Պետություն, որը կորցնելու ոչինչ չունի
Վերջին շրջանում ավելի հաճախ հնչող հարցը՝ մինչև ո՞ւր կարող է տանել Նիկոլ Փաշինյանը Հայաստանը, և ո՞րն է նրա իրական նպատակը, ստույգ պատասխան չունի։
Ավելին՝ մեծ է վտանգը, որ այդ հարցի պատասխանի բացահայտման ժամանակ կարող է այլևս Հայաստանը չլինել կամ չլինել առնվազն այսօրվա տեսքով։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները նման են կորցնելու ոչինչ չունեցող մարդու վարքագծին։ Նա վաղուց անցնել է անդառնալիության կետը և առանց իշխանության չի պատկերացնում իր կյանքն ու գործնականում առաջնորդվում է «մահ կամ իշխանություն» սկզբունքով։
Ողբերգականն այն է, սակայն, որ ոչինչ չկորցնելու սկզբունքը նա գործնականում տարածել է ամբողջ պետության ու հասարակության կյանքի վրա։ Նրա վարած քաղաքականության արդյունքում Արցախի 120 հազար քաղաքացիները հայտնվեցին իրավիճակում, որ այլևս, սեփական կյանքից բացի, կորցնելու ոչինչ չունեն։
Հիմա նույն քաղաքականությունը Փաշինյանը վարում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հանդեպ։ Նա առաջարկում է կյանք, որում այդ մարդիկ այլևս կորցնելու ոչինչ չեն ունենալու։ Եվ լայն իմաստով այդ սկզբունքը նա կիրառում է ողջ երկրի հանդեպ, և որքան էլ սարսափելի է հնչում, այս քաղաքականության շարունակության դեպքում ոչինչ չկորցնելու ախտանիշը կարող է հասնել ընդհուպ Երևանին, և վերջնարդյունքում՝ Հայաստանը կարող է վերածվել մարդկանց հավաքականության, որոնք կորցնելու ոչինչ չունեն։
Պատահական չէ, որ այս ողջ գործընթացին զուգահեռ՝ քարոզչական բոլոր միջոցներով ընթանում է կյանքի անհատականացման ֆետիշացում։ Երջանկությունը, բարեկեցությունը, լավ կյանքը ներկայացվում է միայն անձի, նրա ընտանիքի սեփականության, աշխատանքի, հարկ վճարելու տեսքով։ Այդ արժեքները, իհարկե, կարևոր բաղադրիչներ են մարդու կյանքում, բայց պատկերը միանգամայն այլ է, երբ դրանք հակադրվում են հավաքական, համահասարակական արժեքներին, ինչպիսին է հայրենիքը, պետությունը՝ դրա ոչ փաշինյանական մեկնաբանությամբ։
Արդյունքում, մարդկանց մեջ սերմանվում է հոգեբանություն, որ պետք է պայքարել միայն նրա համար, ինչն անձնապես, անհատապես է իրենց պատկանում, կամ ինչի համար նրանք ունեն «կադաստրի վկայական»։ Մնացածը ներկայացվում է՝ որպես երկրորդական, անկարևոր։
Եվ այս համատեքստում հայրենիքը հակադրության մեջ է դրվում ոչ միայն պետության, այլև ամենայնի հետ, ինչը մարդկանց համար հասցեական է, ու նրանց առաջարկվում է ընտրություն կատարել մոտավորապես նման երկընտրանքներում՝ «Հայրենի՞ք, թե/կամ բնակարան», «Հայրենի՞ք, թե/կամ ավտոմեքենա», «Հայրենի՞ք, թե/կամ երջանկություն»։ Քարոզչության թաքնված ուղերձն այն է, որ բոլոր այս երկընտրանքներում պետք է ընտրել այն, ինչը միայն անհատապես է իրենց պատկանում։
Արդյունքում՝ ստեղծվել է մթնոլորտ, երբ մարդիկ տնօրինում են միայն իրենց պատկանողը և պայքարում են դրա համար, իսկ Նիկոլ Փաշինյանը տնօրինում է այն, ինչի համար մարդիկ պատրաստ չեն պայքարել, բայց ոչ թե պայքարում է դրա համար, այլ հանձնում է դա՝ պահպանելու համար այն, ինչն անհատապես իրեն է պատկանում՝ իշխանությունը։
Հայաստանը հետևողականորեն վերածվում է պետության, որը կորցնելու ոչինչ չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է սկզբունքով, ըստ որի՝ կորցնելու ոչինչ չունի, բացի իշխանությունից։
Հետևաբար՝ հասարակության խնդիրն է՝ անել առավելագույնը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կորցնի այն, ինչը չկորցնելու համար Հայաստանը դարձնում է կորցնելու ոչինչ չունեցող պետություն։
Հարություն Ավետիսյան