք ասում»:

Ըստ նրա՝ անհեռանկարային է առհասարակ առանց հաշվարկների, վերլուծությունների՝ խոսել տնտեսության մասին, դիվերսիֆիկացիայի մասին հայտարարություններ անել:

«Էդ ի՞նչ են արտադրում, ի՞նչ վերլուծություն ու տեխնոլոգիա ունեն, որ Եվրոպա են արտահանելու: Իբր սովորական մեքենայով կարողանում էին հասցնել 1000 կմ այն կողմ՝ ռուսական շուկա, որտեղ ՀՀ արտահանողների համար կանաչ լույս էր. երկու անգամ Լարսում ստուգում արեցին, եղած գյուղմթերքը չէր համապատասխանում ստանդարտին, ի՞նչ Եվրոպա: Եվրոպա ի՞նչ ճանապարհով են տանելու. պատկերացնո՞ւմ են այդ խոսողները, կամ՝ էդ ի՞նչ ունենք արտադրած, որ կողքի շուկաներում չեք կարողանում իրացնել, տանում եք Եվրոպա:

Ի դեպ, Եվրոպա տանողներ կան ու տանում են. շատ վերևներում նստածներից մի քանի հոգի իրենց արտադրած ապրանքը հատուկ ձևով փաթեթավորված, հատուկ արտոնություններով՝ տանում են Եվրոպա՝ չիր էլ, գինի էլ»,- նշեց Աշոտ Հարությունյանը՝ չբացելով փակագծերը և խոստանալով առաջիկայում անդրադառնալ արտոնյալներին:

Գյուղատնտեսության վիճակ, առհասարակ, ըստ Աշոտ Հարությունյանի՝ այսօր ծայրահեղ վատ է. վրդովված է նաև երեկ հանրայնացված ապահովագրական համակարգի ներդրման նախագծից:

«Դրանով, կարծեք, վերջնականապես խաչ քաշեցին գյուղացու վրա:

Բայց նորից պնդում եմ՝ ինձ համար մտահոգիչ է Հայաստանի վաղվա օրը, մեր անկախությունը, որի համար տվել ենք սուրբ զոհեր, թե չէ՝ ի՞նչ պոմիդոր, վարունգ, ծիրան, դեղձ. ինձ համար չորրորդական են»,- ամփոփեց գյուղատնտեսը:

Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, Ֆերմերային շարժում ՀԿ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ ԵՄ-ն, իրոք, ցանկություն ունի իրականացնելու ֆինանսական լուրջ ներդրումներ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

168.amի հետ զրույցում նա դրական համարեց դեպի եվրոպական շուկա դիվերսիֆիկացիայի հեռանկարը, սակայն հավելեց՝ գյուղատնտեսական մթերքների արտահանման առումով մեր երկրի արտադրանքը մրցունակ չի ԵՄ երկրների արտադրանքի հետ.

«Չի համապատասխանում ԵՄ չափորոշիչներին, չի կարող սպառվել ԵՄ երկրների շուկաներում, այն կարող է իրացվել միայն Ռուսաստանի Դաշնությունում:

Նշեմ նաև, որ ինքս 3 տարի եղել եմ Եվրահանձնաժողովի «Գյուղատնտեսության և գյուղի զարգացման» պանելային խմբում՝ որպես հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Այդ խմբում ներգրավված էին ԵՄ Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ երկրների ներկայացուցիչներ: Խմբում իմ մասնակցության նպատակը ԵՄ երկրների գյուղատնտեսությունում կիրառվող առաջավոր փորձն ուսումնասիրելն էր և փորձելն այն ներդնել ՀՀ-ում»:

Ի պատասխան հարցին՝ կոնկրետ ի՞նչ կարող ենք ստանալ Եվրոպայից, Սարգիս Սեդրակյանը նախ նշեց, որ ԵՄ երկրները հիմնականում ունեն ժամանակակից, զարգացած գյուղատնտեսություն, որոնցից շատերում կիրառվում են նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ, նորագույն կատարելագործված գյուղտեխնիկա և այլն:

«Մինչդեռ ասեմ, որ մեր գյուղերում մինչև այժմ հիմնականում կիրառվում է խորհրդային տարիներից մնացած հնամաշ գյուղտեխնիկան:

Կարծում եմ՝ եթե հարաբերությունները ԵՄ-ի հետ նորմալ ընթացք ունենան, ապա հնարավոր է, որ ԵՄ-ի օգնությամբ մենք կարողանանք չմշակվող 300.000 հա վարելահողերը դարձնել մշակելի, Հայաստան ներկրել եվրոպական նորագույն գյուղատնտեսական տեխնիկա և այլն,- նշեց նա, ապա ամփոփելով՝ շեշտեց,- Ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ արևմտամետ, ես հայամետ եմ, ու եթե Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գինը լինելու է այն, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Հայաստանը հայտնվի Արևմուտք-ՌԴ հակամարտության արանքում, ապա, կներեք, ես չեմ ցանկանա ԵՄ աջակցություն, որի դեպքում Հայաստանը կարող է վերածվել երկրորդ Ուկրաինայի, հայաստանյան քաղաքներն էլ՝ Մարիուպոլի: Այդ դեպքում վերջնականապես մենք կկորցնենք մեր երկիրը»:

Տեսանյութեր

Լրահոս