Դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի կենտրոն. Հետևանքները չեն ուշանալու. Թադևոս Ավետիսյան

Ռուսաստանը հայկական բանկերի կողմից «Միր» ռուսական քարտի սպասարկումը մերժելու որոշումը համարում է Հայաստանի վրա ամերիկյան աննախադեպ ճնշումների հետևանք. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր այսպես մեկնաբանել ՌԴ-ին ուղղված ՀՀ որոշումը՝ հավելելով.

«Մենք բազմիցս ասել ենք, որ շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների առումով, և, իհարկե, տնտեսական հաստատությունները՝ ընկերություններ, բանկեր և ֆինանսական այլ կառույցներ, միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար»:

Այս թեզը շտապեցին հերքել ՀՀ իշխանական ու մերձիշխանական շրջանակի տարբեր ներկայացուցիչներ՝ պարզաբանելով, թե դա մասնավոր ոլորտի որոշումն է, և Հայաստանի կառավարությունն ու պետությունը կապ չունի դրա հետ, որ սա բացառապես տնտեսական ռիսկերով է պայմանավորված:

Տնտեսական ու քաղաքական տարբեր շրջանակներ, այդուհանդերձ, աչք չեն փակում ստեղծված իրավիճակի քաղաքական համատեքստի վրա ու ահազանգում դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքների մասին նաև:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նկատեց. «Վատ է, որ մենք արդեն դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի ու բախումների կենտրոն: Հետևանքները չեն ուշանալու: Եթե դու արգելում ես որևէ երկրի, հատկապես՝ հիմնական առևտրային գործընկեր-երկրի վճարային գործիք քո երկրում, պետք է սպասես հայելանման արձագանք այդ երկրից:

Տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ԵԱՏՄ-ն ու ՌԴ-ն ինչ մեծ ազդեցություն ունեն մեր երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից. վերցրեք ներկրվող ռեսուրսները՝ գազ, նավթամթերք, նայեք ՀՀ արտահանման հիմնական ուղղությունները, և դրան գումարած՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների մեջ նորից առյուծի բաժինը հենց ռուսական կապիտալինն է: Այսինքն, այդպիսի անհաշվարկ ու արկածախնդիր քայլերն ունենալու են հետևանքներ, իսկ դրանց ազդեցությունը միայն «Միր» քարտի դեպքով չեն սահմանափակվի»:

Իսկ «ՄԻՐ» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը, ըստ Թադևոս Ավետիսյանի, լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի արտահանողների, Հայաստանում ապրող ռելոկանտների համար, ինչպես նաև խնդրահարույց կդարձնի ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների պրոցեսը՝ մինչդեռ արտասահմանյան փոխանցումների 70 տոկոսը դարձյալ ՌԴ-ից է:

Այս որոշումը դիտարկելով տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունների համատեքստում՝ տնտեսագետը շեշտեց, որ դիվերսիֆիկացիան չի նշանակում՝ հիմնական ուղղությունդ վտանգի դնես և դրա փոխարեն՝ ինչ-որ ուղղություն զարգացնես:

«Ակնհայտ է, որ մեր հիմնական առևտրային գործընկերոջ հետ (որի հետ 50 տոկոսից ավելի մեր արտաքին առևտուրն ենք իրականացնում) տարբեր աշխարհաքաղաքական խաղերով, ճնշումներով պայմանավորված՝ փորձում են ինչ-որ անհասկանալի մանևրներ իրականացնել: Սա անհետևանք չի մնալու. ի վերջո, այն երկնիշ տնտեսական աճերով, որով գլուխ էին գովում 2022-2023 թվականներին, առյուծի բաժինը հենց այդ գործոնի ու ուղղության հաշվին էր: Թե ինչու են այժմ այսպես վարվում. շատ պարզ պատճառով, որովհետև այսօր իրենց քաղաքական խմբակի՝ իշխանության մնալու, իրենց նեղ անձնական շահերը հակադրված են պետական ու ազգային շահերին»:

Հիշեցնենք՝ «Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում այս համակարգը հայտնվել էր Միացյալ Նահանգների պատժամիջոցների թիրախում: Դեռ 2022 թվականին Կրեմլը նույնկերպ էր մեկնաբանել նաև «Միր» քարտերից թուրքական բանկերի հրաժարումը:

Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում էր ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ «Միր»-ի քարտապանները գործարքներ կկարողանան անել միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա»-ով։

Տեսանյութեր

Լրահոս