Բառերով նկարագրելու չէ, թե ինչ էր կատարվում սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի հիվանդանոցում… հիմա ընդամենը չորս վերմակ ու չորս բարձ ունենք. Արցախից բռնի տեղահանված

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, խաղաղ բնակիչներին սպառնում էր ֆիզիկական ոչնչացում ու էթնիկ զտում, այդ վտանգի ներքո արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Մինչև ռազմական գործողությունները, Ադրբեջանն 9 ամիս շարունակ Արցախը պահում էր ամբողջական շրջափակման մեջ՝ բնակիչներին զրկելով ազատ տեղաշարժի իրավունքից։ Արցախահայերի այս բոլոր զրկանքներին գումարվեց նաև սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած վառելիքի պայթյունը, որին զոհ գնացին հարյուրավոր մարդիկ, կային վիրավորներ և անհետ կորածներ։

168.am հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված Նելլի Վարդանյանն ասաց, որ զինվորական ամուսինը ծանր վիրավորում էր ստացել հենց սեպտեմբերի 25-ի պայթյունի ժամանակ։ Այդ օրը Նելլին Ստեփանակերտի հիվանդանոցում տեսել էր իսկական դժոխքը՝ չորս կողմը՝ վիրավորներ, սևացած մարմիններ, արյուն, լաց, հարազատների փնտրտուք վիրավորների, մահացածների մեջ…

«Մենք սեպտեմբերի 25-ին մեր մեքենան պատրաստել էինք, որպեսզի արդեն դուրս գայինք Արցախից, քանի որ բոլորիս Ադրբեջանը սպառնում էր ֆիզիկապես ոչնչացնել։ Բայց հարևանիս տղան եկավ, ամուսնուս ասաց, որ իր հետ գնան բենզին վերցնեն, որպեսզի ինքն էլ կարողանա դուրս գալ։ Միասին գնացին, մի քանի ժամ անցավ, լուր չունեինք, հետո արդեն իմացանք, որ պայթյուն է եղել։ Դուրս եկա տանից, բակում ամուսնուս էի սպասում, բայց չկար ու չկար, մի քանի ժամ հետո ինձ զանգահարեցին հիվանդանոցից, բուժքույրերից մեկն էր, ասաց, որ գնամ հիվանդանոց՝ ամուսնուս տիրություն անեմ, քանի որ ծանր այրվածքներ է ստացել ու հիվանդասենյակում միայնակ է։ Հարևանիս հետ գնացինք, հիվանդանոցը մեր տանից այդքան էլ հեռու չէր, սկզբում հիվանդասենյակ մտել էր ամուսնուս եղբայրը ու ամուսնուս չէր ճանաչել, ամբողջ դեմքը ուռած, վառված։ Դա շատ ահավոր տեսարան էր…, թե ինչ էր կատարվում այնտեղ, բառերով նկարագրելու չէ…

Կարդացեք նաև

Ամուսնուս գիտակցությունը տեղն էր, նա էր իմ հեռախոսահամարը փոխանցել բուժքրոջը, որ զանգահարեր ինձ»,- պատմեց Նելլի Վարդանյանը։

Բարեխիղճ բժիշկների աշխատանքի արդյունքում հաջողվել է փրկել Նելլիի ամուսնու կյանքը: Նա մեզ փոխանցեց նաև, որ հիմա ամուսինն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն, դեռ պետք է անցնի բուժման որոշակի փուլ, այնուհետև վիրահատվի, քանի որ ձեռքերի աշխատանքի խնդիր ունի։

«Փառք Աստծո, հիմա ինքնուրույն կարողանում է քայլել, սակայն ուտելուց օգնության կարիք ունի, մատները չեն աշխատում, նրան անաշխատունակ են ճանաչել, վիրահատություն է սպասվում՝ քթի և մատների։ Ամուսինս Շուշիից է, այնտեղ ամեն ինչ կորցրեցինք, կորցրեցինք նաև Ստեփանակերտի տունը»,- պատմեց մեր զրուցակիցը։

Այսօր Նելլին ամուսնու, երկու անչափահաս երեխաների ու տատիկի հետ բնակվում է բարեկամի տանը՝ Արմավիրի մարզում՝ Քարակերտ գյուղում։ Արցախում ունեցել են ամեն ինչ՝ տուն, աշխատանք, բռնի տեղահանվելուց հետո ոչինչ չեն վերցրել՝ բացի մեկ հագուստից, որն այդ պահին կրել են։

«Օրը մեջ գնում ենք Այրվածքաբանական հիվանդանոց, որպեսզի ամուսնուս վիրակապերը փոխեն։ Վարժություններ են անում ձեռքերի աշխատանքի համար, այսինքն՝ մեզ ամեն օր մարզից Երևան հասնելու համար գումար է պետք։

Հիմա առանձին տուն ենք գտել, ուզում ենք տեղափոխվել Նորագավիթ, որպեսզի Այրվածքաբանական հասնելը հեշտ լինի, ու գոնե կարողանամ որևէ աշխատանք գտնել, ինքս վարսահարդար եմ։ Հիմա ամեն ինչի կարիք ունենք, որովհետև որևէ բան չունենք, եթե տեղափոխվենք այլ տուն, նույնիսկ մեկ բաժակ չունենք։

Ընդամենը չորս վերմակ ու չորս բարձ ունենք, դա էլ այստեղ օգնություն են տվել։ Մեր փաստաթղթերը թողել ենք Ստեփանակերտում՝ ծննդականը ու ամուսնության վկայականը, դրա համար հաշվառված չենք, մեկ ամիս դեռ անհրաժեշտ կլինի, որ գրանցվենք հաշվառման համար, որ հասկանանք՝ ամուսինս հաշմանդամության գումար ստանալո՞ւ է, թե՞ չէ»,- եզրափակեց Նելլի Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս