«Թող Գլխավոր շտաբը մտածի՝ ոնց պիտի մտնեմ Կիրանց». Իշխանության հերթական մեսիջը՝ Տավուշից տարածքների հանձնման պատասխանատվության տակից պիտի բանակը դուրս գա
2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո, երբ մի կողմից՝ Փաշինյանն այն համարեց ռազմական հեղաշրջման փորձ, մյուս կողմից՝ փորձեց կատարվածը տեղափոխել իր և Օնիկ Գասպարյանի անձնական հարաբերությունների ու իր «չարդարացված» վստահության դաշտ, 168.am-ը գրել էր, որ դա ոչ թե երկու իջևանցիների անձնական կռիվ է, այլ հանուն բանակի և բանակի դեմ կռիվ:
Այսինքն, առնվազն ԳՇ հայտարարությունը բովանդակային առումով ո՛չ քաղաքական էր, ո՛չ էլ ռազմական հեղաշրջման փորձ, այլ՝ սահմանադրորեն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կատարելու իրավունքի մասին էր:
Այլ հարց է, որ ամեն ինչ ավարտվեց միայն իշխանությունների երեսին կուտակվածը «շպրտելով», որի համար հրապարակավ առիթ էր հանդիսացել այդ ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ «վտանգավոր ծիծաղի» պատճառով պաշտոնազրկումը, բայց դա պահի հայտարարություն, իհարկե, չի կարելի համարել:
Իսկ 2023 թվականի հունիսի 28-ին գեներալ Գասպարյանը, պատասխանելով իշխանությունների՝ տարբեր ժամանակներում հնչեցրած դավադրության տեսություններին, ավելի հեռուն էր գնացել հայտարարության պատճառի մասով՝ նշելով.
«Ինչ վերաբերում է 2021 թվականի փետրվարի 25-ին գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ` գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել»:
Այսինքն, ԳՇ նախկին պետը ոչ միայն հաստատել էր մեր պնդումը, որ 2021 թվականի Զինված ուժերի պահանջ-հայտարարությունն անձնական դաշտում չէր, և ոչ էլ նույնիսկ բանակի դեմ Փաշինյանի քայլերի, այլ ավելի խորքային պատճառներ ուներ, որոնք արդյունք էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ելքի և հետպատերազմյան Փաշինյանի որոշման՝ հայկական զորքերը միակողմանի հետ քաշել Սյունիքից:
Ի դեպ, Օնիկ Գասպարյանը Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ ամիս առաջ ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, խոստացել էր, որ բանակն անզիջում պայքար է մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:
«Թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու»,- շեշտել էր նա:
Բնականաբար, բանակն է այն ուժը, որը պարտավոր է կասեցնել թշնամու ոտնձգությունները, նաև՝ բանակը պարտավոր է կասեցնել այն քաղաքական որոշումները, որոնք կխոչընդոտեն իրեն կատարել իր սահմանադրական պարտականությունը:
Ի վերջո, պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, և հենց այս տրամաբանությունից էլ պետք է բխի ցանկացած գործողություն և այսօր ավելի, քան երբևէ:
Բանակը չպետք է թույլ տար և այսօր էլ թույլ տա, որ Նիկոլ Փաշինյանը պետության ամբողջ գործառույթն իրեն վերապահի՝ անտեսելով պետական կարևորագույն ինստիտուտների գոյությունը:
Նիկոլ Փաշինյան անձը, ում պետության և այն կառավարելու մասին պատկերացումները տիկտոկյան զրույցների շարք վարելով է սահմանափակվում:
Ի դեպ, «Զրույցներ պետության մասին» վերտառությամբ տիկտոկյան եթերներից մեկում Փաշինյանը խոսել է ինքնիշխանության և դրա համատեքստում քաղաքացու իրավունքների և պարտականությունների մասին։
Իսկ ինքնիշխանության առաջին գրավականն ուժեղ և մարտունակ բանակի առկայությունն է, և ՀՀ քաղաքացին պետության նկատմամբ քաղաքացիական պարտք ունի, բայցև պաշտպանված լինելու իրավունք:
Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Պետության մասին զրույցներ վարող Փաշինյանը ոչ միայն ՀՀ քաղաքացուն է զրկում պաշտպանված լինելու իրավունքից, այլև բանակին՝ պաշտպանելու, ինչից չի կարող չվնասվել ՀՀ ինքնիշխանությունը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բանակը չպետք է տարածաշրջանային անվտանգային հարցերում առաջնային դերակատարում ունենա, այս դեպքում՝ պետք է ունենալ ուժեղ ռազմական դիվանագիտություն և արտաքին քաղաքականություն, որը չի թողնի, որ գործը հասնի բանակին: Բայց ի՞նչ է ասում ՀՀ իշխանությունը՝ տարածքները տանք, որ խաղաղություն լինի, բայց պատերազմը չի բացառում անգամ այս դեպքում, և չնայած սրան, ամեն օր թուլացնում է բանակի դիմադրողականությունը, ԶՈՒ-ին փորձում է սահմանապահներով փոխարինել կարևորագույն հատվածներում, երբ չկա երաշխիք՝ արդյո՞ք քո դիմաց ևս սահմանապահ է կանգնելու դե ֆակտո, իսկ եթե անգամ կանգնի էլ, արդյո՞ք զինվածության նույն աստիճանն է լինելու հայ և ադրբեջանցի սահմանապահի դեպքում:
Մի առիթով Փաշինյանը հայտարարել էր, որ քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ․ խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ: Սա, եթե երկկողմանի հավասարակշիռ գործողություններ արվեն: Բայց, եթե քո ամուր դիրքերը վաղն անցնելու է թշնամուն, իսկ դու զրոյից սկսես բնագիծ կառուցել սահմանապահ կանգնեցնելու համար, դա չի կարող խաղաղություն ապահովել: Եվ ոչինչ, որ ամեն առիթի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսք է բացում ամրացված շրջանների մասին: Կարիք կա՞, ըստ ԱԺ կայքում ներկայացված կենսագրական տվյալների՝ 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եղած մարդուն բացատրել առաջնագծի և ամրացված շրջանների, երկրորդ և երրորդ գծի տարբերությունը:
Իսկ ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո և այսօր չեն մտածում հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերը համալրել արդիական տեխնիկական միջոցներով՝ բարձրացնելու մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը: Ինչո՞ւ ԶՈՒ զինծառայողների փոխարեն սահմանապահ կանգնեցնելու փոխարեն՝ չեն խոսում մոբիլ կամ գրոհային խմբերի մասին, խիստ չափանիշներով պայմանագրայիններով համալրելու և այլնի մասին, երբ դիմացդ կանգնած հակառակորդը թուրքական մոդելի բանակ է սարքում, և դրանից չի պատրաստվում հրաժարվել: Փոխարենն այս իշխանությունները քանդում են թշնամուն զսպող պաշտպանական ամուր գծերը, որի պատասխանատվությունը, ինչպես արդեն գրել ենք՝ կրելու է բանակը:
«Ֆակտորի» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը, ով ընտանեկան խնդիրների պատճառով չի մասնակցել Փաշինյանի հետ իշխանական խմբակցության քննարկմանը, որտեղ խոսվել է «անկլավների» և դիրքերի հանձնումից, ըստ էության, ակնարկել է, որ Սահմանադրությունը թույլ է տալիս հանրաքվեի ճանապարհով նման հարցերը կարգավորել, բայց հասարակության հետ երկխոսությունը չեն հասցրել այն մակարդակի, որ նրանց համար իշխանության տրամաբանությունն ընկալելի դառնա՝ «մեր եղածից ոչինչ չի հանձնվելու»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե այսօր հանրաքվե արվի այս հարցով, իշխանության սցենարը բավարար ձայներ չի հավաքի: Նշանակում է՝ քաղաքական ընդդիմությունը ևս անելիք ունի:
Բացի այդ, իշխանական պատգամավորը հաստատել է իրենց ընդդիմախոսների և մասնագետների պնդումները, որ 1926 թվականի քարտեզում նույնիսկ միջանցքի խնդիր չկար:
Ինչո՞ւ իշխանությունը չի օգտվում այս քարտեզից. Անդրանիկ Քոչարյանի փաստարկը թույլ է՝ տարիների ընթացքում այդտեղ նկարագրված սահմանը փոխվել է, միջգյուղական արոտավայրերը մեկից մյուսին են անցել, գետերի հուներն են փոխվել և այլն: Քոչարյանի խոսքով, հայկական կողմի առաջարկած 1975 թվականի քարտեզի շուրջ էլ կոնսենսուս չկա, միաժամանակ, ըստ նրա, փաստ է՝ մեր գյուղերը տվողը հանցագործ է դառնալու: Կա՞ այստեղ մեսիջ, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա:
Իսկ «Ֆակտորի» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով դիտարկմանը, որ Կիրանց գյուղ չի կարողանալու մտնել, հաստատել է մեր վերոնշյալ այն պնդումը, որ Փաշինյանի քաղաքական որոշման հետևանքների վերացումը բանակի «ուսերին» է մնալու:
«Թող Գլխավոր շտաբը մտածի, թե ոնց պիտի մտնեմ: Ճանապարհը կունենա օգտագործման հնարավորություն, էսպես կօգտագործվի, թե էնպես, Գլխավոր շտաբը, մեր անվտանգային ինժեներական տրամաբանությունից ելնելով, կնախանշի մեր անվտանգային ինժեներական ուղղությունները»,- նշել է Քոչարյանը՝ ընդունելով, որ բնագիծը երկարում է:
Այսինքն, դիրքերը հանձնելուց բանակի խոսքն առաջնային արժեք չունի, բայց հետևանքների հաղթահարման պատասխանատուն ՀՀ զինված ուժերն է:
Էդվարդ Ասրյանը, որ լրագրողների հետ զրույցում շեշտում էր իր զբաղեցրած պաշտոնի սահմանադրական կարգավիճակը, գիտակցո՞ւմ է իր՝ Փաշինյանի քաղաքական որոշումը կատարելու հետևանքները, դրա պատասխանատվության աստիճանը, նաև իր պաշտոնեական կարգավիճակը չօգտագործելու պատասխանատվությունը…
Իսկ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն այսօր ավելի վատ է, քան 2021-ի փետրվարի 25-ին, երբ Զինված ուժերը, այդ թվում՝ Ասրյանը, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը…