Ընդդիմադիր խմբակցությունների 30 պատգամավոր դատարանում երաշխավորեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար. վաղը որոշիչ օր է
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը: Այսօր հերթական անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը պիտի քննի: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Հակակոռուպցիոն դատարանին են ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնեն պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը:
«Մենք ներկայացրել ենք երաշխավորություն, քանի որ գտնում ենք, որ կալանքը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդարի, պատժելու գործիք։ Ուստի բնական էր նաև երկու խմբակցությունների պատգամավորների արձագանքը, երբ ընդամենը երկու ամիս առաջ ցուցադրաբար կալանավորվեցին «Սիներջի» ընկերության կին աշխատակցուհիները, և ԱԺ ՔՊ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն ներկայացրեց վերջիններիս համար։ Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորը անհանդուրժող լինեին հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների»,- այդ առնչությամբ գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Հաբեթ Մարտիրոսյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Ռուբեն Մելիքյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Նախորդ դատական նիստի ժամանակ հանրային մեղադրողը գույքային հատուցման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Միքայել Նարիմանյանի ու Լարիսա Բարսեղյանի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիոն 194 հազար 706 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերջինս միջնորդեց հայցադիմումն ընդունել վարույթ ու քննել քրեական գործի հետ միասին, նշված անձանցից բռնագանձել այդ գումարը՝ հօգուտ պետության, այսինքն՝ ԵՊԲՀ-ի: Հանրային մեղադրողը միջնորդեց նաև, որպես հայցի ապահովման միջոց՝ Արմեն Աշոտյանի գույքերի վրա 38 միլիոն 658 հազար 200 դրամի չափով կիրառել արգելանք:
Արմեն Աշոտյանը նշեց՝ եթե ԵՊԲՀ-ն լիներ ՊՈԱԿ, այս հարցը չէր ծագի, սակայն Հիմնադրամի դեպքում այն այլևս հանրային բուհ է:
«Հետևաբար ԵՊԲՀ-ն ու մյուս բուհ-երը, ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների, դադարել են պետական հիմնարկներ համարվելուց: Բուհ-երը հիմնադրամ են դարձել, որ պետությունից ավելի ազատ լինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանը՝ որպես բուհ-ը հիմնադրամ դարձնելու գաղափարի հեղինակ, բացատրում է օրենսդրական կարգավորումն առ այն, որ բուհ-ին պատճառված վնասը, որքան էլ այն մեծ լինի, ապրիորի չի կարող համարվել պետությանը պատճառված վնաս, մինչդեռ Աշոտյանին առաջադրված մեղադրանքը հենց պետությանը պատճառված վնասին է վերաբերում:
Դատավոր Դոլմազյանը մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը. հայցադիմումը չի քննվի և հետ կվերադարձվի: Արմեն Աշոտյանի պաշտպանները ճիշտ էին, հանրային մեղադրողը՝ սխալ: Դատավորը նշեց՝ եռօրյա ժամկետում հայցադիմումը պետք է հստակեցվի ու կրկին ներկայացվի:
Այսօրվա դատական նիստը սկսվեց ու ընդմիջվեց. Արմեն Աշոտյանը սահմանված ժամին դեռ չէր ներկայացվել դատարան:
Դատական նիստը վերսկսվելուց հետո դատավորը տեղեկացրեց, որ հանրային մեղադրողների կողմից կրկին ստացել է նախորդ նիստին հետ վերադարձված՝ պետությանը պատճառված գույքային վնասի փոխհատուցման մասին միջնորդությունը:
Պաշտպանության կողմը միջնորդեց այդ հարցին անդրադառնալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը քննելուց հետո: Այնուամենայնիվ, հանրային մեղարողը հանդես եկավ նշված միջնորդությամբ, խնդրեց հայցադիմումը ընդունել վարույթ ու քննել քրեական վարույթի հետ միասին:
Դատավոր Դոլմազյանը, սակայն, ասաց՝ դատարանը գտնում է, որ պետությանը վնաս չի պատճառվել, և գույքը ԵՊԲՀ-ինն է: Դրա մասին է խոսում «Հիմնադրամների մասին» օրենքը:
Չնայած պաշտպանական կողմի հորդորներին՝ քննել վերջապես Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, իսկ ապացույցների հետազոտման հարցը թողնել ավելի ազատ ժամանակի համար, ասենք՝ հաջորդ դատական նիստին, այնուամենայնիվ, տևական ժամանակ հարցը չէր քննվում: Տպավորություն էր, որ դատավորը ժամանակ է ձգում, չի ցանկանում կալանքի հարցը քննել:
«Մենք իրավունք ունենք օրենսդրի կամքը ընդունել՝ որպես հիմք: Այս պայմաններում մեր դիրքորոշումն այն է, որ մեզ ապացույցների հետազոտմանը պատրաստվելու համար բավարար ժամանակ չտրամադրելը մեր իրավունքների խախտում է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Տիգրան Աթանեսյանն էլ ասաց՝ ինքը վստահ է՝ այս գործում ոչ միայն ապացույց չկա, այլև վերաբերելի ապացույց չկա:
«Հետևաբար՝ ինչքան վկա ու ապացույց ուզում եք, վկայակոչեք»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանն էլ ասաց՝ իրեն վերագրվող գործը 35-36 հատոր է:
«Կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ առնվազն իմ անձին վերաբերող քննչական գործողությունների տվյալները փոխանցվեն ինձ, որոնք կարող են որոշիչ ազդեցություն ունենալ ինձ և իմ փաստաբանական թիմին լրացուցիչ փաստարկներով զինելով՝ պաշտպանություն իրականացնելու համար: Ինձ 2 ամիս ոտքից գլուխ «պռասլուշկա» են արել: Կա՞ն էդ տվյալները, չկան: 8 տարի վաղեմության բոլոր զանգերս վերծանել են: Կա՞ն դրանք, չկան: Չկան, որովհետև մեջը ջուր է: Բայց ես ուզում եմ տեսնել դրանք»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով՝ ինքը պահանջում է իրեն վերաբերող նյութերը:
Վերջինս նշեց՝ իրեն այդ նյութերը պետք են ապացույցների հետազոտման նյութերին կցելու համար:
«Հիմա Դուք որոշեք: Ես ուզում եմ՝ արտաքին ու ներքին դիտման, թվային խուզարկության, 8 տարվա զանգերիս ու հաղորդագրություններիս վերծանման վերաբերյալ բոլոր նյութերն ունենալ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքից հետո էլ տևական ժամանակ քննարկվում էր Քրդատ օրենսգրքի 315-րդ հոդվածի դիսպոզիցիան:
Ռուբեն Մելիքյանը դատարանին գրավոր առարկություն հայտնեց ապացույցների հետազոտման ծավալի կարգը որոշելու և պաշտպանական կողմի իրավունքը սահմանափակելու համար ու խնդրեց այն կցել գործին:
Ի վերջո, դատարանը որոշեց՝ սկզբում կհարցաքննվեն վկաները, հետո կհետազոտվեն գրավոր ապացույցները, ապա կհարցաքննվեն մեղադրյալները: Ապա դատավորը ցանկացավ ճշտել՝ ցուցմունք տալո՞ւ են արդյոք մեղադրյալները: Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ այո: Դրական պատասխան տվեցին նաև մյուսները:
Վերջապես դատական նիստի մեկնարկից ժամեր անց՝ 17:15-ին, դատավորը որոշեց անցնել Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությանը:
Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացրեց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջնորդությունները երաշխավորությամբ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Հաջորդիվ դատարանը լսեց երաշխավորներին: Առաջինը հանդես եկավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ապա մյուս պատգամավորները՝ թվով 30 պատգամավոր:
Պատգամավորների երաշխավորություններից հետո Մարթա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացավ: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: