Բաժիններ՝

Քրիստոնեությունը բարձրացրեց կնոջ արժանիքը

Աշխարհի ստեղծագործության առաջին իսկ օրից կինն ունեցել է իր յուրահատուկ տեղն ու դերը՝ կարևոր դեր խաղալով նաև կրոնների պատմության մեջ: Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է տարբեր կրոնների մեջ կնոջ մասին տարբեր ըմբռնումների, ընտանիքում նրա տեղի և դերի մասին:

Բուդդայական բարոյականության մեջ կնոջ նկատմամբ կա թշնամական վերաբերմունք: Բուդդայականությունը դատապարտում է կնոջը, որովհետև կինը խանգարում է ամուսնուն փրկվել, հետևապես տղամարդը կարող է փրկվել, եթե լքում է իր ընտանիքը, այսինքն՝ ընդօրինակում է Բուդդային:

Ամուսնությունն իսլամում դիտվում է որպես յուրաքանչյուր մուսուլմանի կրոնական պարտականություն, թույլատրվում է ունենալ 4 կին, այդ թվում նաև՝ անչափահասների: Ամուսինը կարող է ամուսնությունը խզել՝ առանց պատճառները բացատրելու: Մուհամեդը 11 օրինական կին է ունեցել, բացի դրանից՝ 30 այլ կանայք: Վերջին կինն Աբու Բեքրի դուստր Այշեն էր, որի հետ Մուհամեդն ամուսնացավ, երբ վերջինս 6 տարեկան էր, իսկ ինքը՝ 50 տարեկան:

Կնոջ արժանապատվությունը նսեմացված է Ղուրանում, դրա օրենսդրական մասում՝ շարիաթում, կոնկրետորեն նշված է, որ կինը երկրորդական և օժանդակ էակ է: Համաձայն Ղուրանի՝ ժառանգությունը բաժանելիս ծնողների ունեցվածքի բաշխումը պիտի կատարվի այնպես, որ արու որդին ստանա այնքան, որքան երկու աղջիկները (ս. 4. ա. 175): Նշանակում է, որ «երկու աղջիկը» նոր միայն հավասար է մի տղամարդու (ս. 2, ա. 282-284): «Արուները,- ասում է Ղուրանը,- պիտի բարձր կանգնած լինեն իրենց կանանցից, որովհետև ալլահը, առաջիններին արտոնություններ տալով, տեր է կարգել երկրորդների վրա» և նորից այն պատճառով, որ նրանք իրենց ունեցվածքը ծախսում են կանանց վրա (ս. 4, ա. 3):

Կարդացեք նաև

Ըստ Ղուրանի՝ կանայք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին: Ղուրանը բացեիբաց սովորեցնում է տղամարդկանց, թե ինչ վերաբերմունք պիտի դրսևորեն դեպի իրենց կանայք՝ «կամակորությամբ վտանգավոր ձեր կանանց խելքի բերեցեք ծեծով ու ձեր անկողնուց վռնդելով» (ս. 16, ա. 81): Այսքանով հանդերձ Ղուրանը կատարյալ է համարում երկու կնոջ, մեկը փարավոնի կին Ասիյան է, մյուսը՝ Հիսուսի մայրը՝ Մարիամը, հետագայում սուրբ կանանց շարքը դասեց Հադիջային, Այշեին և Մահմեդի դուստր Ֆաթիմային:

Հին Կտակարանում կնոջը տեսնում ենք արական սեռի տիրապետութեան տակ: Րաբբիները իրենց եբրայեցի կանանց արհամարհում էին: Թալմուտում ասվում է, թե ամեն օր պետք է շնորհակալ լինել Աստծուն երեք բանի համար. «Գոհանում եմ Քեզ, որ հեթանոս չես ստեղծել, կին չես ստեղծել, տգետ չես ստեղծել»: Հրեաների մոտ կինը հարգված էր միայն, երբ մայր էր: Բոլոր մյուս պարագաներում ամուսինը կնոջ բացարձակ տերն էր:

Այս ամենին զուգահեռ Հին Կտակարանում հանդիպում ենք նաև կանանց, որոնք եբրայեցիների շրջանում կարևոր դեր են խաղացել. Մովսեսի քույրը՝ Մարիամը, Մակաբայեցիների մայրը, Հուդիթը, Դեբովրան, Հռութը և այլ կանայք:

Նոր Կտակարանում Հիսուսի գալուստով ժամանակը հեղաշրջվեց, մինչ այդ գոյություն ունեցող օրենքները նոր իմաստ և արժեք ստացան: Քրիստոնեությունն իգական սեռի արժանիքը բարձրացրեց: Քրիստոս Իր ուսուցումներով և կանանց հանդեպ վերաբերմունքով հարգանք և պատիվ ընձեռեց կնոջը: Աստծո Որդին մարդեղացավ, ծնվեց Սբ. Կույս Մարիամ Աստվածածնից և այդուհետ կինն արժանացավ Աստծո մեծագույն շնորհին (Ղուկաս 1:26-38):

Աշակերտները զարմանք ապրեցին, երբ տեսան Հիսուս Քրիստոսին սամարացի կնոջ հետ զրուցելիս (Հովհաննես 4:7-26): Մեկ ուրիշ անգամ, երբ մեր Տերը Աստծո թագավորությունը բացատրել ուզեց, կնոջ կողմից պատրաստվող թթխմորի առակի օրինակ բերեց (Մատթեոս 13:33), իսկ ուրախության զգացումը բացատրելու համար՝ իր կորցրած դրամը գտնող կնոջ առակը պատմեց (Ղուկաս 15:8-11): Այս ամենն անսովոր էին այդ ժամանակի ունկնդիրների համար:

Հիսուսի առաքելության սկիզբը և Նրա առաջին հրաշքն իրականացավ կնոջ՝ Իր մոր բարեխոսությամբ: Ղազարոսի քույր՝ Մարթան հայտարարեց, թե Հիսուս Մեսիան է, հարությունը և կյանքը: Մարիամ Մագդաղենացին միակն էր, որ Մարիամի և Հովհաննես առաքյալի հետ Հիսուսի խաչելության պահին Նրա մոտ էր: Հարության ավետիսն առաջինը ստացան կանայք:

Հիսուս Քրիստոսի կատարած այս հրաշալի բարեփոխությունը կանանց հանդեպ շարունակվեց առաքելական շրջանում: Առաջին դարերից սկսյալ, երբ եկեղեցին ծնունդ առավ, կանայք ընդգրկված էին համայնական կյանքից ներս և առաքյալների գործակիցներն էին: Նրանք իրենց գործուն և կենդանի մասնակցությունն էին բերում եկեղեցական կյանքի տարբեր բնագավառներում և իրենց ծառայությունն էին մատուցում: Սուրբ Գրքի համաձայն՝ տղամարդը և կինը հավասար են Աստծո նմանության մեջ. «Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1:27):

Քրիստոս կանանց հանդեպ Իր անձնական վերաբերմունքով օրինակ ծառայեց, որ բոլոր կանայք պետք է հարգվեն որպես մայրեր ու քույրեր: Խաչելության պահին մեր Տերը Իր սիրելի աշակերտ Հովհաննեսին հանձնարարեց շարունակել խնամքն Իր մոր՝ Մարիամի հանդեպ (Հովհաննես 19: 26-27):

Սբ. Մարիամ Աստվածածինն աշխարհի բոլոր քրիստոնյաների համար խոնարհության գերագույն օրինակ է: Նա իր «այո»-ով ամբողջ մարդկության փրկությունը հնարավոր դարձրեց:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս